Տարվա գլխավոր բիոֆիլմը. օսկարակիր Միշել Ազանավիչուսը ներկայացրել է «Երիտասարդ Գոդարին»` Լուի Գարելի դերակատարմամբ

Տարվա գլխավոր բիոֆիլմը. օսկարակիր Միշել Ազանավիչուսը ներկայացրել է «Երիտասարդ Գոդարին»` Լուի Գարելի դերակատարմամբ

Օսկարակիր «Արտիստի» ռեժիսորը Կաննում ներկայացրել է իր կինոպատումը եվրոպական կինոյի հսկայի մասին: Երիտասարդ Ժան Լյուկ Գոդարի դերում Լուի Գարելն է:

Ժան-Լյուկ Գոդար. ֆրանսիական Նոր ալիքի կարկառուն ներկայացուցիչ, հիմնասյուն, կինոհսկա, նախկինում՝ կոնֆլիկտասեր նոն-կոմպրոմիստ, այսօր՝ կենդանի լեգենդ և մենակյաց։

Լուի Գարել. ժամանակակից եվրոպական կինոյի սեքս-խորհրդանիշ, զուսպ դիմախաղ, հիշվող դիմագծեր և փարթամ սանրվածք։

Միշել Ազանավիչուս. կինոխուլիգան և էքսպերիմենտատոր, կատակերգու և սինեֆիլ, որն իր «Արտիստով» խոսեց կինոնոստալգիայի մասին, հիշեցրեց, թե որտեղից է ամեն ինչ սկսվել։


ԿԱՆՆ – 70. ՕՐԱԳԻՐ


Եթե «Արտիստը» յուրահատուկ ռեվերանս-օմաժ էր ուղղված Չապլինին, Լինդերին և Քիթոնին, ապա «Երիտասարդ Գոդարը» Նոր ալիքի և դրա ամենավառ ներկայացուցչի մասին է ՝ մսյո Ժան-Լյուկ Գոդարի։ Այն Գոդարի, որը շնչում էր 68 թվականի հեղափոխական օդով, ապրում մաոյական գաղափարներով և աջ ու ձախ վիրավորում կոնսերվատորներին հակաբուրժուական սրամտություններով։ Այդ շրջանում Գոդարի կյանքում կար միայն մեկ կին՝ երիտասարդ դերասանուհի Անն Վյազեմսկին, ում հետ լեգենդար ռեժիսորն ապրել է շատ կարճ, բայց բուռն կյանք։

Ազանավիչուսի «Գոդարն» ավելի շուտ վիրտուալ է, քան իրական։ Գարելը սայթաքում է, ընկնում է միտինգավորների ոտքի տակ, քսան րոպեն մեկ կոտրում է ակնոցը, ջղայնանում է, երբ երկրպագուները հետաքրքրվում են՝ ե՞րբ է վերջ ի վերջո վերադառնալու հին շրջանին և նկարելու թեթև ֆիլմեր, չէ՞ որ կյանքն առանց դրա էլ բարդ է, գորշ և տխուր, իսկ մարդկանց անհրաժեշտ է դրականը, գոնե կինոթատրոնում։

Սթեյսի Մարտինը (Վյազեմսկի) ստեղծել է հանդուրժող, սիրող և նվիրվող Վյազեմսկու կերպար, Գարելը՝ գրոտեսկային Գոդարի, Հազանավիչուսն իր հերթին լցրել է ֆիլմի գոդարական ատրիբուտիկայով՝ գլուխների բաժանվող պատում, «չորրորդ պատի» ճեղքում (երբ ֆիլմի հերոսը դիմում է հանդիսատեսին), «Ինստագրամ» հիշեցնող ֆիլտրեր, որոնք վարպետ Գոդարը կիրառում էր դեռ կես դար առաջ։ Սա ոչ թե Գոդարի մասին ֆիլմ է, սա Գոդարի և Վյազեմսկու համատեղ կյանքի պատումն է. Ազանավիչուսը և, հավանաբար, դեռ ոչ ոք չի հանդգնի նկարել ֆիլմ՝ ընդգրկելով մաեստրոյի ամբողջական դիմանկարը։

«Երիտասարդ Գոդարը» բուրում է ֆրանսիական փողոցներով, ամուսինների բուդուարով և զվարճեցնում է ավելի հաճախ, քան էկրանային Գոդարը կոտրում է իր հիմնական ակնոցը։

Գրել կարծիք