Ադրբեջանը խոշոր տրամաչափի դիպուկահարներով թիրախավորում է հայկական դիրքերը

May 3, 2019

Արցախի հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի մարտական դիրքերի հատվածում գիշերն Ադրբեջանի բանակը խոշոր տրամաչափի դիպուկահարներից, գնդացիրներից և ինքնաձիգերից արձակել է 300-ից ավելի կրակոց: Սրանից բացի ադրբեջանական զինուժը ՍՎԴ տիպի դիպուկահարներից կրակ է վարել Պաշտպանության բանակի արևելյան՝ Ակնայի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հացի մեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը:


Արցախի պաշտպանության բանակը հատուկ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն է հրավիրում այս փաստերի վրա: Ընդգծելով, որ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանն անցել է ակտիվ գործողությունների՝ թիրախային կրակոցներից մինչև ինժեներաամրաշինական ծավալուն աշխատանքներ:



Ադրբեջանն անցել է ակտիվ գործողությունների



Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգությունները փոխանցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Դեսպան Կասպրշիկի հետ հանդիպմանը շեշտվել են նաև  Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ հրադադարի խախտման դեպքերը, ինչի հետևանքով վիրավորվել էր հայ զինծառայող:


Ադրբեջանն ավանդական ագրեսիվ վարքն է դրսևորում նաև քաղաքական և դիվանագիտական հարթակներում: Այս անգամ Բաքվի ջղաձգումները Արցախի արտգործնախարարի Արգենտինա կատարած այցի պատճառով են:



Բաքվի ջղաձգումները Արցախի արտգործնախարարի Արգենտինա կատարած այցի պատճառով են:



Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե Մասիս Մայիլյանը որևէ պաշտոնական հանդիպում չի ունեցել: Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է:


Սրանք կադրեր են Արցախի արտգործնախարարի և Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հանդիպումից: Նույն օրն Արցախի պատվիրակությունն ընդունել է Արգենտինայի նախկին արտգործնախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու խորհրդի անդամ Խորխե Թայանան:


Այս հանդիպումները միջազգային կապերն ինտենսիվ զարգացնելու Արցախի իշխանությունների որոշման տրամաբանության մեջ են: Արցախի անվտանգությունն ապահովող բանակն էլ ադրբեջանական կողմին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում