Բերմունդյան եռանկյունի, որի կենտրոնում փողն է. ինչո՞ւ տրանսֆերային շուկան այլեւս հետաքրքիր չէ

Բերմունդյան եռանկյունի, որի կենտրոնում փողն է. ինչո՞ւ տրանսֆերային շուկան այլեւս հետաքրքիր չէ

Միայն սառը ուղեղով կարելի է հասկանալ, թե ինչ պլաններ են գծում ֆուտբոլային չինովնիկները

Ամառվա շոգը հերիք չէ, խեղդվել կարելի է նաեւ մարզական լրահոսում: Փող, փող եւ դարձյալ փող… ֆուտբոլային տրանսֆերներն ու դրանց ձգձգվող գործընթացներն արդեն ձանձրացնում են:

Ֆիլտրել ու մարսել ճիշտ ինֆորմացիա, գրեթե անհնար է: Յուրաքանչյուր ֆուտբոլային երկրում տրանսֆերային պատուհանն ունի իր մշակույթը, եւ անընդհատ թարմացվող լրահոսին հարմարվելը դառնում է ձանձրալի: Ամառային տրանֆերային պատուհանի առանցքում 4 ֆուտբոլիստներ են. Կրիշտիանու Ռոնալդու, Կիլիան Մբապե, Ալվարտո Մորատա, Ռոմելու Լուկակու: Այս հինգը թեեւ տարբեր ակումբներում են, բայց շաղկապված են միմյանց: newmag-ը վերանայել ու ներկայացնում է բոլոր հնարավոր ուղություններն ու դրանց հետեւանքով ստացված քաոսը:

Կրիշտիանու Ռոնալդու

1 միլիարդ եվրո է պահանջում «Ռեալի» նախագահը աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար: Գումարի այս չափը տիեզերքից է վերցրած: Պորտուգալացուն ցանկանում են գնել մի քանի ակումբներ: Ամենաիրական ՊՍԺ-ն է: Սկզբում Ռոնալդուի տրանսֆերի վերաբերյալ խոսակցություններ շատ էին, հիմա սկսել են դադարել: Ինչո՞ւ: Այսպես, որքան էլ Ռոնալդուն անձեռնմխելի է դիտվում «Ռեալի» ղեկավարի աչքերով, ակումբը ցանկանում է ավելի երտիասարդ կազմ հավաքել: «Ռեալը» ցանկանում է գնել անցած մրցաշրջանի բացահայտում 18-ամյա Կիլիան Մբապեին:

Կիլիան Մբապե

Ֆրանսիացին երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ է «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն մի քանի խանգարող հանգամանք կա: Հարցը գումարը չէ: Եթե Մբապեն տեղափոխվի «Ռեալ», անպայման պետք է խաղա մեկնարկային կազմում: Համենայն դեպս, իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտիո Պերեսը վերջերս հայտարարել է, որ թիմի հարձակման եռյակն անձեռնմխելի չէ: Ստացվում է` մեկը կամ գուցե երկուսը պետք է հեռանան: Եթե Ռոնալդուն մնալու հավանականությունը մեծ է, ապա ինչո՞ւ պահեստայինների նստարանին պահել Ալվարո Մորատային:

Ալվարո Մորատա

Իսպանացին այդպես էլ չկարողցավ ապահովել իր տեղը հիմնական կազմում: Հաղթել Կարիմ Բենզեմայի հետ մրցակցությունը` չստացվեց, եւ երիտասարդ հարձակվողը հիմա ցանկանում է փոխել ակումբը: Մորատայի համար 75 մլն եվրո պատրաստ է վճարել «Մանչեսթեր Յունայթեդը», որը Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո ցանկանում է լուծել կենտրոնական հարձակվողի հարցը: Կարմիր սատանաները երկու քարի արանքում են. Ալվարո Մորատա, թե՞ Ռոմելու Լուկակու:

Ռոմելու Լուկակու

Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն գրեթե համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: Բելգիացի հարձակվողին նաեւ նկատել են Պոլ Պոգբայի հետ ԱՄՆ-ում մարզվելիս: Բրիտանական մամուլը գրում է, որ կողմերին մնում է համաձայնեցնել պայմանագրի փոքրիկ դետալներ: Բայց չէ՞ որ «Յունայթեդում» դեռ մտապահում են Ալվարո Մորատայի տարբերակը:

Հիմա ի՞նչ է ստացվում

Ռոնալդուն մնում է «Ռեալում», քանի որ դա ամենահավանական տարբերակն է: Այսպես, կազմը երիտասարդացնելու համար «Ռեալը» կգնի Կիլիան Մբապեին, իսկ Մբապեի տրանսֆերը կարող է գնել միայն Ալվարո Մորատայի վաճառքից ստացած գումարով: Ալվարտո Մորատային վաաճառելու ամենաիրական ուղղությունը Մանչեսթերն է: Դարձյալ երկու քարի արանքում` Մորատա, թե՞ Լուկակու: Եթե «Յունայթեդը» ընտրի Մորատային, Լուկակուն արդեն հասանելի կդառնա «Պարի Սեն Ժերմենի» համար, որն էլ, իր հերթին, ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուն: Թե ինչ հետեւանք կարող է ունենալ Ռոնալդուի տրանսֆերի վաճառքը, հերթականությամբ ներկայացվեց: Բոլորն անկախ են, բայց միմյանց կապված են ամուր թելով:

Բերմունդյան եռանկյունի (ֆուտբոլիստ, ակումբ, գործակալ)

Միայն սառը ուղեղով կարելի է հասկանալ, թե ինչ պլաններ են գծում ֆուտբոլային չինովնիկները: Այդ ամենի առանցքում փողն է: Ինչպե՞ս անել, որ տրանսֆերն արդարացվի, մի բան էլ` գումար ավելանա: Այդ հարցում օգնում կամ խանգարում են ֆուտբոլային գործակալները, որոնց ուշքն ու միտքը ԴԱՐՁՅԱԼ ՈՒ ՄԻԱՅՆ փողն է:

Գրել կարծիք