[Շարունակությունը` գրքում] Ջոն Ստայնբեք. Ցասման ողկույզներ

[Շարունակությունը` գրքում] Ջոն Ստայնբեք. Ցասման ողկույզներ

newmag-ն ու Զանգակ հրատարակչությունը առաջարկում են կարդալ քսաներորդ դարի արգելված գրականությունից Ջոն Ստայնբեքի Ցասման ողկույզները վեպի առաջաբանը: Թարգմանությունը` Արամ Արսենյանի: Գիրքը վաճառքում է:

1

Վերջին անձրևները մեղմ ու մանրամաղ իջան Օքլահոմայի կարմիր դաշտերին և գորշ դաշտերի մի մասին ու անկարող եղան ճեղքել պնդացած հողը։ Գութանները հերկեցին ու վերահերկեցին առվափոսերը։ Վերջին անձրևները շատ արագ ծլեցրին եգիպտացորենի ցանքսը և ճանապարհի զույգ կողմերում մոլախոտի ու սիզաբույսերի կանաչ գորգեր փռեցին, իսկ գորշ ու մուգ կարմիր դաշտերը կորան կանաչ ծածկույթի տակ։ Մայիսի վերջին երկինքը դժգունեց, և ամպերը, որ գրեթե ամբողջ գարուն քուլա–քուլա, կուտակ կուտակի կախվել   էին երկնակամարում, տարրալուծվեցին–անէացան։ Արևն օրեցօր ավելի կիզիչ   էր և անխնա այրում   էր նորաբողբոջ եգիպտացորենը, մինչև շագանակագունեցին կանաչ ցողունների եզրերը։ Ամպերը հայտնվում ու չքանում   էին և որոշ ժամանակ անց այլևս չէին փորձում երևալ։ Կանաչ մոլախոտն ավելի   էր մգել՝ պաշտպանելու ինքն իրեն, և այլևս չէր տարածվում չորս կողմը։ Հողի երեսը խարկվել ու բարակ, ամուր կողինձով   էր պատվել, և քանի դեռ երկինքը դժգունում   էր, գունափոխվում   էր նաև հողը, կարմիր դաշտերը վարդագունել   էին, գորշ դաշտերը՝ ճերմակել։
Անձրևաջրերի բացած առվափոսերի մեջ հողը գնդվել, մանր ու չոր ցեխաշիթ   էր դարձել։ Գետնասկյուռներն ու մրջնառյուծները փոքրիկ հողաթմբեր   էին արարել։ Եվ մինչ կիզիչ արևն օր օրի ավելի   էր այրում, դալար եգիպտացորենի տերևներն այլևս պիրկ ու ձիգ չէին, նախ թեքվել–ծռվել   էին, իսկ հետո, քանի որ տերևաթերթին ամրություն տվող կենտրոնական երակաթելերը հետզհետե թուլացել   էին, տերևները խոնարհվել   էին։ Ապա եկավ հունիսը, և արևն ավելի անողոք այրեց։ Եգիպտացորենի տերևաեզրերի շագանակագույն գծերը լայնացան ու ձգվեցին, որ միանան կենտրոնական երակաթելերին։ Մոլախոտը թառամեց և կրկին դեպի արմատները քաշվեց։ Օդը մաքուր   էր, երկինքն ավելի   էր դժգունել, հողը նույնպես օրեցօր դժգունում   էր։
Ճանապարհներին, որոնցով մարդիկ   էին տեղաշարժվում, և անիվները տրորել   էին հողն, ու ձիերի սմբակները քանդել   էին գետինը, ցեխի չորացած կողինձը ճաքճքել ու փոշիացել   էր։ Ամեն երթևեկողի հետ փոշին օդ   էր բարձրանում, անցորդները փոշու բարակ շերտը հանում   էին մինչև իրենց գոտկատեղը, սայլերը՝ մինչև ցանկապատի գագաթը, իսկ ավտոմեքենաներն իրենց հետևից փոշու խիտ ամպեր   էին թողնում։ Եվ մինչև գետնին նստելը փոշին դեռ երկար   էր մնում օդում։
Երբ հունիսը կիսվեց, հսկայական ամպեր եկան Տեխասից ու Մեքսիկական ծոցից, ծանր ու սև ամպեր, անձրևաբեր ամպեր։ Դաշտերում աշխատող մարդիկ ամպերին նայեցին, հոտոտեցին օդը, թքոտեցին մատներն ու վեր պարզեցին, որ զգան քամին։ Քանի դեռ ամպերը կախված   էին երկնքում, ձիերը նույնպես անհանգիստ   էին։ Անձրևաբեր ամպերը թեթևակի մաղեցին և շտապեցին դեպի այլ երկրներ։ Դրանց հեռանալուց հետո երկինքը կրկին դժգունեց, և արևն այրում   էր։ Անձրևակաթիլներն ընկել և փոշու մեջ մանրափոսեր   էին բացել, տեղ–տեղ   էլ ջրջնել   էին եգիպտացորենի դաշտերը, և ոչինչ ավելի։
Անձրևաբեր ամպերին հաջորդեց թույլ քամին, որ երկնքում դեռ կախված ամպերը դեպի հյուսիս քշեց, քամի, որ մեղմիվ ճոճում   էր եգիպտացորենի արդեն թառամող ցողունները։ Մի օր ևս անցավ, և քամին ուժգնացավ, բայց փչում   էր հանդարտ ու համաչափ, առանց պոռթկումների։ Ճանապարհների փոշին օդ բարձրացավ և երկինք բռնեց և իջավ դաշտերի շուրջն աճած մոլախոտի վրա և դաշտերին հասավ։ Եվ քամին ուժ առավ ու թնդեց և սկսեց փշրել անձրևից հետո եգիպտացորենի դաշտերում հայտնված հողակողինձը։ Փոշու ամպերից երկինքը քիչ–քիչ մթագնեց, և քամին գետնին իջավ, ավլեց փոշին ու տարավ իր հետ։ Քամին հետզհետե ուժգնանում   էր։ Բոված հողակողինձը տեղի տվեց, և փոշին իր տակ առավ դաշտերն ու ծույլ ծխաքուլաների պես օդ հանեց մոխրագույն բմբուլե ամպերը։ Եգիպտացորենները խուլ շառաչյունով զարկվում   էին քամուն։ Նրբափոշին այլևս գետնին չէր նստում, անհետանում   էր մթամած երկնքում։
Քամին նոր թափ   էր առնում, մտնում   էր քարերի տակ, օդ   էր հանում հարդն ու խաշամը, նույնիսկ փոքրիկ հողակոշտերը, որոնցով նշում   էր իր ուղին դաշտերով նավարկելիս։ Երկինքը մթնել   էր, արեգակի կարմիրը հազիվ   էր նշմարվում, օդը հեղձուցիչ   էր։ Մի գիշերվա մեջ քամին սկսեց ավելի արագ վարգել հողի երեսին ու անասելի ճարպկությամբ խցկվել եգիպտացորենի արմատների մեջ, իսկ եգիպտացորենն այնքան պայքարեց արդեն տկարացած տերևներով, մինչև քամին քոքահան արեց, և ուժասպառ ցողունները մի կողմ շրջվեցին հողի վրա՝ ցույց տալով քամու ուղղությունը։

Գրել կարծիք