[newstory] Անցյալի կնիքը․ «Հստակեցում» (մաս 6-րդ)

[newstory] Անցյալի կնիքը․ «Հստակեցում» (մաս 6-րդ)

Սա «Անցյալի կնիքը» նովելի վերջին մասն է։ newmag-ը երկու շաբաթում հրապարակեց նովելի բոլոր 6 մասերը։ Կարդացեք բոլորն ու մեկնաբանեք։ Պատմվածքը newmag-ին է ուղարկել մեր ընթերցողը։

Սեմինարի ընթացքն արդեն անհետաքրքիր էր դառնում մասնակիցներից երկուսի համար։ Կողք-կողքի նստած կանանց միջև ակնառու էր տարիքային տարբերությունը։ Նախորդ գիշերը երկուսի համար էլ ակտիվ էր եղել։ Երիտասարդ կինը անցկացրել էր սիրով ու բերկրանքով լի գիշեր՝ սիրած տղամարդու հետ, առավել հասուն տարիքով կինը ամուսնական պարտականությունն էր կատարել՝ պարտավորվածության զգացումից ելնելով։ Լիլիան հասկանում էր, որ պետք չէ Ֆրանչեսկոյից ակնկալել առավելագույնը․ նրա հետ անցկացրած սիրո ամեն մի րոպեն, ապրած կյանքի ամեն վայրկյանը Լիլիան վայելում էր, հասկանում էր, որ պետք է զգալ ու ապրել՝ ինչպես վերջին օրը սիրած մարդու հետ, քանզի ոչ ոք չէր կարող երաշխավորել, թե հաջորդ օրը ինքը կպահպանի Չեսկոյի կյանքում ունեցած դերը։

Եզրափակիչ օրվա սեմինարն ուղղակի վերածվեց ազատ ու անկաշկանդ զրույցի՝ տարիքային ու ժանրային տարբերությամբ մասնակիցների համար սա փորձի փոխանակման մի յուրօրինակ ձև էր։ Պատուհանի մոտ անտարբեր հայացքով կանգնած կինը հայացքը հառել էր պատուհանից դուրս տարածվող տեսարանին, սակայն նպատակը բնավ էլ Հռոմի շենքերով հիանալը չէր։ Աջ ձեռքում պահած կոկտեյլն անընդհատ ու անհանգիստ խառնվում էր ձախով բռնած ձողիկով, սակայն խառնելու կարիք ամենևին էլ չկար։ Մի քանի մետր հեռու կանգնած էր ՆԱ, ու գուցե, այսօր վերջին անգամ տեսնելու պատվին է արժանանում ու, թերևս, էլի չի տեսնի։ Իսկ Նա այնքան  անտարբեր էր․ բայց մի՞թե այդպես պիտի լինի։ Ինքն էլ չէր հասկանում իր ուզածը։ Երբեմն Ճակատագրի չնախատեսված հանդիպումները ստիպում են խառնվել նախօրոք կազմած ու տրամադրված պլանների, մտքերի հորձանքում։ Որոշները խեղդվում են, մյուսները լողում հոսանքին հակառակ, մի մասն էլ՝ տրվում հոսանքին։ Իր մոտ հիմա այս երեք ուղիների պայքարն էր, ու չնայած ինքը տեղյակ չէր՝ մյուսի մոտ էլ պայքար էր ընթանում ՝ճիշտ կողմնորոշման․․․

Լիլիայի հեռանալը ժամանակից շուտ՝ ազատեց Չեսկոյին անհարմար դրությունից։ Դեռ առավոտյան ինքն անգամ չէր կարող մտածել, որ կհայտնվի նմանատիպ իրավիճակում․ անկախ տարիքային ու հոգեբանական կենսափորձից՝ առաջին անգամ ինքն ընկրկեց սեփական քայլերը վճռելիս, սպասեց՝ հարմար պահի մոտենալով  պատուհանի մոտ կանգնած, իր մեջ էլեկտրական- մագնիսական ուժ պարունակող Ջուլիային։

 -Ինչո՞ւ ես առանձնացել ընդհանուրից, ամեն ինչ նորմա՞լ է։

 -Միանգամայն, ուղղակի խորհում էի․․․ավելի վաղ կհեռանայի, ուղղակի․․․

 – Երևի ուզում ես մի քիչ էլ վայելել ներկայությունս,- կատակեց Չեսկոն՝ ընդհատելով  տիկնոջը, ինչը, թերևս, տեղին էր, քանզի վերջինս ինքն էլ շարունակություն չուներ, սակայն սա լավ շանս եղավ՝ կրկին անգամ փորձելու հիասթափվել սիրելիից։ (Մի՞թե կարելի է հիասթափվել սիրած մարդուց):

– Պատկերացրու՝ քաղաքավարությունից։

– Արի անկեղծ խոսենք, թեկուզ մեկ անգամ կյանքում, վերջին անգամ, եթե կուզես։ Միայն թե սպանենք այս անորոշությունը։

 – Վաղուց պիտի անկեղծ լինեիր, մտածեիր այդ մասին․․․

 – Ջուլիա՜ս, երկուսս էլ իրար ենք ձգտում, չգիտեմ քո մոտ ինչպես է, բայց իմ անձնականում երբևէ լուրջ ոչինչ չի ստացվել։ Չնայած՝ քեզ մոտ ևս։

 – Ես կին եմ, ես մայր եմ․․․ Ամուսինս այստեղ է․․․

 – Դե, վերջինը քիչ բան է փոխում, իսկ երեխաներդ հիմա այստեղ չեն։ Արի մի պահ պատկերացնենք․․․ Մենք լսում ենք մեր սրտերի ձայնն ու հեռանում մի տեղ՝ բոլորից թաքուն, բոլորից հեռու, վայելում ենք իրար, վայելում ենք այն սերը, որին մենք բազում տարիներ ենք պարտք մնացել, որի պատճառով երկուսս էլ դատարկ ապրել ենք այսքան տարի․․․ Հեռանանք, թեկուզ՝ Վենետիկ, կամ երկրից կգնանք․․․․հիմա Մալյորկայում կամ Փարիզում․․․ իսկ գուցե ավելի՞ հեռու գնանք․․․

 – Լսում եմ քեզ ու չեմ պատկերացնում, որ դու ես։ Ինչքա՞ն տարբեր, հակասական ու անլուրջ, անպատասխանատու կարող ես լինել դու։ Ժամանակին մենք ունեինք ուղղակի, առանց վախերի ու թաքնվելու լինել միասին, իսկ հիմա դու եկել ես ու ինչ-որ փախուստի պլա՞ն ես մշակում։ Դու չես փոխվել, ու հիմա էլ ինքդ քեզնից ես փախչում, սեփական  կյանքիդ անհաջողությունները փորձում ես հարթել՝ ինձ էլ հետդ անդունդը քաշելով։ Ես սիրում եմ քեզ, հա, չեմ ժխտում, բայց յուրովի եմ սիրում, որպես ինչ-որ չկայացած, անիրական, վերացական երևույթ․ կամ՝ անհասանելի ու անմատչելի․ ինչպես, օրինակ, արվեստի գլուխգործոցներն են լինում։

 – Կանցնեն գուցե դեռ էլի տարիներ, ամեն բան կվերանա ու էլ չի լինի, բայց ինձ համար կմնաս միայն դու, կսիրեմ քեզ՝ ու միևնույնն է ինձ համար հիմա, թե ինչ կլինի հետո․․․ Արի մի անգամ էլ ինքներս մեզ հնարավորություն տանք․․․

 – Արի պարզապես մտածենք, որ մեր մեջ այս խոսակցություն ընդհանրապես չի էլ եղել։

 – Չի կարելի արդեն կայացածը չեղած համարել։ Ես ամբողջ ընթացքում փորձել եմ մտածել, համարել, թե մեր մեջ ոչինչ էլ չի եղել, թե դու ուղղակի պատրանք ես եղել, սակայն չի ստացվել։ Եթե ստացվեր՝ իմ մեջ քեզ հետ ապրած ամեն մի վայրկյանը դատարկություն կվերածվեր, իսկ հիմա այդ տեղում կարոտն է՝ տանջող, չհագեցող, անդիմադրելի․․․

 – Մի ´ շարունակիր․․․

 – Չեմ կարծում, թե երբևէ կունենանք նման առիթ։ Ես ուղղակի հասկանում եմ, դու էլ հասկանում ես, որ դատարկության դեպքում մենք համակերպվում ենք, կամ՝ լցնում, իսկ կարոտելիս միայն մտածում ենք հնարավոր հանդիպման, լուծման, հագեցման մասին, սակայն որքան մոտենում է հանդիպումը, այնքան մեծանում, անտանելի է դառնում կարոտը․․․․

– Արի ուղղակի սահմանափակվենք հիմա, արգելակենք մեր մեջ վերածնվողը․․․ Ես մայր եմ, ես նման չեմ մյուս կանաց, թեկուզ՝ ընկերուհիներիս, որոնցից շատերը նույնիսկ այս տարիքում առիթը բաց չեն թողնում սիրային էպիզոդների համար։ Այս տարիներիընթացքում որքան էլ չէի փորձել, բայց քեզ տեսնելուց հետո ես փորձեցիլիովին ընդունել ամուսնուս, նոր ապրելակերպ փորձեցի սկսել․․․․Թույլ տուր ապրել՝ անկախ քեզնից, հոգեպես հեռու ․․․․ մոռանալով․․․

 – Զարմանում եմ․․․․Անկեղծ՝ ծիծաղելի է։ Հասկանում եմ, դու էլ պիտի հասկանաս, որ էսքան տարի անիմաստ ենք փորձել մոռանալ միմյանց, մենք ՍԻՐՈՒՄ ենք իրար․․․

 – Դու պետք է հասկանաս, որ չկա այլևս «մենք», կանք ես ու դու, իմ «մենք«-ը և քո «մենք»-ը՝ առանձին-առանձին, իրարից հեռու և անկախ, իսկ երբ ամեն անգամ դու անտեսում ես ընտանիքիս փաստը՝ ես չեմ ընդունում․ ամուսնուս առումով հասկանալի է, բայց երեխաների՞ս։ Հասկացի´ր, տասնամյա փոքրիկը չպետք է ապրի անլիարժեք ընտանիքում, որովհետև ժամանակին մոր անցյալում ինչ-որ բան շեղ է ընթացել, իսկ նրա անցյալի կնիքն այժմ վերադարձել է։ Դա անթույլատրելի է։ Դու ուղղակի չես զգացել սեփական երեխայիդ մեղադրող-անմեղ հարցերի ազդեցությունը, հայացքի անմեղությունը, նրա կարևորությունը․․․․ Չե´սկո, ապրիր բոլոր նորմալ մարդկանց նման, թեկուզ՝ միայն արտաքուստ։ Ընտանիք կազմիր, ապրիր երեխաներիդ ու կնոջդ երջանիկ կյանքով ապահովելու համար․․․

 – Ջուլ․․․

 – Արի ուղղակի գեղեցիկ վերջացնենք,- ընդհատեց Ջուլիան Չեսկոյի խոսքն ու չդիմանալով՝ մի ակնթարթային համբույր դրոշմեց անհասանելի սիրելիիի շուրթերին։

    Հեռացավ՝ թողնելով շշմածության ու էյֆորիկ անջատվածության զգացում․․․․ Այս հրաժեշտից դատարկության պահը սկսվեց։ կարոտը պարտվեց, նրա ֆիասկոն ապահովեց դատարկության համար բացվող հոգու դռները։

* * *

 Նոր տարեթվի վայրկյանաչափը սկսեց հաշվարկը։ Նոր շրջափուլն սկսվեց։ Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ։ Անցնող անհամար վայրկյաններ, որոնց արժեքն ու կարևորությունը զգում ենք կորցնելով, որոնք անդառնալի կերպով մսխում ենք՝ փոխարենը որոշակի ձեռքբերումների ակնկալիքով։ Անցկացնում ենք կյանքի օրերը՝ անիմաստ փիլիսոփայելով, անվերջանալի անհայտներ փնտրելով, բազմաթիվ իրական հնարավորություններց ինքներս մեզ զրկելով ու ինչ-որ եթերային, անիրական գաղափարների հետևից ընկնելով։ Անում ենք ամեն բան՝ բացի լիարժեք ապրելուց, սակայն իրականում,  կյանքում միայն ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ․․․ Ներկայով ապրել, ապրել՝ պահի բերկրանքով, առանց անցյլի ուրվականների ու չստացված հիշողությունների նկատմամբ ակնածանքի, առանց ապագայի նման անվերջանալի ու հիստերիկ վախի։ Ապրել՝ ապրելով ու ապրեցնելով, սիրելով ու սիրվելով,  նվիրելով ու նվիրվելով․․․ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ։

Ամանորյա հրավառությունն այս անգամ նրան գրավեց, տպավորությունները կիսելու համար կողքին ցանկալի մարդ կար։ Սիրելի կնոջը գիրկն առած՝ պատուհանից դիոտւմ էր «հավերժական քաղաքի» չքնաղ տոնախմբությունն ազդարարող միլիոնանոց լույսերի ներկայացումը։ Սենյակից ներս տոնական եղևնին էր, որ երեկոյան հասցրել էին հապշտապ կերպով ձևափոխել, տան զարդարանքը մոդեռնացնել ու նոր շունչ տալ։ Զգացվում էր, որ այս ամենի մեջ սրտացավ ձեռքերի աշխատանք կա, որ թարմություն ակնառու է։

– Ամենաերջանիկ տարեմուտն է կյանքումս։ Իհարկե՝ չհաշված մանկության տարիների անհոգ տոներս․․․

– Գուցե, ամեն դեպքում, արժեր դուրս գալ, մի տեղ նստել, նշել․․․

– Ուզում եմ ընտանեկան մթնոլորտ ստեղծենք, ուզում եմ Նոր տարվա հետ նոր կյանք մտնել՝ մաքուր էջից սկսելով նաև քո կյանքը

– Դու արդեն լցնում ես ներսիս դատարկությունը․․․

– Խմենք՝,- աշխուժացավ Լիլիան և լցրեց շամպայնի գավաթները․․․

– Մեր նոր կյանքի, նոր սկզբի համար․․․․

Շիշը դատարկվեց, մարմիննները սկսեցին ջերմանալ միմյանց գգվանքներց․․․Սկսվեց սիրով նոր ու անմոռանալի գիշերը, Սկսվեց Նոր Կյանքը․․․

 


Կարդացեք նաև․


* * *

   Նեապոլը երբևէ չի զիջել տոնական ճոխություններով Իտալական որևէ քաղաքի։ Շրջանաձև հրապարակի ճոխ ռեստորանը լիքն է բարձրաշխարհիկ հասարակությամբ, սակայն տերերն այսօր կենտրոնացած չեն աշխատանքին․․․․ Տարօրինակ որ երջանիկ ընդարմացում է պատել տիրոջը՝ Դը Լաուրենտիսին, ով շահույթի մեծ մասն ուղղել է հյուրասիրությանը։ Նրա հետ նույն սեղանի շուրջը նստած կինը շողում է շրջապատի բոլոր կանաց մեջ, առանձնահատուկ կերպով է ժպտում իրեն ու առհասարակ՝ սկսել է լիովին նվիրվել։ Հռոմում կայացած վեապատրաստումից հետո Նա կարծես իր ներքին աշխարհն է վերափոխել, այն վերապատրաստումը, որից և որի հավանական հանդիպումներից Մարկոն այնքան զգուշանում էր, իսկական հեղափոխություն եղավ կնոջ համար։

  Ջուլիան նայում է ամուսնուն ու հասկանում՝ այլևս չկա անցյալի կնիքը, որն այնպես դաժանորեն խանգարում էր ամուսնու արժանիքները գնահատել․․․ Այդ կնիքը մնաց որպես չստացված մի էպիզոդ, իսկ այժմ՝ ապրել է պետք, առաջ նայել ու նվիրվել ընտանիքին։

Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում


 

Գրել կարծիք