Մոնիկա Բելուչի. Ես անընդհատ ապացուցում եմ, որ սիրուն եմ, բայց ոչ հիմարիկ

Մոնիկա Բելուչի. Ես անընդհատ ապացուցում եմ, որ սիրուն եմ, բայց ոչ հիմարիկ

newmag-ը ներկայացնում է Մոնիկա Բելուչիի հարցազրույցը The Talks պարբերականին` մայր լինելու, գեղեցկության պարտադրած կանոնների ու դերասանական կարիերայի մասին:

– Տիկին Բելուչի, Ձեզ ավելի շատ աշխատանք են առաջարկում, որովհետև Դուք գեղեցի՞կ եք:

– Գիտեմ, որ գեղեցկությունը որոշ հետաքրքրություն առաջացնում է: Բայց Օսկար Ուայլդն ասում է՝ գեղեցկության կյանքը 5 րոպե է, եթե ուրիշ ոչինչ չունես այդ հետաքրքրությունը պահելու համար: Չեմ կարծում, որ ես այսպիսի կարիերա կանեի, եթե միա՛յն գեղեցիկ լինեի: Ռեժիսորները ոչ թե գեղեցկության, այլ տաղանդի համար են հրավիրում նկարահանման:

– Արտաքին տեսքը երբևէ խոչընդոտ եղե՞լ է Ձեզ համար:

– Այո, իհարկե, հատկապես որ ֆեշն-աշխարհից եմ գալիս: Դա կրկնակի խնդիր էր. մոդան և գեղեցկությունն ամենավատ խոչընդոտներն են այս տեսակ կարիերայի համար: Որովհետև բոլորը մտածում են՝ սիրունիկ եմ, ուրեմն՝ հիմարիկ եմ: Բայց դա ընդամենը դիմակ է, որը պետք է կոտրես ու ցույց տաս, որ տակն ավելին կա: Պետք է ցույց տաս, թե ով ես, որպեսզի մյուսներին ստիպես բացահայտել քեզ:

– Դա՞ է պատճառը, որ հաճախ էքստրեմալ դերեր եք ընտրում:

– Գուցե:

– Դեռ զգո՞ւմ եք, որ ապացուցելու բան ունեք:

– Ոչ ուրիշներին, միայն ինքս ինձ:

– Իրո՞ք:

– Իհարկե: Պետք է անընդհատ աշխատել: Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է ինձ մոտ գալ նոր կամ ռիսկային գաղափարով, ես դա հաստատ կանեմ, եթե, իհարկե, հետաքրքրի ինձ: Ես սիրում եմ ֆիլմերը, որոնց մասին շատ են բանավիճում: Իմ ֆիլմերից կարող եմ նշել «Անդառնալիությունը», «Քրիստոսի չարչարանքները», «Մալենան»: Ես սիրում եմ մարդկության մութ կողմն ուսումնասիրել: Ահա թե ինչու եմ դերասան դարձել:

– Սիրո՞ւմ եք ժամանակ առ ժամանակ վերադառնալ այդ ֆիլմերին:

– Ոչ, երբեք չեմ կարողանում երկրորդ անգամ դիտել ֆիլմը: Կամ գուցե նայեմ շատ տարիներ անց: Հիշում եմ այդպես «Մալենան» նայեցի, զվարճալի էր նորից այն դիտելը: Շատ տարիներ են պետք նույն ֆիլմին վերադառնալու համար, որովհետև շատ դժվար է անկողմնակալ լինելը: Բացի այդ, ձանձրանում եմ ինձ նայելուց:

– Ձեր երեխաները զգո՞ւմ են Ձեր աշխատանքի ծանրությունը:

– Ոչ: Վերջերս աղջիկս ասաց. «Մայրիկ, ես ուզում եմ քեզ պես լինել: Չեմ ուզում աշխատել: Պարզապես ուզում եմ մայրիկ լինել, և որ դուստրս աշխատի, երբ մեծացնեմ նրան»: Հրա՜շք: Նա մտածում է, թե ես չեմ աշխատում: Ասում է՝ կյանքը գեղեցիկ է, քանի որ մենք միշտ հյուրանոցներում ենք կամ տանը: Ուղղակի հրաշալի է: Այնքան երջանիկ եմ: Սա նշանակում է, որ ես անընդհատ նրա հետ եմ:

– Մի օր նա կցանկանա՞ Ձեզ պես դերասանուհի դառնալ:

– Հուսամ՝ ոչ:

– Ինչո՞ւ:

– Որովհետև դա առանձնահատուկ աշխատանք է: Բայց եթե նույնիսկ նա ինձ ասի, թե ուզում է ասպետ դառնալ, չեմ ասի՝ ոչ: Կարծում եմ՝ գեղեցիկ է կյանքում ինչ-որ բանի հանդեպ կիրք ունենալը: Եթե նրա տարերքը դերասանությունն է, ուրեմն՝ պետք է անի:

– Ի վերջո, նա անհատականություն է…

–  Այո, եթե տարված է ինչ-որ բանով, հրաշալի է: Բայց չափազանց դժվար աշխատանք է. գեղեցիկ, բայց դժվար: Այնքա՜ն բանից պետք է գլուխ հանի: Այս գործով զբաղվելն ավելի հեշտ է, երբ ծնողներդ նույն դաշտից չեն: Վենսանի հայրը դերասան է, և նրա համար այնքա՜ն դժվար է եղել սեփական դեմքը գտնելը:

– Ձեր դեպքո՞ւմ էլ է այդպես եղել:

– Ես միանգամայն այլ ընտանիքից եմ սերում, հետևաբար իմ դեպքում ավելի հեշտ է եղել: Երբ ընտանիքում բոլորը դերասան են, ուրիշներին գուցե հեշտ է թվում, բայց իրականում շատ դժվար է:

Գրել կարծիք