[newart] Նոր ուղղություն արվեստում` պարտադրում է ժամանակակից մարդը

[newart] Նոր ուղղություն արվեստում` պարտադրում է ժամանակակից մարդը

newmag-ը և Արվեստագիրը պատմում են Գալուստ Գյոդելի մասին: Նա ժամանակակից արվեստում նոր ուղղություն ձևավորեց. excessivism-ն առաջին վառ ու համակարգված շարժումն է 21–րդ դարում:

 «Excessivism-ը հազար տարին մեկ պատահող շաժում է` բառիս բուն իմաստով»
Gallereo
«Excessivism ֆենոմենի մասին պետք  է իմանա արվեստի յուրաքանչյուր կոլեկցիոներ»
Wide Walls

Արվեստում խոսք ասելու համար անհրաժեշտ է ժամանակին համընթաց լինել` սա արվեստում  արդիական լինելու կարևորագույն պայմանն է և այսպես է մտածում նկարիչ, արվեստագետ Գալուստ Գյոդելը: Արվեստը երևույթի գեղարվեստական ձևակերպումն է, խտացումը, հայացքն ու տեսակետը: Եվ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր ձևակերպումներն է բերում արվեստում: Հիմա, երբ արվեստն ուսումնասիրված ու պեղված է թվում, հավաքական ի՞նչ նոր մտածողություն կարելի է բացահայտել:  Բոլոր ժամանակներում էլ միշտ ասելիք կա` ըստ Գյոդելի:

«Մենք ապրում ենք կապիտալիստական համակարգում` երբ գլխավոր խնդիրը եկամուտ ապահովելն է անձնական ներդրողի համար -ասում է նա,– Եվ շատ անգամ մեր գործողությունները մեր որոշմամբ չեն, մենք արձագանքում ենք մեր շրջապատին, ինչը, որ մեզ գրավում է  ու ուղղորդում: Ստեղծվում են պայմաններ, նորաձևություն է հորինվում, վաճառքի տարբեր ձևեր են մտահղացվում: Շատ անգամ մենք չենք գիտակցում, որ դրանք մեզ պարտադրված են»:

Այս համակարգում երբ եկամուտ ապահովելը հիմնական գործոնն է, իսկ խրախոսվողը շռայլությունը, ինչպիսին կլինի դրա արտահայտումն արվեստում: Ըստ Գյոդելի, արվեստում այն նույնպես կլինի չափազանցված և շռայլված արտահայտչաձևերով:

Տնտեսական նյութապաշտությունից ծնված արվեստի ձևակերպման` Excessivism-ի, հիմնադիրը համարվում է Գալուստ Գյոդելը:

Վիկիպեդիայում Excessivism հոդվածը բացատրում է, որ դա նորագույն ուղղություն է արվեստում: Այն արտացոլում, ուսումնասիրում և քննում է ընդունված չափերից  արտահայտելու ցանկությունը:  Excessivism-ն արվեստում նույնպես ռեսուրսների չափազանցված օգտագործումն է, ներկի, նյութի, բառի կամ որևէ այլ եղանակով:

Եթե Gallereo հանդեսը համարում է, որ Excessivism-ը բացառիկ և հազար տարին մեկ հանդիպող իրադարձություն է արվեստում, ապա այն պատճառով, որ այն ոչ միայն ուղղություն է, այլ շարժում, որն ընդգրկում է կյանքի բոլոր ոլորտերը: Այդ շարքում, օրինակ` California Newswire-ը նախագահական թեկնածու Թրամփի քարոզչական արշավում չափազանցված խոսքը բնորոշել էր որպես Excessivism-ի արտահայտում: Այն ինչ`պատմականորեն, արվեստում ուղղություները կապված են եղել որոշակի արժեքների հետ:

«Պատմականորեն այն արվեստները, որոնք կարևոր հավաքածուների մասն են կազմում, ընդգրկված են եղել արվեստի շարժումների մեջ և իրենց ազդեցությունն են թողել հաջորդ սերնդի վրա,-ասում է Գալուստ Գյոդելը,- Անհատ արվեստագետները հասարական ընդհանուր կարծիք չեն ներկայացնում, ուղղությունը արդեն մասսայական կազմակերպված տեսակետ  է: Արվեստի շարժումները, ոչ թե անհատական, այլ հավաքական գիտակցության արտահայտություն են»:

Ինչպես որ հասարակությունն է առիթ դառնում արվեստում նոր հայտնագործություններ անելու համար, այնպես էլ արվեստն է օգնում բնորոշելու մարդկային հասարակությունը, իսկ շարժումն, ընդհանրապես շատ ավելի համամարդկային ու հասարակական բնույթ է կրում: Սա է արվեստում առաջնային խոսք ասելու արվեստագետի խնդիրը` արվեստի լեզվով բացահայտելու աշխարհը: Եվ ինչքան էլ թվա, որ ամեն ինչ արդեն բացահայտված է, միևնույն է այնքան ինչքան տարբեր է կյանքն` այնքան ավելի տարբեր են կյանքում հնարքները:

«Արվեստում նորությունը մարդիկ դժվարությամբ են ընդունում, այնինչ` արվեստագետը հենց այն մարդն է, ով ոչ թե կանխատեսում, այլ ժամանակին է գնահատում շրջապատող գործողությունները, -ասում է Գալուստ Գյոդելը, – հասարակությունն է, որ երբեմն ուշացնում է ընկալումը: Առաջադեմ արվեստն այնուհանդերձ ժամանակի հետ քայլող արվեստն է»: Հասարակարգը չի կարող գոյատևել առանց օրինաչափությունների և դրանք ձևակերպվելով միայն կարող են բնութագրել ժամանակային փուլը:Մենք այժմ արվեստի պատմությունը հիշում ու բաժանում ենք ըստ արվեստի ուղղությունների: Համակարգումը յուրաքանչյուր արվեստում հնարավոր է դարձնում կարևորել հիմնականը, նշել նորարությունը և շեշտել մտածողությունը: Արվեստագետի միջամտությունը այստեղ համակարգային մտածողության սահմանումն է:

«Գալուստ Գյոդելը ժամանակի ամենաառաջադեմ արվեստագետն է, – ասում է «Անզոհ» ցուցասրահի տնօրեն, նկարիչ Զոհրապ Քըմքըմեանը, –նրա համար նորի բացահայտումը ստեղծագործական լուծումներ հայտնաբերելու ճանապարհն է»: Շարժման գաղափարը Գալուստի մոտ առաջ եկավ նրա դեռևս նախորդ շրջանի աշխատանքերում: Դրանցից մեկը Լոնդոնի հանրահայտ Սաաչի անձնական հավաքածուի մշտական մասն է կազմում:

Գալուստ Գյոդելի աշխատանքները գրեթե քանդակային մտածողություն ունեն` իրենց տարածական չափերով: Այնքան որքան երևակայությունն է անսահման` այդքան էլ անկաշկանդ է Գալուստի ստեղծագործական մոտեցումը: Մատերիան դուրս է հորդում կտավի շրջանակից, ծալքեր առաջացնում, շրջվում, պտտվում, տարածություններ ստեղծում: Շրջանակը նրա համար սահմանված տարածք չէ: Նույն օրինաչափություները, օրինակ նյութի շռայլ օգտագործումը, պարզվեց, որ կրկնվում է բոլոր ասպարեզներում: Ծնվեց ուղղության գաղափարը` որը, հիմա արդեն հիմնավորված է իր մանիֆեստով, համակիրներով, և նաև խրախուսվում է միջազգային մամուլի արձագանքով: Իսկ ամերիկացի հայտնի արվեստաբան Շանա Նիս Դամբրոդը իր վերլուծականում հստակորեն հիմնավորեց Excessivism-ի դերը ժամանակակից արվեստում:

Excessivism-ի հիմնադիր ցուցադրությունը տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերին` LA Artcore-ում և ներառեց 21 արվեստագետների աշխատանքեր: Այդ շարքում նաև` Սամվել Սաղաթելյանի և Զատիկ Զատիկյանի գործերը: Նյութի ընդգծված օգտագործմամբ գաղափարի փոխանցման ձևն` այս արվեստագետներին ընդհանրացնող բնորոշումն է: Նույն շարքում հայ և համաշխարհային արտիստների գործերը նայելով` ակնհայտ է դառնում ընդհանրությունները և «Excessivism» սահմանումն էլ ընկալելի:

Արշիլ Գորկին վերացական էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից է, որի շնորհիվ նրա թողած ժառանգությունն էլ ընկալվեց որպես բացահայտում: Նրա ստեղծագործությունը չէր լինի այնքան ծանրակշիռ ու վառ, եթե այն չընկալվեր իր հիմնադրած վերացական էքսպրեսիոնիզմի շրջանակում: Գալուստ Գյոդելը հաջորդ հայն է, ով արվեստում շարժում ձևակերպեց: և Excessivism-ն արդեն փաստ է, իրողություն, առաջին վառ ու համակարգված շարժումը 21–րդ դարում:

Հեղ.` Անի Թադեվոսյան

Գրել կարծիք