Դժվարությունները հաղթահարում են նաև երգեր լսելով. ահա 10 ոգեշնչող եվ մոտիվացնող երգ

Դժվարությունները հաղթահարում են նաև երգեր լսելով. ահա 10 ոգեշնչող եվ մոտիվացնող երգ

Վազելիս, առավոտյան աշխատանքի պատրաստվելիս, նոր գործ սկսելիս, թե պարզապես փողոցում քայլելիս. երաժշտությունը ձեզ լրացուցիչ թևեր կարող է պարգևել

IT’S MY LIFE — BON JOVI

Խմբի թերևս լավագույն երգերից մեկն է սա: Հզոր էներգետիկայի, խորիմաստ բառերի, հոգին տակնուվրա անող երաժշտության և անշուշտ Ջոն Բոն Ջովիի ինքնավստահ ու հանդուգն կատարման շնորհիվ երգը արդեն շուրջ երկու տասնամյակ ոգեշնչում է սերունդներին: «Ես չեմ պատրաստվում լինել հերթական դեմքը ամբոխի մեջ, Դուք կլսեք իմ ձայնը, երբ ես գոռամ…»:

HEAL THE WORLD — MICHAEL JACKSON

Փոփ երաժշտության արքան մեկ անգամ չէ, որ իր երգերով հրավիրել է մարդկության ուշադրությունը երկրագնդի խնդիրների վրա: Այս բարի ու լուսավոր երգով նա կոչ է անում բոլորին դարձնել աշխարհը ավելի լավ վայր ապրելու համար: Բայց որպեսզի աշխարհն ավելի լավը դառնա, մենք նախևառաջ պետք է սկսենք ինքներս մեզնից:

SEVEN NATION ARMY – THE WHITE STRIPES

Այս երգը դարձել է սպորտային ամենահայտնի հիթերից մեկը: Այն ոգևորում է մարզիկներին խաղերից առաջ, ոգևորում է նաև հանդիսատեսին: Այն հնչում է թե NBA մրցաշարերի, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից առաջ: Այս ռիթմիկ երաժշտությանը զուգահեռ հնչում է Ջեք Ուայթի այն համոզմունքը, որ անգամ յոթ երկրների բանակները միասին չեն կարող իր «հախից գալ» և, անկախ ամեն ինչից, նա կանի իր գործը:

YOU RAISE ME UP — JOSH GROBAN

Ո՞ւմ եք դուք հավատում, ո՞վ է ձեզ ոգևորում, վստահեցնում, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Ո՞վ է այն մարդը, ում երախտապարտ եք ձեր նվաճումների ու հաջողությունների համար: Այս երգը հենց այդ շնորհակալության արտահայտությունն է ուղղված նրանց, ովքեր օգնում են մեզ ոտքի ելնել, երբ մենք ընկճված ենք, մարդկանց, ովքեր մեզ ավելի լավն են դարձնում: Secret Garden խմբի այս երգը համաշխարհային ճանաչում գտավ հենց Ջոշ Գրոբանի գեղեցիկ ու հզոր կատարման շնորհիվ:

EYE OF THE TIGER — SURVIVOR

Այս երգը գրվել է Սիլվեսթր Սթալոնեի՝ Ռոկկիի խնդրանքով, ով, եթե հիշում եք, ֆիլմում բաճկոն էր կրում, որի վրա դեղին վագր էր պատկերված: Երգը չափազանց հետաքրքիր է երաժշտության և խոսքերի առումով, որոնք առանձին-առանձին և առավել ևս միասին մոտիվացնում են, ոգևորում, ստիպում ընկնելուց հետո նորից ոտքի ելնել, չհանձնվել ու համարձակ քայլել առաջ: Հզոր վագրի պես դուք կարող եք քաղցած մնալ, բայց կուտակել ձեր էներգիան, սպասել ճիշտ հնարավորության և նետվել առաջ: Նա, ով համարձակություն է ցանում, քաղում է նաև փառք ու հաջողություն:

IMAGINE — JOHN LENNON

Այս ստեղծագործությունը Ջոն Լենոնի փորձերից մեկն է մարդկանց համախմբելու և ոգեշնչելու համար, որպեսզի նրանք ավելի լավ վերաբերվեն միմյանց և շրջակա աշխարհին: Շատերը կարծում են, որ Ջոն Լենոնը այս երգում կոչ է անում հրաժարվել ոչ այնքան նյութական բարիքներից, որքան այն բաներից, որոնք ծանրաբեռնում են միտքը՝ կարծրատիպերից ու նախապաշարմունքներից: Տեսահոլովակի մեջ Լենոնը նվագում է իր ճերմակ դաշնամուրի վրա, իսկ Յոկո Օնոն բաց է անում պատուհանները մեկը մյուսի հետևից՝ խորհրդանշելով ավելի լավ ապագայի հույսը:

I WILL SURVIVE — GLORIA GAYNOR

Գլորիա Գեյնորի այս համարձակ երգը սովորեցնում է, որ ինքնավստահությունն ու անկախությունը երբեք պետք չէ կորցնել: Անշուշտ, այս երգը առավել ոգևորում է ծանր բաժանումներից հետո, բայց այն կարող է տրամադրություն բարձրացնել և ոգևորել ցանկացած դժվար պահի:

LOVELY DAY — BILL WITHERS

Բիլլ Ուիթերսի փափուկ ձայնը և երգի՝ ոչ մի տեղ չշտապող տեմպը տրամադրություն են բարձրացնում, հատկապես այն օրերին, երբ եղանակն այնքան էլ արևոտ չէ: Բանն այն է, որ երգն ինքը այնքան լուսավոր է, որ այդ արևոտ տրամադրությունը փոխանցվում է ձեր հոգուն: Այս երգը հրաշալի տարբերակ է դրական էմոցիաներով օրը սկսելու համար:

WIND OF CHANGE –  SCORPIONS

Այս սքանչելի ստեղծագործության թողարկումից մեկ տարի առաջ քանդվել էր Բեռլինյան պատը, իսկ շուտով նաև Խորհրդային Միությունը քանդվեց: Այդ պատճառով Wind of change երգը ընկալվել է որպես Վերակառուցման, Սառը պատերազմի ավարտի հիմն և ամբողջ աշխարհում խաղաղության խորհրդանիշ։ Այս Փոփոխություններ քամին առ այսօր էլ գալիս ու տակնուվրա է անում ունկնդրի հոգին, ստիպում հավատալ իսկապես մեծ բաների: Scorpions խմբի այս հիթը հատկապես ազդեցիկ է, երբ այն լսում է ողջ լսարանը (օրինակ, թրեյնինգների ժամանակ), որովհետև երգը նաև համախմբող ուժ ունի:

PHARRELL WILLIAMS – FREEDOM

Սա թերևս վերջին տարիների ամենամոտիվացնող, տրամադրություն բարձրացնող երգերից մեկն է: Երգ, որը մղում է ապրել առանց սահմանափակումների ու կապանքների: Ֆարել Ուիլյամսը կոչ է անում պայքարել սեփական ազատության համար, դեմ դուրս գալ հասարակության մեջ ընդունված կարծրատիպերին: Ազատությունն առաջին հերթին պետք է դաստիարակել ինքներս մեր մեջ, աճեցնել այն, պետք է ազատ լինել շրջապատի կարծիքից, կողմնակի հայացքներից, գտնել ներդաշնակություն սեփական մտքերի ու ցանկությունների մեջ, լինել ազատ հիմա և այստեղ:

 

Գրել կարծիք