Գրված է հոգատարությամբ ու մատուցված՝ հումորով. Սիրո 5 լեզուները

October 22, 2019

Ամերիկացի հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքն իսկական ուղեցույց է բոլորի համար: Իր չպարտադրող ոճով ու թեթևությամբ գիրքն օգնում է ավելի լավ հասկանալ դիմացինին ու նրա սիրո լեզուն:


«Եթե գրքում գրածս խորհուրդներն իմանայի նախքան ամուսնանալը, կյանքս կհեշտանար: Ես և կինս շատ ենք պայքարել` մեր ամուսնությունը փրկելու համար: Գիրքը գրելով ես մարդկանց օգնել եմ պատրաստ լինել ամուսնությանն ու առհասարակ հարաբերություններին: Հուսամ` գիրքն իսկապես կօգնի նվազեցնել կոնֆլիկտները, որոնց միջով անցել ենք ես ու կինս», - ասում է Գերի Չեփմենը:



Գրքի լեզուն պարզ է ու հստակ. Գաղափարախոսությունը մեկն է` սիրելիի հետ խոսել սիրո ի՛ր լեզվով: Այստեղ իրական պատմություններ են, իրական մարդիկ ու իրական խնդիրներ, որոնք լուծելու համար հատուկ ջանքեր հարկավոր չեն: Պետք է պարզապես գտնել ճիշտ բանաձևը:

«Մարդիկ սիրում են իրար, ամուսնանում, հոգ տանում միմյանց մասին. ամեն ինչ հրաշալի է: Եվ նրանց թվում է, թե դա ամբողջ կյանքի համար է: Բայց հաճախ ինչ-որ բան սխալ է գնում: Վեճերն ու խնդիրներն անխուսափելի են նույնիսկ երբ ամուսինները սիրում են միմյանց: Գրքում խորհուրդներ են, որոնք կօգնեն ճիշտ քայլեր անել այդպիսի ճգնաժամերի դեպքում», - ասում է Գերի Չեփմենը:



Ի՞նչ են ձեզնից պահանջում կամ ի՞նչ եք դուք պահանջում դիմացինից` ավելի ամուր հարաբերություններ հաստատելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գրքում են: «Սիրո 5 լեզուները» գիրք-խորհրդատուն իդեալական «սեղանի գիրք» է, որը պարբերաբար վերընթերցելը ոչ թե ժամանակի կորուստ է, այլ ինքնակրթություն:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում