[ֆոտոշարք] Հայ կնոջ դիմանկարն Իրանում

[ֆոտոշարք] Հայ կնոջ դիմանկարն Իրանում

Օդանավ նստելիս գլուխս ծածկում եմ գլխաշորով, քանի որ երկիրը, ուր մեկնում եմ, այդպես է պարտադրում: Իրանը, որտեղ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները հստակ նշված են կարմիր գծերով, դժվար է պատկերացնել հայ կնոջ ապրելակերպը, որը հենց լուսանկարելուս թեման է: 

Իրանահայ համայնքը պատմական մեծ անցյալ ունի, սակայն հենց 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած հայ ժողովրդի բռնագաղթը նոր երանգավորում տվեց դարեր առաջ Իրանում հաստատված հայ համայնքին: Արարատյան դաշտավայրից և հարակից գավառներից բռնի տեղահանված շուրջ 300 000 հայեր տարածվեցին Իրանում երեք ուղղություներով` դեպի Ատրպատական, Թեհրան և Սպահան: Հայերի գալով` Իրանում սկսեց ծաղկել մշակույթը, առևտուրը, արհեստներն ու արդյունաբերությունը։

Իրանահայ համայնքն այսօր շուրջ 60 000 անդամ ունի, որի մեծ մասը` 50 000-ը կենտրոնացած է Թեհրանում: Հայկական համայնքում հայ կանանց դերակատարությունը բանակի հետ են համեմատում, քանի որ մեծ է նրանց ներդրումը համայնքի պահպանման և հզորացման մեջ:

«Հայ կին», «Անահիտ», «Արմենուհի», «Անի», «Հայ կանանց բարեգործական ընկերությունը», Թեհրանի հայ կին եկեղեցասիրաց միություն` սրանք հայ կանանց միություններ են Թեհրանում, որոնք հիմնականում կազմվել են` բավարարելու որոշակի կարիքների, այդ թվում չքավորներին, փախստականներին օգնելու, ծերերին խնամք, անուսում կանանց և աղջիկներին կրթություն տալու, ձեռագործ, գորգագործություն ուսուցանելու համար:

 

 

 

Կանանց միությունների շարանը համալրվում է Սպահանում: Փերիայի շրջանի միակ հայաբնակ Բոլորան գյուղում կանայք դեռ մի քանի տարի առաջ են տարազը փոխարինել առօրյա հագուստով:

Սակայն հայ կանայք միայն տարազով ու ամոթխածությամբ չէ, որ առանձնանում են: Դեռ մի դար առաջ Նոր Զուղայում հայ կանայք ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքներ էին անում, գորգեր էին գործում և իրենց աշխատանքների վաճառքի գումարը դնում էին եկեղեցի, դպրոց, մշակութային օջախներ կառուցելու համար:

Ժամանակակից Թեհրանում հայ կնոջ դիմանկարը շատ բազմազան է: Թեհրանի հայ կանայք այսօր ղեկավարում են տարբեր պաշտոններ թե՛ հայկական համայնքում և թե՛ իրանական գրասենյակներում: Թագավորի օրոք երգն ու պարը, բալետը, նկարչությունն ու քանդակագործությունը վերելք էր ապրում: Հատկանշական է, որ Իրանի աստղագիտության, քանդակագործության, բեմական հագուստի ձևավորման «մայր» կոչումը հենց հայ կանանց է շնորհվել:

Հեղափոխությունից հետո շատ սահմանափակումներ և արգելքներ դրվեցին Իրանում ապրող թե՛ իրանցի և թե՛ իրանաբնակ փոքրամասնությունների կին ներկայացուցիչների առջեւ: Մյուսների նման, հայ կանայք հարգելով երկրի օրենքները, ծածկեցին իրենց գլուխները, բայց ոչ միտքն ու խոսքը: Նրանք այսօր էլ շարունակում են ստեղծագործել և աշխատել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Հեղինակ՝ Նազիկ Արմենակյան

CHAI-KHANA.ORG


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում


 

Գրել կարծիք