Հավաքականը սկսում է Ազգերի լիգայի խաղարկությունում. շանսեր կա՞ն

Հավաքականը սկսում է Ազգերի լիգայի խաղարկությունում. շանսեր կա՞ն

Մեր թիմն արդեն սկսել է նախապատրաստվել Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հետ խաղերին: Առաջին խաղը սեպտեմբերի 6-ին է, Վազգե Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 20-ին:

Ի՞նչ է Ազգերի լիգան

Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարն է, որն առաջին հերթին ցածր վարկանիշ ունեցող եվրոպական  հավաքականներին հնարավորություն կտա այլ ճանապարհով հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: 55 հավաքականներն ըստ իրենց վարկանիշների  բաժանվել են 4 դիվիզիոնների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը կնվաճի Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Մրցաշարի հիմնական գաղափարն այն է, որ խմբային փուլում մրցում են կարգով մոտավորապես հավասար թիմեր:

Վարդան Մինասյանի պաշտոնական «նորամուտը»

Սա նորամուտ համարել չի կարելի, բայց փաստացի այդպես է: Մինասյանի անունին են վերագրվում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն արդյունքներն ու հաղթանակները, բայց մասնագետն այժմ այլ խնդրի առաջ է կանգնած, այլ ֆուտբոլիստներով ու երկրպագուների այլ պահանջով: 4-5 տարի առաջ եւ մարզիչն էր ուրիշ, եւ կազմը: համեմատած Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների նախընտրական փուլերի հետ, մեր մցրակիցները համեստ են` Լիխտենշտեյն, Ջիբրալթար եւ Մակեդոնիա: Այս մրցակիցներին, իսկապես, կարելի է հաղթել եւ դա քաջ գիտակցում են ֆուտբոլիստները, մարզիչը` առավել եւս: Խմբային փուլը հաղթահարելու եւ առաջ շարժվելու շանսերն իրոք շատ են, եւ դրանից պետք է օգտվել:



Համալրումներ խաղից առաջ

Վարդան Մինասյանը նախապես հրապարակած կազմում 2 փոփոխություն է կատարել: Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրից հետո հավաքական են հրավիրվել Գանձասար-Կապանի պաշտպան Հայկ Իշխանյանը և Կիպրոսի Էնոսիս Պարալիմնի ակումբի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Նոր ակումբում Համբարձումյանն արդեն 1 հանդիպում անցկացրել է` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Փոխարենը, առաջիկա 2 խաղերին  վնասվածքի պատճառով չի մասնակցի կոլումբական Բոյակա Չիկո ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը:

Ովքե՞ր չեն խաղա եւ ինչո՞ւ

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբ չունենալու պատճառով չի հրավիրվել Գաել Անդոնյանին և Յուրա Մովսիսյանին: Կամո Հովհաննիսյանը ենթարկվել է կույրաղիքի վիրահատության և դեռ ապաքինվում է: Վնասվածքների պատճառով Երեւան չեն ժամանել Ռուսլան Կորյանը, Էդգար Բաբայանը եւ Պետրոս Ավետիսյանը:

Նույն գույներով, բայց այլ դիզայնով

Սեպտեմբերի 6-ին հավաքականի տղաներին առաջին անգամ կտեսնենք նոր մարզահագուստով: Այն macron ապրանքանիշի է եւ եկել է փոխարինելու Adidas-ին: Տնային խաղերի համար նախատեսված մարզահագուստը կարմիր է, արտագնա խաղերինը` սպիտակ: Այն պաշտոնապես ներկայացրել էին Հրայր Մկոյանն ու Կառլեն Մկրտչյանը:



Գրել կարծիք