Թուրքական ընտրության հայկական կողմը

Թուրքական ընտրության հայկական կողմը

Թուրքիայում նախընտրական քարոզարշավի գրեթե կեսն անցել է` նոր մեջլիս ու նախագահ ընտրելուն մնացել է 17 օր: Մինչև այս պահը` թեկնածուներն իրար անվանեցին վախկոտ հավ, խոստացան հնարավոր ու անհնար ամեն ինչ: Հայկական թեմային ուշագրավ անդրադարձ եղավ 4 անգամ: 

Առաջինը Պոլսի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու միջադեպն էր: Հոգեկան խնդիրներ ունեցող անձը եկեղեցու առջև փակցրել էր Աթաթուրքի նկարը, հաջրորդ օրն այն պատին չէր գտել, զայրացել էր, կասկածել, թե հայերն են արել, հայկական եկեղեցու պատին գրել է` այդ հայրենիքն իրենց է, դռան առջև էլ աղբ լցրել: Միջադեպին արձագանքեց նույնիսկ Թուրքիայի ներքին գործերի նախարարը: Վանդալիզմի հեղինակին ձերբակալեցին, բաց թողեցին, հիմա էլ դատախազը պահանջում է նրան ազատազրկել 1.4 տարի ժամկետով: Թուրքիայի իշխող կուսակցությունը փորձում է առավելագույնը ստանալ կատարվածից: Պոլսահայերի շրջանում Էրդողանին աջակցողներ կան և հայերի դեմ միջադեպին նման ուշադրությունն ակնհայտորեն ժեստ է` հայերի քվեն ստանալու ակնկալիքով: Սա մինչև թեկնածուների առաջադրումն էր:

Երբ հրապարակվեցին կուսակցությունների ցուցակները, պարզվեց, որ դրանցում 4 հայի անուն կա:

 Թուրքիայի մեջլիսի ամենասկանդալային և Թուրքիայում ամենահայտնի հայ պատգամավորն այս օրերին ակտիվ քարոզարշավ է իրականացնում Դիարբեքիրում: Կարո Փայլանի թեկնածությունն առաջադրված է առաջիկա ընտրություններին` Պոլսի փոխարեն քրդաբնակ նահանգում: Մայրաքաղաքում մրցակցությունը մեծ է, այսպես երաշխավորվում է հայ թեկնածուի խորհրդարան անցնելը: 

Փայլանի շուրջ թուրքական պետության վերջին հարձակումը արտահերթ ընտրությունների մասին հայտարարելուց անմիջապես առաջ էր: Նրան մեղադրանք առաջադրվեց հանրահայտ 301 հոդվածով: Հայ պատգամավորը կարող է զրկվել մանդատից և ազատությունից Թուրքիայի նախագահին, թուրք ազգին և թրքությունը վիրավորելու համար: 


Կարդացեք նաև.


Երեք տարի առաջ Փայլանը թուրքական պարբերականների առաջին էջերում էր հայտնվել մեջլիսի մեկ այլ հայ պատգամավորի` Մարգար Եսայանի հետ կոնֆլիկտի պատճառով: Նրանք քաղաքական հակադիր ճամբարներում են և Փայլանը Եսայանից ավելի շատ մտահոգություն էր ակնկալում հայկական թեմաների մասով: Մեկ փաստ` 2016-ին  ԱԶԿ-ի պատգամավորը ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության կազմում կողմ է քվեարկել Ուոլթերի հայտնի հակահայ, հակաարցախյան զեկույցին: Հայ պատգամավորի անունն այս ընտրություններին ևս էրդողանականների ցանկում է: 

3-րդ հայ թեկնածուն Էլմաս Կիրակոսն է` պատգամավորի թեկնածու` Լավ կուսակցությունից: Սա գորշ գայլերի քաղաքական թևի այն հատվածն է, որը բաժանվել է էրդողանի հետ կոալիցիա կազմած Բահչելիից և ներկայանում է առանձին: Այս կուսակցության առաջնորդին համեմատում են Աթաթուրքի հետ` անվանելով Անաթուրք. թուրքերի հայր-թուրքերի մայր: Հայ թեկնածուն 4 տարի առաջ թեկնածու էր նաև Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում և այն ժամանակ Պոլսի Ակոսի հետ զրույցում ասել էր` հպարտ է, որ Աթաթուրքի զավակն է, հայ է, եկեղեցի է գնում, սիրում է Թուրքիայի դրոշը: 

4-րդ հայ թեկնածուն Փայլանի քրդամետ կուսակցությունից է: Լյուդմիլա Բյույումի մասին տեղեկությունները սահմանափակ են: Նրա հայկական ծագման մասին գրում է Ակոսը: 

Թուրքիայի նոր խորհրդարանում չենք տեսնի քեմալական հայ պատգամավոր Սելինա Դողանին: Քաղաքական այս ուժի որոշումը պայմանավորված է ազգայնականների քվեների համար ամենաթեժ ընտրապայքարով և հայ թեկնածու առաջադրելը կարող էր խանգարել: 

Փոխարենն Էրդողանի թիմն ուշադրության կենտրոնում է պահում հայերին:

Մեկ քարոզարշավի ընթացքում երկրորդ ժեստով: Ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառով պաստառների համար ձերբակալված 3 ակտիվիստների մասով դատախազությունն աննախադեպ որոշում է կայացրել, որն ակտիվիստները խոստացել են ամեն տարի նախադեպային դարձնել: Ստամբուլի գլխավոր դատախազը հղում է կատարել ՄԻԵԴ-ի վճիռներին ու որոշել` Ցեղասպանություն եզրը խոսքի և մտքի ազատության սահմաններում է: 

Քեմալականների կուսակցությունից ազգայնականների հակաէրդողանական թևի շարքերն անցած պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն նախընտրական վիրավորանքների մրցավազքում բոլորին հիշեցրել է`

Թուրքիան այն երկիրն է, որտեղ հայ լինելու մեղադրանքը չափազանց քաղաքական է:

Այս պատգամավորը հայ լինելու մեջ մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հիմնադիր առաջնորդին: 

Ֆեթուլլահ Գյուլենի հայ լինելու մասին առաջին շշուկները տարածվեցին, երբ նրա և Թուրքիայի նախագահի ընկերությունը վերածվեց թշնամության: Հայտնի պատճառներից մեկը 2013-ի կոռուպցիոն սկանդալն էր` Էրդողանի մերձավոր շրջապատի, որդու խարդախություններով: Բացահայտումների համար էրդողանականները մեղադրեցին գյուլենականներին:

Վարկաբեկության դիմաց վարկաբեկություն. թուրքական մամուլը հրապարակեց 1965-ին Գյուլենի կիսաջնջված ստորագրությամբ նամակը` ուղղված Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին: Սա մեջբերում է այդ նամակից. «Մանկության տարիներին և մասնագիտական կյանքում առիթ եմ ունեցել ճանաչելու բազմաթիվ հայերի և հայ ընտանիքների: 1915-ին հայերի նկատմամբ իրականացված մեծ ցեղասպանությունը չեմ կարող հիշել առանց նզովքի»:

Գյուլենի հայ լինելու մասին շշուկները հայտարարություններ դարձան 2016-ի ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո, երբ Գյուլենը դարձավ Էրդողանի գլխավոր թշնամին: Թուրքիայի նախագահը նրան է մեղադրում կատարվածի համար:  

Թուրքիայի նախագահի գլխավորած կուսակցության պատգամավորները գյուլենականներին մեղադրեցին Գերմանիայի բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանն աջակցելու մեջ: Գյուլենին պարբերաբար մեղադրում են Վաշինգտոնում հայկական լոբբի հետ գործակցելու մեջ: 

Պատմաբան Քադիր Միսիրօղլուն ու նրա պատմաբանների մի ամբողջ խումբ մանրամասնում է` Գյուլենի հայրը հայ էր, իսկ մայրը` հրեա: Մեկ այլ պրոֆեսոր` Թուրքիայի Էրջիյեսի համալսարանի նախկին դասախոս Շաքիր Բաթմազն ասել է. «Երբ որպես պատմաբան վերլուծում եմ, հաշվի առնելով նրա բնակության տարածքը, մտածում եմ, որ Գյուլենը հայկական ծագում ունի: Էրզրումում, որտեղ նա ծնվել է, անցյալում շատ խիտ հայկական բնակչություն է եղել»: Այս դասախոսը հիմա մեղադրվում է գյուլենականների կազմակերպությանն անդամակցելու մեջ և ուշագրավն այն է, որ նրա մեղադրականում նշված է` հայերի մասին գիտաժողովներ է կազմակերպել Թուրքիայում, գիտաժողովների է մասնակցել Հայաստանում:

Եվ այս ամենի ֆոնին Թուրքիայի նախագահի` հայկական շրջանակներում ամենահայտնի թեկնածուն` Դողու Փերինչեքը ընտրողներին հիշեցրել է, թե ինչ «հաջողությունների» է ինքը հասել Հայոց ցեղասպանության ժխտելու առումով, երբ իշխանություն չէր և հիմա իշխանություն է ուզում: Փերինչեքը հայտնի է ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի դեմ իր սկսած դատավարությամբ: Շվեյցարիայում դատապարտվել էր Ցեղասպանությունը հերքելու հոդվածով, ՄԻԵԴ-ում արդարացվել` խոսքի ազատության հոդվածով:

    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք