Ինչո՞ւ է փակվում Նորվեգիայի դեսպանատունը Բաքվում

Ինչո՞ւ է փակվում Նորվեգիայի դեսպանատունը Բաքվում

Ադրբեջանական հասարակությունը վիճում է, թե նորվեգացիների ի՞նչն է պակաս այստեղ՝ ժողովրդավարությո՞ւնը, թե՞ աշխատանքի ծավալը

Նորվեգիան մտադիր է փակել իր դեսպանատունը Բաքվում և բացել այն Թբիլիսիում։ Ադրբեջանի հետ կապը կապահովվի Թուրքիայում գործող դեսպանատան միջոցով, իսկ Բաքվում հյուպատոսություն կստեղծվի։ Ադրբեջանական հասարակությունն արդեն երեք օր է՝ վիճում է, թե ինչ է թաքնված նորվեգացիների այս որոշման տակ։

Ավելի քան 20 տարի Նորվեգիան Ադրբեջանում ակտիվորեն զբաղվել է նավթաարդյունահանմամբ և մի քանի խոշոր նավթային նախագծերի մասնակից է եղել։ Նա այստեղ զբաղվել է նաև հումանիտար գործունեությամբ, օրինակ, գրանտներ է տրամադրել տարբեր հասարակական կազմակերպությունների։ Բացի այդ, նորվեգական դեսպանատան միջոցով Ադրբեջանի քաղաքացիները Հյուսիսային Եվրոպայի երկրների վիզա էին ստանում։

Նորվեգիայի պաշտոնական վարկածը

«Վրաստանը մեր գլխավոր գործընկերն է Հարավային Կովկասում։ Մի քանի տարվա ըթնացքում անցկացված բարեփոխումների արդյունքում այդ երկիրը մերձեցել է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ։ Մշտական ներկայացվածությունը Թբիլիսիում մեզ հնարավորություն կտա ավելի լավ հետևել տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը», – այսպես է իր երկրի ընտրությունը բացատրել Նորվեգիայի արտգործնախարար Ինե Մարի Էրիքսեն Սորեյդեն։

Ադրբեջանի պաշտոնական արձագանքը

Ինչպես հաղորդում է Կավկազսկի ուզելն , Ադրբեջանի արտգործնախարարությունը թեև ափսոսանք է հայտնում այդ կապակցությամբ, սակայն ի պատասխան չի պատրաստվում փակել Օսլոյում իր դեսպանատունը։

«Ադրբեջանն ու Նորվեգիան կապված են համակողմանի և ջերմ հարաբերություններով։ Ըստ մեր տվյալների՝ Նորվեգիան ուզում է պահպանել Ադրբեջանում իր ներկայացուցչությունը հյուպատոսական գործունեության միջոցով։ Արդյո՞ք այն կգործի որպես պատվո, թե դիվանագիտական հյուպատոսություն, դեռ հայտնի չէ», – ասել է նախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Ադրբեջանական ընդդիմության կարծիքը. պատճառը ժողովրդավարության բացակայությունն է

Ադրբեջանական ընդդիմությունը նորվեգական դեսպանատան փակումը լուրջ անհաջողություն է համարում և դա կապում է Ադրբեջանում ժողովրդավարության հետընթացի հետ։

«Հանրապետական այլընտրանք կուսակցության» առաջնորդ Իլգար Մամեդով.

«Նորվեգիայի ԱԳՆ-ն շատ պարզ, դիվանագիտական լեզվով հայտնել է իր դիրքորոշումը. «Մենք Բաքվում մեր դեսպանատունը փակում ենք և այն բացում ենք Թբիլիսիում, որովհետև Վրաստանը ձգտում է հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այստեղ միայն հետընթաց կա»։ Ես չեմ հիշում ադրբեջանական դիվանագիտության առավել լուրջ անհաջողություն 1991-1992թթ-ին միջազգային հանրության կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումից ի վեր»։

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլի.

«Նորվեգիան հայտնի է որպես ամենազարգացած ժողովրդավարական պետություններից մեկը։ Ադրբեջանից նրա հեռանալը ցուցանիշ է, որ Նորվեգիան կորցրել է վստահությունն Ադրբեջանի իշխանությունների հանդեպ։ Նորվեգիային կարող են հետևել Եվրոպայի նաև այլ ոչ մեծ ժողովրդավարական պետությունները։ Նրանք դադարում են իրենց հարմարավետ զգալ այստեղ։ Այդ ամենն Ադրբջանում դինաստիայով փոխանցվող իշխանության հաստատման, կոռուպցիայի բարձր մակարդակի արդյունք է։ Նորվեգիայի դեսպանության հեռացումը մեծ հարված կլինի երկրի իմիջին»։


Կարդացեք նաև.


Փորձագետների կարծիք. նրանք այստեղ այլևս անելու բան չունեն

Եվրաինտեգրման հարցերով ադրբեջանական ազգային հասարակական կոմիտեի անդամ Թորգուլ Ջուվարլին նշում է, որ Նորվեգիան էներգետիկ շահերի իրացմանը զուգահեռ ակտիվորեն աջակցում է նաև քաղաքացիական հասարակության նախագծերին

«Էներգետիկայի հետ ոչ մի խնդիր չի եղել և նորվեգացիները ստացել են այն ամենն, ինչ իրենց կարող էր հետաքրքիր լինել։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանն, ապա վերջին հինգ տարում Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների և արտասահմանյան դոնորների գործունեությունը փաստացի կասեցվել է։ Թերևս նման իրավիճակում նորվեգացիները որոշել են, որ, քանի որ կառավարությունը չի ցանկանում աջակցել քաղաքացիական հասարակությանն, ապա ավելի լավ է դա անել այնտեղ, որտեղ իշխանությունները խոչընդոտներ չեն ստեղծում»։

JAMnews-ի քաղաքական տեսաբան Շահին Ռզաև.

«Նորվեգացիների այս որոշումը զուտ պրագմատիկ բնույթ է կրում։ Նախկինում նրանք անհրաժեշտ էին համարում դեսպանություն ունենալ Ադրբեջանում, քանի որ այստեղ ակտիվորեն աշխատում էր նորվեգական «Statoil» նավթային ընկերությունը։ Սակայն հետո տնտեսական պատճառներով նորվեգացիները կրճատեցին իրենց մասնաբաժինն ադրբեջանական նախագծերում։ Զուգահեռ թուլացավ նաև քաղաքական ակտիվությունը։ Այն բանից հետո, երբ 2014թ-ին տեղական հասարակական կազմակերպություններին արգելեցին արտերկրից ֆինանսավորում ստանալ, Նորվեգիան չկարողացավ շարունակել գրանտերի իր ավանդական ծրագիրը։ Այնպես որ, նրանց համար հավանաբար անիմաստ և ոչ շահեկան է դարձել Ադրբեջանում դեսպանատուն ունենալը։ Սակայն, ըստ իս, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այդտեղ վճռորոշ դեր չի խաղացել»։

Սոցցանցերի օգտատերերի կարծիքը

Ոչ միայն քաղաքական գործիչներն ու փորձագետներն են առաջարկում կատարվածի իրենց բացատրությունն, այլ նաև սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը.

«Ըստ ամենայնի՝ այստեղ պարզապես այն ծավալի աշխատանք չկա, որպեսզի մի ամբողջ դեսպանատուն պահեն»;

«Լավ նշան չէ։ Հետաքրքիր է, թե որ դեսպանատունն է լինելու հաջորդը»;

«Նորվեգիան Եվրոպայի քաղաքականապես և տնտեսապես ամենաանկախ պետությունն է, այն միշտ իր կարծիքն ունի։ Այն փաստը, որ նրանք մեզ չեն ճանաչում և նվազեցնում են կապերի մակարդակը, մեզ համար լավ բան չի կանխատեսում»։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք