[Իրականում՝ ոչ] Արտահերթը նորաստեղծ կուսակցությունների շա՞նսն է

[Իրականում՝ ոչ] Արտահերթը նորաստեղծ կուսակցությունների շա՞նսն է

Քանի դեռ քաղաքական դաշտի հին խաղացողները կոմայի մեջ են և չեն վերադիրքավորվել, նոր քաղաքական ուժերը խաղի մեջ մտնելու հրաշալի հնարավորություն են ստացել:

Բողոքի բազմատեսակ ակցիաների մասնակցած երիտասարդ ակտիվիստները, որոնք լավ գիտեն ազդեցության ժամանակակից տեխնոլոգիաները բանեցնելու նրբությունները, հենց այս փուլում կարող են ներքաղաքական դաշտում զբաղեցնել իրենց հաստատուն տեղը:

Գարնանային իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտում գաղափարական ճգնաժամ է: Պահպանողական գաղափարախոսությունը, որը նախկին իշխանության հաղթաթուղթն էր, այլևս կենսունակ չէ: Նոր իշխանությունը հստակ քաղաքական գաղափարախոսություն չի հրապարակել: Մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը նույնպես չունի դասական իմաստով քաղաքական գաղափարախոսություն: Այս իմաստով` քաղաքական դաշտում գաղափարական վակուում է, որը լրացնելու ճիշտ ժամանակն է հիմա:

Կուսակցական շատ լիդերներ անցած տարիներին հասցրին հեղինակազրկվել հետընտրական պրոցեսներում: Նրանք ընտրություններից հետո հայտարարեցին, որ իրենք են հաղթել, սակայն չկարողացան տեր կանգնել իրենց ստացած քվեներին և հետընտրական պրոցեսներում մաշեցին իրենց քաղաքական կապիտալը: Այն քաղաքական գործիչները, որոնք նախկին տարիներին իշխանության մեջ էին, աջուձախ մերժվում են նոր իրավիճակում և քաղաքական դաշտում ինքնադրսևորվելու շանս դեռևս չունեն: Այս իմաստով ևս լավ հնարավորություն է ստեղծվել, որ նոր քաղաքական դեմքերը մտնեն քաղաքական դաշտ:


Կարդացեք նաև․


Բայց մի՞թե նորաստեղծ քաղաքական ուժերի նորամուտի ճիշտ ժամանակն է: Իրականում` ոչ:

Նոր քաղաքական ուժերի համար քաղաքականություն մտնելու հնարավորություն հիմա չկա, որովհետև հասարակության համար բնավ էլ կարևոր չէ, թե ինչ գաղափար ես առաջ քաշում: Հիմա հասարակությունը ցանկանում է տեսնել գարնան հետևանքը: Ուզում է հասկանալ, ինչ է անելու Նիկոլ Փաշինյանն` իր երիտասարդ թիմով: Եվ նոր քաղաքական ուժերը այստեղ հետաքրքիր չեն և անելիք չունեն, քանի դեռ պոպուլյար է նոր իշխանությունը:

Նոր ուժերի համար լավ ժամանակ չէ, որովհետև ներկայանալու ու ճանաչվելու համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ այդ ժամանակը նույնիսկ քաղաքական դաշտի հին ուժերը չունեն: Արտահերթի ժամկետները չափազանց սեղմ են, որպեսզի որևէ նոր քաղաքական ուժ կարողանա ինքնադրսևորվել: Այս իմաստով` քաղաքական դաշտում ինքնահաստատվելու ժամանակ չկա:

Հիմա` ճի՞շտ ժամանակ է նորաստեղծ քաղաքական ուժերի համար

Կրկին ոչ, որովհետև այս ընտրություններն իրավիճակային են: Նույնիսկ մեկ քաղաքական ուժի պահանջով հրավիրված արտահերթ չէ, սա միայն մեկ քաղաքական գործչի պատվիրած արտահերթ է: Այս արտահերթը միայն նրա համար է, որպեսզի գարնանը հեղափոխություն արած քաղաքական ուժը օրենքով ամրագրի իր հաղթանակը: Սա հաղթանակը պաշտոնապես վավերացնելու գործընթաց է: Հետևաբար` բոլոր նրանք, որոնք լրջորեն կփորձեն միջամտել այդ գործընթացին, կդառնան «սևեր», «հակահեղափոխականներ» և «կփռվեն ասֆալտին»:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք