Ալի Բաբան եւ 40 ավազակները. Ռեալի տրիումֆն ու նոր ռեկորդի սպասումով

Ալի Բաբան եւ 40 ավազակները. Ռեալի տրիումֆն ու նոր ռեկորդի սպասումով

Ինչպես ֆուտբոլասերները հասկացան`մտացածին այս համեմատության մեջ Ալի Բաբան Զինեդին Զիդանն է, 40 ավազակները` հաղթանակների այն քանակը, որով արքայական ակումբը իսպանական ֆուտբոլի ռեկորդ սահմանեց: Շունչները պահած` եւս 3 խաղ` դեպի նոր ռեկորդ:

Մադրիդի Ռեալն անպարտելի է վերջին 40 խաղերում: Զինեդին Զիդանի թիմն իսպանական ակումբների ռեկորդը սահմանեց արքայական գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Սևիլիայի հետպատասխան խաղում` ֆիրմային ոճով խաղը փրկելով ավելացված վերջին րոպեին: Այդ խաղում` սիրելի սցենարով, դերերում` Մարսելոն ու Բենզեման.  Ռեալը գնդակ խփեց հանդիպման վերջին վայրկյաններին ու իր անպարտելի խաղերի շարքը հասցրեց 40-ի: Ցուցանիշ, որը բացառիկ է իսպանական ֆուտբոլի պատմության համար: Ռեալը շրջանցեց Բարսելոնային, որն ավելի վաղ անցկացրել է անպարտելի 39 հանդիպում:

Եվ այս ամենի արդյունքը 2016 թվականի ընթացքում Ռեալի նվաճած տիտղոսներն են: Իսպանական հսկան նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը եւ մոտակա հետապնդողներից կտրուկ առաջ է անցել, առանց պարտության` ՉԼ-ում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Սա նոր մարտահրավեր է ֆուտբոլին. Զիդանի թիմը հաղթում է անխնա: Նախորդ 40 խաղերից 30-ում Ռեալը հաղթել է, 10 հանդիպում ավարտել ոչ-ոքիով:

Թոփ-5 առաջնությունների անպարտելության ռեկորդը կրկնելու համար Ռեալին հարկավոր է չպարտվել առաջիկա 3 խաղում: Սերուցքայինների առաջիկա մրցակիցներն են` Սեւիլյան (Լա լիգա), Սելտան (Արքայական գավաթ) եւ Մալագան (Լա լիգա):

Գրել կարծիք