[Մոնոլոգ] Զառա Սահակյան. Մի քանի անգամ ասում եմ` «կներեք»

[Մոնոլոգ] Զառա Սահակյան. Մի քանի անգամ ասում եմ` «կներեք»

Դերասանուհի Զառա Սահակյանի մոնոլոգը փողի, քաղաքային կուլտուրայի, քաղաքավարության և ներողություն խնդրելու կարողության մասին:

փող

Շատ լավ բաներ եմ մտածում փողի մասին: Սովետական տարիների մտածողությամբ միշտ մեզ ասել են` փողը ձեռքի կեղտ է, բայց ես եկել եմ այն եզրահանգման, որ փողը շատ կարևոր բան է: Փողը միջոց է, բայց նայած այն ինչին կծառայեցնես: Ես այն կծառայեցնեի շատ լավ գաղափարներ կյանքի կոչելուն: Օրինակ` վերջերս մի հաղորդման մեջ նկարահանվեցի ու հասկացա, որ բազմաթիվ այդպիսի հաղորդումներ կանեի, եթե շատ փող ունենայի: Անձնական շահերից ելնելով՝ փողը լավ նպատակների վրա կարելի է ծախսել՝ սկսած կրթությունից մինչև այն հաճույքները, որոնք տրված են մարդուն:

իմ քաղաքը

Իմ քաղաքն այն քաղաքն է, որտեղ ես ինձ ներդաշնակ եմ զգում, երջանիկ եմ, որտեղ ինձ հետ իմ ընտանիքն է ապրում: Իմ քաղաքն այն քաղաքն է, որտեղ ապրում են իմ հարազատները, իմ ընկերները: Իմ քաղաքը նաև Ջերմուկն է, որովհետև մանկությանս լավագույն հուշերը կապված են այդ քաղաքի հետ. մինչև դպրոց գնալը Ջերմուկում եմ ապրել: Իմն եմ համարում այն վայրը, քաղաքը, որն ինձ կապում է հուշերի ու ջերմության հետ: Քաղաքը կարծես մեծ տուն լինի, որտեղ ապրում են շատ տարբեր մարդիկ, բայց միևնույն ժամանակ շատ նման: Պետք է կարողանաս գնահատել քո քաղաքը, որպեսզի այն դառնա սիրելի:

քաղաքավարություն

Քաղաքավարությունը սկսվում է ընտանիքից ու դաստիարակությունից: Քաղաքավարությունը պահի ազդեցության տակ արված գործողությունը չէ: Այն նստած է մարդու մեջ: Դու դա տեսել ես, կրկնում ես, դրա մասին չես էլ մտածում: Այն չգրված օրենք է: Ուղղակի դու մանկուց տեսել ես, որ այդպես է, ու այդպես անում ես: Քաղաքավարությունը սկսվում է ընտանիքից: Եթե դաստիարակված մարդ ես, մնում է միայն՝ բնականոն վարքագիծ դրսևորես: Ընդօրինակելով երեխան հեշտությամբ կսովորի քաղաքավարության կանոններն ու կդաստիարակվի ճիշտ այնպես, ինչպես ցանկանում ես, այլ ոչ թե ինչ-որ դրույթներ ընթերցած ու անգիր արած:

ներե՛ք ինձ

Ներողություն խնդրելը մարդու էությունից է: Եթե գիտակցում ես, որ ներողությունը քեզ բարձրացնում է, այլ ոչ թե ցածրացնում, եթե քեզ վեհ մարդ ես համարում ու ինչ-որ մեկից բարձր չես դասում, ներողություն խնդրելն ամոթ չէ: Օրվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ պատահում է, որ ասում եմ. «Կներեք»: Եթե ներողություն խնդրելը ձևական չէ, ինձ չի նյարդայնացնում: Իսկ եթե զգում եմ, որ դատարկ խոսքեր են, այսինքն՝ մարդու գործողությունն ու խոսքը չեն համապատասխանում, այդ ժամանակ նյարդայնանում եմ:

մոդա

Ես հարկադրական բաներ չեմ սիրում: Չեմ սիրում այն, ինչը ստիպում են, ոչ թե ինքդ ես ուզում: Համաձայն եմ՝ ուզես թե չուզես՝ պետք է իմանաս տարվա թրենդը, գույները: Մոդան կապ ունի մարդու ճաշակի և ընկալման հետ, նրա հետ, թե ինչպես է տեսնում կյանքը, ինչպես է ընտրություն անում՝ ինչն է իրեն սազում: Մոդան թելադրողն է, դու` ընտրողը. պետք է ընտրես քեզ համապատասխանողն ու գեղեցկացնողը: Ոչ թե այն պատճառով, որ մոդայիկ է: Մոդան նաև կարող է ուղղակի տապալել մարդուն` ցույց տալով բոլոր թերությունները:

առավոտյան սուրճ

Առավոտյան սուրճը կարևոր բաղադրիչ է օրը ճիշտ և արդյունավետ սկսելու համար: Իմ առավոտը միշտ սկսում է սուրճով, չնայած ասում են` սխալ է: Առավոտյան սուրճն արթնանալու, թարմանալու միջոց է, ինչ-որ բանի սկիզբ: Պարտադիր ըմպում եմ ամուսնուս հետ, առավոտյան սուրճի շուրջ են լինում մեր ամենակարևոր խոսակցությունները:

այգի

Շատ-շատ եմ սիրում այն, ինչը կապված է հող ու ջրի հետ: Եթե մարդը մոտ է լինում բնությանը, անհավանական էներգիա է ստանում: Բնությունը և մարդը մշտապես փոխադարձ կապի մեջ են: Կյանքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից: Վերջերս եմ բացահայտել, որ ուժերս վերականգնվում են, երբ այգում ֆիզիկական աշխատանք եմ անում: Կուզեի սեփական այգի ունենալ ու շատ ժամանակ անցկացնել այնտեղ:

newmag #76

Գրել կարծիք