Նիդեռլանդներում ցնցված են. 2 հայ երեխաներին արտաքսում են Հայաստան

Նիդեռլանդներում ցնցված են. 2 հայ երեխաներին արտաքսում են Հայաստան

Նիդեռլանդների հանրային քննարկման գլխավոր թեման է դարձել քույր ու եղբայր Լիլիի ու Հովիկի արտահանձնումը: 12 և 13 տարեկան երեխաներին առանց ծնողների արտաքսում են Հայաստան: Դատարանի որոշմամբ նրանք պետք է երկիրը լքեն մինչև սեպտեմբերի 8-ը:

Այս պատմությունը վաղուց է սկսվել: Երեխաների մայրը Արմինե Համբարձումյանն է, նա 2 և 3 տարեկան իր երեխաների հետ Ռուսաստանից Նիդեռլանդներ էր մեկնել 2008 թվականին: 9 տարվա ընթացքում նրա կացության փաստաթղթերի քաշքշուկի ավարտը եղավ արտաքսումը: Անցած տարի նրան հետ ուղարկեցին Հայաստան, բայց երեխաներին հայտնաբերել չհաջողվեց: Նրանք թաքնվում էին հոլանդական իշխանություններից: Երեխաները հայտարարում էին, որ Հայաստանի հետ որևէ կապ չունեն, իրենք շատ փոքր են եղել, ոչինչ չեն հիշում և միայն գիտեն, որ հայ են:

Ընտանիքի պատմությունը հուզել է շատերին: Առաջինը բողոք բարձրացրեցին երեխաների դասընկերները, փողոցներ դուրս եկան այլ դպրոցների աշակերտներ և իշխանությունից պահանջեցին թույլ տալ նրանց մնալ և սովորել նիդեռլանդական դպրոցում:

Կառավարությունը, սակայն, հստակ հայտարարում էր՝ անհնար է առանց համապատասխան իրավական հիմնավորման և անհրաժեշտ փաստաթղթերի մնալ երկրում: Ի վերջո դատարանը վճռեց՝ երեխաները պետք է նույնպես արտաքսվեն և ապրեն մոր հետ Հայաստանում:


Կարդացեք նաև.


Դատարանի վճռից հետո հարցին անդրադարձել է նաև Նիդեռլանդների վարչապետը: Նա հայտնել է, որ կառավարությունը կապի մեջ է Հայաստանի իշխանության հետ, քննարկումներ են կայացել և հոլանդական կողմին հավաստիացրել են, որ երեխաների ժամանման առաջին իսկ րոպեից նրանց նկատմամբ պատշաճ հոգատարություն կցուցաբերվի:

Այժմ պարզ չէ, թե կոնկրետ երբ են երեխաները ժամանելու Հայաստան, անհայտ է՝ արդյոք նրանց կդիմավորի մայրը, որը, ըստ լրատվամիջոցների, Հայաստանում է, թե երեխաները կմնան միայնակ՝ իրենց համար բոլորովին անծանոթ երկրում: Նիդեռլանդական հեռուստաընկերությունները շարունակում են ակտիվ լուսաբանել երեխաների պատմությունը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք