Լուսակերտցի Նորոն. Նկուղում, շների հետ և առանց ակնկալիքի (ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ)

Լուսակերտցի Նորոն. Նկուղում, շների հետ և առանց ակնկալիքի (ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ)

newmag-ը պատմում է Կոտայքի մարզի Արգել գյուղում ապրող Նորոյի մասին: Նա օտարացել է հասարակությունից և ինքնակամ բնակվում է քարանձավում:

– Ինչո՞ւ եք այստեղ ապրում:

– Չեմ ապրում, տանջվում եմ:

Ու հենց այստեղ խոսակցությունն ընդհատվեց, երկար ժամանակով: Նման պատասխանից հետո մի փոքր դժվար է որևէ ադեկվատ հարց մտածել: Անմարդկային ցուրտն էլ մի կողմից:

Թափառաշրջիկների ու խեղված ճակատագրերի, այն էլ Հայաստանում, կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Այս մեկը մի քիչ տարբեր է: Կոտայքի մարզի Արգել (առավել հայտնի, որպես Լուսակերտ) գյուղում է ապրում, կամ, ինչպես ինքն է ասում, տանջվում, փոփոլի Նորոն: Ազգանունը չգիտեր համագյուղացիներից ոչ ոք, նույնիսկ գյուղի դպրոցի ուսուցչուհին ու դասընկերները: Գրանցում էլ չուներ: Ապրում է լքված տան նկուղում: Նախկին տանտերերն առաջարկել էին նորոգել սենյակներից մեկը, սակայն Նորոն հրաժարվել է, նախընտրել է հենց նկուղը:

40-անց է: Դասընկերները պատմում են, որ դպրոցում շատ լավ էր սովորել: Յոթերորդ դասարանում մահացել է հարազատ եղբայրը: Երբ ծառայում էր խորհրդային բանակում, մահացավ մայրը: Զորացրվել է և տունը տեսել դատարկ: Նախկին մեծ ընտանիքից ոչ ոք չկար:

Երկու տարի անց այրում է հայրական օջախն ու սկսում թափառաշրջիկի կյանք վարել: Հրաժարվում է ցանկացած տեսակի օգնությունից՝ բացի սննդից: Գյուղապետը նույնիսկ առաջարկել է սենյակ տրամադրել, հրաժարվել է:

Տարել են հոգեբուժարան:Դուրս գրվելուց հետո էլ, ոչինչ չի փոխվել: Ասում են, ոչ մեկին երբեք չի վնասել, չի վախեցրել, գյուղից գողություն չի արել, երբեք ոչ մեկից ոչինչ չի ուզել: Այդ պատճառով համագյուղացիները Նորոյի նկատմամբ ագրեսիվ չեն և եթե չի հրաժարվում, հյուրասիրում են սնունդ, ծխախոտ, կամ ինչ պատահի:

Երկու շուն է պահում: Նրանց հետ էլ քնում է: Երբ մոտեցանք նկուղին, հրաժարվեց դուռը բացել, հարցերին պատասխանում էր լուսամուտից:

– Չե՞ք ուզում, որպեսզի նկարենք ձեզ:

– Ես մեկ է ոչ մի բան չեմ արել, ինչ ուզում եք նկարեք:

– Ուզում ենք զրուցել Ձեզ հետ, մի քանի հարց տալ:

– Ես ոչ մի բան չգիտեմ, ինչ հարց:

– Ինչո՞ւ եք այստեղ ապրում:

– Չեմ ապրում, տանջվում եմ:

ՀԳ. Լուսանկարները հրապարակվում են, քանի որ լուսանկարի հերոսը դրանց հրապարակմանը դեմ չի եղել:

Գրել կարծիք