Սև ծովից Ազովի ծով. Ռուսական նավերը հարվածել են ուկրաինականին

Սև ծովից Ազովի ծով. Ռուսական նավերը հարվածել են ուկրաինականին

Ուկրաինական 3 ռազմանավ որոշել է պլանային անցում կատարել Օդեսայից Մարիուպոլ՝ այսինքն հատել Կերչի նեղուցը և մտնել Ազովի ծով: Ռուս սահմանապահները պահանջել են կանգնել, քանի որ անցումը համաձայնեցված չի եղել:

Ուկրաինական նավերը որոշել են պլանային անցում կատարել Օդեսայից Մարիուպոլ, այսինքն` Սև ծովից Ազովի ծով: Սա նշանակում է անցում Կերչի նեղուցով, որը, Ղրիմը միացնելուց հետո ամբողջությամբ հսկում են ռուսները: Ուկրաինան դա անօրինական է ճանաչում, հետևաբար չի պատասխանում ռուս սահմանապահների պահանջներին: Ռուսական նավերը հարվածում են ուկրաինական 3 նավերից մեկին, օդ են բարձրանում կործանիչները, սկսվում է հրաձգություն, 2 ուկրաինացի վիրավորվում է:

«Ամբողջ աշխարհը սրանով տեսավ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները մեր նավերի դեմ»,- ասում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն:

Ուկրաինական նավերն ու նավաստիներին ռուս սահմանապահները կալանավորել են: Ռուսաստանի ԱԳ նախարարը շտապ հեռացել է Յունեսկոյի միջոցառումից:

«Չեմ կարող մասնակցել ձեր աշխատանքին` հաշվի առնելով արտաքին քաղաքական որոշ հարցերում լարված իրավիճակը», – ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ավելի ուշ Սերգեյ Լավրովը հայտարարել է` Ուկրաինան կոպտորեն խախտել է միջազգային բազմաթիվ նորմեր` տեղի ունեցածը որակելով ակնհայտ սադրանք: Մոսկվան շեշտում է` Ուկրաինան սա անում է Պորոշենկոյի ցածր վարկանիշը ընտրությունից առաջ բարձրացնելու համար: Ուկրաինան նախագահ է ընտրելու մարտի վերջին: Պորոշենկոյի վարկանիշը ցածր է:

«Այնտեղ շատ հետաքրքիր զարգացումներ են, արդեն հայտարարել են, որ ընտրությունները ժամանակին տեղի չեն ունենա», – ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Կիևում կրքերն ավելի լարված են: Պորոշենկոն անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է երկրում երկու ամիս ժամկետով ռազմական դրություն հայտարարելու մասին: Այժմ խորհրդարանը պետք է հաստատի նախագահի առաջարկը:

«Ռուսաստանի իշխանությունից պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ուկրաինական նավերն ու մեր զինծառայողներին: Նաև պահանջում եմ հանդարտեցնել իրավիճակը Ազովի ծովում և մյուս բոլոր ուղղություններում», – ասում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց դեմ բողոքելու համար դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով շտապ կազմակերպել արտահերթ քննարկում:

 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք