Թռիչք` 140 կմ/ժ արագությամբ 123 մետր բարձրության վրա

August 24, 2019

Էքստրիմի սիրահարների համար Yerevan ZipLine Airlines-ը հատուկ առաջարկ ունի: Ադրենալինի պաշարը կավելանա, եթե վահանակի մեկ շարժումով և հատուկ VR ակնոցով տեղափոխվեք վիրտուալ իրականություն ու հայտնվեք տիեզերքում: Զիփլայնը վիրտուալ իրականության միջոցով այցելուներին տեղափոխում է միանգամայն այլ՝ «տիեզերական» միջավայր, մինչ նրանք թռչում են Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի՝ Հրազդանի կիրճի վրայով:


Այս զիփլայնը տարածաշրջանում ամենաերկարն է՝ 1.5 կմ և միակն ամբողջ աշխարհում, որն անցնում է կամրջի տակով՝ 87-90 մ բարձրության վրա: Թռիչքի սկզբնակետը Արաբկիրի (Մոլոկանի) այգուց է: Իսկ թռչել կարելի է մինչև Հրազդանի կիրճ: Զիփլայնի առաջին թռիչքուղու երկարությունը 870 մ է, բարձրությունը՝ 123 մ ամենաբարձր հատվածում: Երկրորդի երկարությունը 650 մ է, բարձրությունը՝ 60 մ։ Զիփլայնը հնարավորություն է տալիս զարգացնել մինչև 120-140 կմ/ժ արագություն՝ պարգևելով էներգիայի և ադրենալինի մեծ պաշար։

Նրանք, ովքեր առաջին անգամ են թռչելու զիփլայնով և բարձրությունից վախենում են` դրա լուծումը նույնպես կա: VR ակնոցով կարելի տեսնել զիփլայնի ամբողջ թռիչքուղին` վիրտուալ տարբերակով և լսել անգամ ձայները:


Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ծրագրի շրջանակում Yerevan ZipLine Airlines-ն իրականացրել է բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ զիփլայնի հարակից տարածքում:

«Որպես արկածային ժամանցի սիրված տեսակ՝ զիփլայնը բարձրացնում է ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Հուսով եմ, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուց հետո զիփլայնը կբարձրացնի մեր երկրի վարկանիշը, ինչն էլ իր հերթին ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի»,-նշում է Yerevan ZipLine Airlines-ի տնօրեն Ժիրայր Մուշեղյանը:


«VR» զիփլայնն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և ակտիվացնել հասարակական կյանքը:


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում