Ովքե՞ր են Հայաստանի առաջնության 5 լավագույն լեգեոնականները. թվեր, փաստեր, պարզաբանում

Ովքե՞ր են Հայաստանի առաջնության 5 լավագույն լեգեոնականները. թվեր, փաստեր, պարզաբանում

Ներկայացնում ենք մեր առաջնությանը մասնակցող 5 լավագույն լեգեոնականներին:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում եղանակ ստեղծող ֆուտբոլիստներից շատերը լեգեոնականներ են: Ընթացիկ մրցաշրջանի երկու լավագույն ռմբարկուներն արտասահմանից են. Ջոնել Դեսիրեն (Լոռի) եւ Անտոն Կոբյալկոն (Արարատ-Արմենիա):

5. Վլադիմիր Խոզին – Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իզուր չէ ավագի թեւկապը վստահել պաշտպան Վլադիմիր Խոզինին: Ռուս ֆուտբոլիստը ոչ միայն իր խաղով, այլեւ խաղադաշտում իր կարգապահությամբ է արժանի թիմի ավագի թեւկապին: Խոզինը բարձրահասակ է, գրեթե միշտ միանում է թիմի գրոհներին ու իրեն լավ է դրսեւորում երկրորդ հարկում, հատկապես՝ ստանդարտների ժամանակ: 29-ամյա ֆուտբոլիստը խաղերի 96 տոկոսում եղել է մեկնարկային կազմում, խփել է երեք գնդակ ու կատարել 2 գոլային փոխանցում: Խոզինն Արարատ-Արմենիայում հանդես է գալիս վարձավճարով, որն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Սակայն Արարատ-Արմենիայի ղեկավարությունը, հնարավոր է, բանակցություններ սկսի Եկատերինբուրգի Ուրալի հետ պայմանագիրը երկարաձգելու կամ տրանսֆերը գնելու շուրջ: Խոզինի տրանսֆերը գնահատվում է 400 հազար եվրո:

4. Իսահ Ալիյու – Հատկապես մրցաշրջանի սկզբում Լոռիի խաղը կառուցող ֆուտբոլիստը Իսահ Ալիյուն էր: Վանաձորյան թիմի նիգերիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում աչքի է ընկնում ոչ միայն խփած գնդակներով, այլեւ՝ գոլային փոխանցումներով: Ալիյուն դարձել է 6 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: Դա է պատճառը, որ նա հանդիպումների գրեթե 90 տոկոսում եղել է մեկնարկային կազմում, խաղադաշտում միջինն անցկացրել է 85 րոպե եւ մասնակցել է թիմի խփած գոլերի 31 տոկոսին: Եթե հաշվի ենք առնում, որ Ալիյուն ընդամենը 19 տարեկան է, ապա Բարձրագույն խմբի առաջնությունում նման արդյունավետ լեգեոնականի առկայությունը կարող է լրացուցիչ շարժառիթ հանդիսանալ հայ փորձառու եւ սկսնակ ֆուտբոլիստների համար:

3. Ուրոշ Նենադովիչ – 2017-ի գարնանն Ալաշկերտը գնեց գուցե իր պատմության ամենաաշխատասեր լեգեոնականին: Աշխատասեր, միեւնույն ժամանակ՝ արդյունավետ. Այս երկու բառով հայկական ֆուտբոլում կարելի է բնութագրել Ալաշկերտի հարձակվող Ուրոշ Նենադովիչին: Սերբ հարձակվողը ոչ միշտ է լինում թիմի մեկնարկային կազմում, սակայն այս ֆուտբոլիստն առանձնանում է իր յուրահատուկ գոլային հոտառությամբ: Մրցաշրջան 2018-2019-ում շատ են դեպքերը, երբ փոխարինման դուրս գալուց հետո Նենադովիչը վճռել է խաղի ելքն ու հաղթանակ պարգեւել գործող չեմպիոնին: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ալաշկերտի 30 խաղերից 23-ին, խաղադաշտում անցկացրել է ավելի քան 1600 րոպե, իր ակտիվում ունի 6 գնդակ, սակայն առաջիկա 5 տուրերում կարող է ավելացնել՝ հատկապես, երբ Ալաշկերտը չեմպիոնի կարգավիճակը պահպանելու խնդիր ունի:

2. Անտոն Կոբյալկո – Բնավ չի զգացվում, որ բարձրագույն խմբում հանդես եկող Անտոն Կոբյալկոն 32 տարեկան է կամ մոտ է կարիերայի մայրամուտին: Արարատ-Արմենիայի հարձակման ծանր հրետանին ընթացիկ մրցաշրջանում 11 գնդակ է խփել ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: 29-րդ տուրի՝ հետնապահ Արարատի հետ խաղում ռուս հարձակվողը խփեց իր 11-րդ գոլն ու ռմբարկուական ցուցակում շրջանցեց Արարատ-Արմենիայում իր նախկին խաղընկեր Իվալյո Դիմիտրովին: Կոբյալկոն հատկապես ակտիվացավ մրցաշրջանի երրորդ եւ չորրորդ շրջաններում: Իր 11 գոլերից տասը Կոբյալկոն խփել է վերջին 12 խաղում եւ հիմա առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարում է Լոռիի հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ:

1. Ջոնել Դեսիրե – Հայիթիի ազգային հավաքականի հարձակվողն իր խփած գնդակներով եւ գեղեցիկ ընտանեկան պատմությունով՝ մեր հաղորդման վարկածով Բարձրագույն խմբում հանդես եկող լավագույն լեգեոնականն է: 14 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ դարձած հաիթցին անցկացնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը. նա այսպիսի վիճակագրություն չի ունեցել իր նախորդ ակումբներից ոչ մեկում: 22-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության 26 հանդիպման ու վանաձորյան ակումբի գլխավոր հաղթաթուղթն է: Հայաստանում նա ոչ միայն գտավ իր լավագույն խաղը, այլեւ՝ կյանքի լավագույն ընկերոջը: Դեսիրեն եւ Մանեն պսակադրվել են անցած դեկտեմբերին: Հաիթիի հավաքականի ֆուտբոլիստը բարձրագույն խմբի առաջնությունում վիճակագրություն խախտելու ճանապարհին է: Վերջին անգամ մեր առաջնությունում լավագույն ռմբարկու դարձած լեգեոնականն Ալաշկերտի հարձակվող Էբեր Արաուժո Դոս Սանթոսն էր, որը մրցաշրջան 2015-2016-ում 16 գոլ էր խփել: Հետո երկու տարի անընդմեջ լավագույն ռմբարկու է դարձել Ալաշկերտի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը. Դեսիրեն ընդամենը 5 տուր ունի իր կարգավիճակը հաստատուն պահելու համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք