Մեծ ընտրության օր ԱՄՆ-ում. ինչպե՞ս են ընտրում ԱՄՆ Կոնգրեսը

Մեծ ընտրության օր ԱՄՆ-ում. ինչպե՞ս են ընտրում ԱՄՆ Կոնգրեսը

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում ընտրելու են Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներին: Միջանկյալ ընտրությունները կարող են վճռել Թրամփի քաղաքականությունն առաջիկա 2 տարիներին:

Յուրահատուկ ընտրակարգ

Կոնգրեսը բաղկացած է երկու պալատից: Ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ունի 435 անդամ, որոնք ընտրվում են 2 տարի ժամկետով: Յուրաքանչյուր նահանգի տեղերը սահմանվում են ըստ բնակչության քանակի: Ըստ այդմ՝ Կալիֆոռնիան ունի ամենամեծ բնակչությունը, հետևաբար՝ ամենաշատ տեղերը Ներկայացուցիչների պալատում՝ 53, Ալյասկան՝ 1:

Վերին պալատը՝ Սենատը, բաղկացած է 100 տեղից: 50 նահանգ՝ 2-ական սենատոր սկզբունքով: Նրանց ընտրում են 6 տարի ժամկետով: Յուրաքանչյուր 2 տարին մեկ թարմացվում է Սենատի 1/3-րդը:

Միջանկյալ յուրաքանչյուր 2-րդ ընտրություն համընկնում է նախագահի ընտրության հետ, որն ընտրվում է 4 տարի ժամկետով:

2018-ի նոյեմբերի 6-ին ընտրվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 35 սենատոր, նաև 36 նահանգապետ : Նույն օրը ընտրվելու են նաև որոշ քաղաքների քաղաքապետեր:

Ներկայացուցիչների պալատում, վերջին ընտրության արդյունքով, մեծամասնությունը հանրապետական են՝ 235 տեղ:

Սենատում, վերջին ընտրության արդյունքով, մեծամասնությունը նույնպես հանրապետական են՝ 51 տեղ 49-ի դիմաց:

Ինչո՞ւ են քվեարկում երեքշաբթի

Միջանկյալ ընտրության օրը որոշվել է դեռ 1845 թվականին: Այն միշտ անցկացվում է ամեն 2-րդ նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի: 19-րդ դարի կեսերին կիրակի օրն ամերիկացիների համար ընտանիքով պարտադիր եկեղեցի այցելելու օր էր: Այն ժամանակ ընտրատեղամասերը բնակավայրերից հեռու էին, և տնից ընտրատեղամաս հասնելու համար մարդիկ երկար ճանապարհ պետք է կտրեին: Ընտրությանը մասնակցելու և տուն վերադառնալու համար անհրաժեշտ էր առնվազն մեկ օր: Դրա համար որոշվեց երկուշաբթին թողնել ճանապարհի համար, քվեարկությունն էլ տեղափոխել երեքշաբթի:


Կարդացեք նաև.


Ինչո՞ւ են կարևոր միջանկյալ ընտրությունները

Առաջիկա ընտրությունը կարող է վճռական ազդեցություն ունենալ Թրամփի արտաքին քաղաքականության վրա: Փորձագետները միջանկյալ ընտրությունը որակում են նախագահի հեղինակության ինդիկատոր: Ընտրությունից հետո Սենատում փոխվելու են հանձնաժողովների նախագահները: Եթե դեմոկրատներն այստեղ հաղթեն, Թրամփի՝ հատկապես արտաքին քաղաքական նախաձեռնությունները կհանդիպեն փաստացի արգելափակման: Սենատն է հաստատում արտաքին հարցերով առանցքային պաշտոնյաներին և Սենատն է հաստատում միջազգային պայմանագրերը: Հանրապետականների համար աղետալի կլինի մեծամասնության կորուստը, քանի որ միջազգային առևտրային համաձայնագրերը, որոնք Թրամփի քաղաքականության առանցքում են, փաստացի կյանքի չեն կոչվի: Բացի այդ, պաշտոնները լքելու են նաև Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարցերով զբաղվող առանցքային դերակատարները: Եթե դեմոկրատներն այստեղ մեծամասնություն ստանան, կրկին խնդիրներ կստեղծեն արտաքին հարցերում, բայց շատ որոշումներ արգելափակել չեն կարողանա:

Այնպես որ, եթե հանրապետական նախագահը կորցնի մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, շատ լուրջ խնդիրներ կունենա իր նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին: Սենատում մեծամասնությունը կորցնելու դեպքում էլ Թրամփի բազմաթիվ ծրագրեր պարզապես կմնան թղթի վրա, իսկ առջևում՝ 2 տարի անց, նախագահական ընտրություններ են:


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


Գրել կարծիք