Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են դեռահասների

Վախեցած ծնողները հրաժարվում են երեխաներից․ Չեչնիայում հետապնդում են դեռահասների

ԵԱՀԿ-ն Մոսկվային 10 օր է տալիս կատարվածի վերաբերյալ բացատրություններ տալու համար։ Ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվում Չեչնիայի իշխանություններին

Վերջին շաբաթվա ընթացքում Չեչնիայի իշխանությունների գրոհի բաց օբյեկտ դարձան մի քանի տասնյակ դեռահասներ և նրանց ընտանիքներն, ինչպես նաև իրավապաշտպանները։

Չի դադարում հանրապետությունում ԼԳԲՏ համայնքին պատկանող անձանց դաժան, իսկական տեռորի հասնող հետապնդումը։

ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մշտական խորհրհդի անդամները բազմիցս դիմել են Ռուսաստանի ղեկավարությանն այն կապակցությամբ, թե ինչ է տեղի ունենում Չեչնիայում, սակայն Մոսկվայի արձագանքն «ադեկվատ» չի եղել՝ ըստ ԵԱՀԿ-ում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Նատաշա Քեյերի։

Այդ պատճառոով էլ, ասել է Քեյերը, ԵԱՀԿ-ն որոշել է Ռուսաստանի հանդեպ կիրառել այսպես կոչված «Վիեննայի մեխանիզմը»։

Մոսկվային տասն օր են տվել չորս հարցի պաշտոնապես պատասխանելու համար։

  1. Ի՞նչ միջոցներ են դաշնային իշխանությունները ձեռնարկել ԵԱՀԿ շրջանակներում չեչեն պաշտոնատար անձանց կողմից ԵԱՀԿ պարտավորությունների կատարման համար։
  2. Ինչպե՞ս են Ռուսաստանի Դաշնության դաշնային իշխանությունները հետաքննել Չեչնիայում ԼԳԲՏԻ ներկայացուցիչների հանդեպ կատարված խախտումների և չարաշահումների մասին պնդումները։ Ինչպե՞ս են նրանք եկել այն եզրահանգման, որ նման խախտումներ և չարշահումներ չեն եղել, քանի որ ԼԳԲՏԻ ներկայացուցիչներ Չեչնիայում գոյություն չունեն։
  3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել դաշնային իշխանությունները քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների համար այն հնարավորությունն ապահովելու համար, որպեսզի նրանք առանց իրենց հանդեպ բռնաճնշումների փաստաթղթավորեն և հաղորդեն Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները։ Մասնավորապես, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Չեչնիայում «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության գործունեության ապահովման համար։
  4. Ինչպե՞ս են ռուսական դաշնային իշխանությունները հետաքննել Գրոզնիում 2017թ-ի հունվարին, ինչպես հաղորդվում էր, էքստրեմիզմի կասկածանքով ձերբակալված և արտադատարանային մահապատժի զոհ դարձած 27 անձանցից յուրաքանչյուրի ճակատագիրը։

Եթե Մոսկվան չպատասխանի, կամ պատասխանը չբավարարի ԵԱՀԿ-ին, մասնակից երկրի կողմից ԵԱՀԿ պարտականությունների խախտման հայտնաբերման արտակարգ առաքելություն կկազմավորվի։

Որոշ դեռահասներ սպանվել են, մյուսները՝ ծեծվել, նրանց ընտանիքներին վտարում են Չեչնիայից

Չեչնիայի իշխանություններն արձագանքել են Գրոզնիում օգոստոսի 20-ին ոստիկանների վրա կատարված մի շարք հարձակումներին, որոնք, ինչպես հայտարարել են Չեչնիայի իշխանությունները, կատարել են 11-17 տարեկան մի խումբ դեռահասներ։ Տուժել է հինգ ոստիկան և երկու անցորդ։ Հարձակված չորս դեռահասները սպանվել են, ևս մեկը մահացել է հիվանդանոցում։

Ինչպես գրում է «Նաստոյաշչեե վրեմյա» («Настоящее время») պարբերականը, հարձակվածներից մեկի հայրը՝ Շալիի քաղաքապետի նախկին տեղակալ Ռամզան Մուսաևը, հանրային կերպով անիծել է սպանված որդուն հենց նրա մարմնի մոտ։

«Այրվե՛ք դժոխքի կապույտ կրակներում։ Չլսելով ոչ հորը, ոչ մորը՝ նա այսօր խայտառակեց ինձ ու իմ ընտանիքը։ Ինձ այդպիսի որդի պետք չէ», – ասել է նա։

Մուսաևի որդուն՝ 18-ամյա Մագոմեդին են Չեչնիայում անվանում վերջերս տեղի ունեցած հարձակման կազմակերպիչ։ Երիտասարդի համակարգչում իբր ահաբեկչության կազմակերպման մասին տեղեկատվություն են գտել։

Հանրային դատապարտումը միակ բանը չէ, որ սպասվում է սպանված դեռահասների ընտանիքներին։ Իշխանությունները «համառորեն» պահանջել են հարձակվողների հարազատներին լքել Չեչնիան։

Ոստիկանական բաժանմունքներ են տարվել տասնայակ դեռահասների, որոնք կարող են կապ ունենալ ոստիկանների վրա հարձակումների հետ։ Ձերբակալվածներից խլում և ստուգում են բջջային հեռախոսները, պլանշետներն ու նոութբուքերը։

Առանձին ոստիկանություն են տարել նաև հարձակվածների ծնողներին և հարազատներին։ Ինչպես ասում են «Նաստոյաշչեե վրեմյայի» աղբյուրները, հանրապետությունում վախենում են խոսել կատարվածի մասին՝ տեղական իշխանությունների կողմից հնարավոր հետապնումներից վախենալով։


Կարդացեք նաև՝


Ճնշում իրավապաշտպանների վրա

Չեչնիայում «Մեմորիալ» իրավապաշտպան խմբի ներկայացուցչության ղեկավար Օյուբ Թիթիևը։ Գտնվում է նախնական կալանքի տակ 2018 թ-ի հունվարից։ Լուսանկարն արվել է 2018թ-ի հուլիսի 19-ին, REUTERS/Սայիդ Ցարնաև

Amnesty International, Human Rights Watch և Front Line Defenders միջագային իրավապաշտպան կազմակերպությունները բաց նամակ են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դատապարտել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունն ու թույլ չտալ նրան «իրականացնել իրավապաշտպանների հասցեին հնչեցրած սպառնալիքները»։

Չեչնիայի ՆԳՆ ղեկավար կազմի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Կադիրովն ահաբեկիչների մասին խոսելիս հայտարարել է, որ «իրավապաշտպանները նրանցից ավելի վատն են»։

«Նա, ով աջակցում է այդ ուղղությանը [ուժայիններին քննադատելու], իրավապաշտպան կլինի, ԵԱՀԿ, ՄԱԿ, նա համար մեկ թշնամին է», – այդ հանդիպմանն ասել է Կադիրովը, հաղորդում է «Կավկազսկի ուզել» ռուսական տեղեկատվական գործակալությունը։

«Գրոզնիի «Մեմորիալի» ղեկավար Օյուբ Թիթիևի դատի ավարտից հետո Չեչնիան իրավապաշտպանների համար «արգելված տարածք» է դառնալու», – ինչպես փոխանցում է Ազատություն ռադիոկայանն, ասել է Կադիրովը։

Իրավապաշտպան կազմակերպությունների նամակում ասվում է, որ Չեչնիայի իշխանությունները պարբերաբար խախտում են մարդու իրավունքներն, իսկ այդ խախտումները գրանցող իրավապաշտպաններին հանրապետության իշխանությունները «ծայրահեղ թշնամաբար» են վերաբերվում։

Այդ ուղերձի հեղինակները Պուտինին նաև կոչ են արել անհապաղ ազատ արձակել Օյուբ Թիթիևին։

Պուտինից պատասխան դեռևս չի ստացվել։

Գրել կարծիք