[ Արդեն դիտել ենք ] Մարտին Սկորսեզեի «Լռությունը».  Հուսահատ զրույց Աստծո գոյության մասին

[ Արդեն դիտել ենք ] Մարտին Սկորսեզեի «Լռությունը». Հուսահատ զրույց Աստծո գոյության մասին

newmag-ի կինոքննադատը Սկորսեզեի նոր ֆիլմի մասին: Ռեժիսորն այն ցանկանում էր նկարել 1990-ին: Էնդոյի վեպը էկրանավորելուն Սկորսեզեն մոտ էր նաև 1997-ին, 2004-ին ու 2009-ին: Հիմա «Լռությունը» կինովարձությում է:

17-րդ դար, Մակաո։ Ճիզվիտների հայր Ռոդրիգեսը (Էնդրու Գարֆիլդ) ու հայր Գարուպեն (Ադամ Դրայվեր) ուղևորվում են բուդդիստական Ճապոնիա, որտեղից չի վերադարձել իրենց ուսուցիչ հայր Ֆերեյրան (Լիամ Նիսոն)։ Ճապոնիայի իշխանությունը ժամանակին արգելել է օտարազգիների կրոնի քարոզչությունը, այս դեպքում` քրիստոնեությունը, և այժմ յուրաքանչյուրը, ով չի ուրանում Քրիստոսին, արժանանում է տանջալից մահվան։ Քրիստոնյաների մի մասը փախել է Ծագող արևի երկրից, շատերը նահատակվել են հանուն հավատի, մյուսները, այդ թվում ըստ ասեկոսեների, նաև Ֆերեյրան, հրաժարվել են Քրիստոնեությունից։ Իրենց վտանգավոր ուղևորության համար Ռոդրիգեսն ու Գարուպեն գտնում են ոչ պակաս ռիսկային ուղեկցորդի՝ քրիստոնյա ձկնորս Կիտիդզիրոյին, որն արդեն մի անգամ փորձել է կրոնափոխ լինել:

«Լռությունը» ճապոնացի կաթոլիկ Սյուսակու Էնդոյի վեպն է, որն առաջին անգամ էկրանավորվել է դեռ 1971-ին։ Այդ պահից սկսած Մարտին Սկորսեզեն, ով մինչև ռեժիսորական աթոռը լրջորեն մտածում էր եկեղեցական կարիերայի մասին, ցանկացել է վեպը էկրանավորել։ Սակայն պրոդյուսերները թերահավատորեն էին մոտենում մոնումենտալ ֆիլմի ամերիկյան գաղափարին, որտեղ պետք է խորքային, ներքին կոնֆլիկտի մակարդակով ներկայացվի այլ ազգի պատմական և կրոնական պատմությունը։


[ Արդեն դիտել ենք ]


Մեծ հաշվով պրոդյուսերները ճիշտ էին. թեոլոգիական փիլիսոփայությունը Արարչի լռության մասին չի ենթադրում ամերիկացի վարպետի հայտնի ֆիլմերից ոչ մեկի կառուցվածքն ու ոճը։ Սկորսեզեի համար կրոնը կարևոր է, միսիոներությունը՝ ավելի շատ։ Սակայն եթե Դե Նիրոյի հերոսը «Տաքսու վարորդի» մեջ շրջապատված է մեծ քաղաքի աղբով, ապա հայր Ռոդրիգեսի որոնումը՝ փրկության և ուխտագնացության տարրերով, ենթադրում է ավելի շուտ դադարներ, քան աղմուկ և իրարանցում։

Նրա սյուժետային գիծը, որի վրա էլ դրված է ֆիլմի հիմնասյունը, սեփական «աստվածային» էության մասին է. պատահական չէ, որ նա ունի իր սեփական Հուդային, ով մեկ զղջում է իր մատնության համար, մեկ կրկին հրաժարվում կաթոլիկ հավատից՝ սեփական կյանքը փրկելու համար։ Սկորսեզեն բարձրացրել է գլխավոր հարցը. որտե՞ղ է Աստվածը և ինչու՞ է նա թույլ տալիս իր զավակների նմանատիպ փորձությունները։

Որտե՞ղ է սկսում ու վերջանում մեկի հավատը և որտե՞ղ է այն հատում մյուսի աստվածաբանական շեմը՝ խանգարելով սեփական գաղափարախոսությամբ։ Խոշորագիծ ձեռագրով, մանրամասն և դետալիզացված ռեժիսորը ներկայացնում է միջնադարը՝ սեփական կտտանքներով։ Էնդրյու Գարֆիլդը դիտվում է այդ իրականության մեջ չափից դուրս ժամանակակից, անգամ որոշ տեղերում ոչ այդքան համոզիչ, ցուցադրում է հանդուրժողականություն և թույլություն։ Բայց նման լայնաթափ էպոսի մեջ գլխավոր առաքյալի անկատար ներկայությունը պատահական չէ և դժվար թե պարզապես սխալ դերասան ընտրելու մեջ է, առավել ևս, որ ռեժիսորը մի քանի տասնամյակ պատրաստվել է այս ֆիլմին:

Սկորսեզեի նման ընտրությունն ու հայր Ռոդրիգեսի էկրանային կերպարն ավելի շուտ խոսում է ժամանակակից կրոնական, ազգային, սեռական, մարդասիրական և սոցիալ-քաղաքական շահերի ու բախումների հետևանքների մասին, և այն կենտրոնական կերպարի, որը հայտնվում է բարդագույն երկընտրանքի առաջ։ Իսկ կողքից ոչ մի հուշում և խորհուրդ. միայն լռություն։

Գրել կարծիք