[Իրականում̀ ոչ] Նորմա՞լ է, որ պատգամավորը 150․000 դոլարանոց մեքենա է վարում

May 8, 2019

Այդ մեքենայի շուկայական արժեքը 150 հազար դոլար է: Ավելի ուշ պատգամավորը պարզաբանեց, որ մեքենան պատկանում է իր ընկերոջը: Ռուսաստանից եկած ընկերն այստեղ վատ է զգացել, ինչի պատճառով ինքը վարել է այդ մեքենան:
Պատգամավորը կարող է վարել ընկերոջ 150 հազար դոլար արժողությամբ մեքենան: Հետո՞ ինչ, որ Հայկ Սարգսյանը պատգամավոր է դարձել հանգամանքների բերումով: Նա երիտասարդ է, և ինչպես ցանկացած քաղաքացի, նա ևս իրավունք ունի վարել թանկ ու հարմարավետ մեքենա: Հատկապես, որ այդ մեքենան իրենը չէ̀ ընկերոջինն է: Ի՞նչ զարմանալու բան կա թանկ մեքենա վարելու մեջ:
Картинки по запросу Հայկ Սարգսյան մեքենա
Մեքենան կարող էր լինել նաև հենց պատգամավորինը: Ի՞նչ է՝ պատգամավորը չի՞ կարող 150-հազարդոլարանոց մեքենա ունենալ: Քաղաքի ծայրամասում բենզալցակայան ունեցողի որդին կարող է 150 հազար դոլարի մեքենա վարել, պատգամավորին արգելվա՞ծ է: Մենք ի՞նչ ենք ուզում, կամ ինչի՞ ենք սպասում․ մեր պատգամավորները չքավո՞ր պետք է լինեն: Հակառակը̀ պետք է ձգտենք, որ Հայաստանում բոլոր պատգամավորները կարողանան 150 հազար դոլար արժողությամբ մեքենա ունենալ:
Ի վերջո պատգամավորը կարող էր այդ մեքենան գնել իր ընտանիքի խնայողութունների հաշվին: Ինչ է, խնայողություններ ունեցող քաղաքացիներին արգելվա՞ծ է մասնակցել խորհրդարանական ընտրությանը: Այլ բան, որ հարուստներին օրենքով արգելվեր մասնակցել ընտրություններին: Հիմա նոր Սահմանադրությամբ քաղաքացիները կարող են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, հետևաբար հարուստների ընտրվելուն դեմ քաղաքացիները կարող են ստորագրահավաք նախաձեռնել և 150 հազար դոլար գին ունեցող մեքենայի սեփականատերերին օրենքով արգելել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Բայց նորմա՞լ է, որ պատգամավորը 150․000-դոլարանոց մեքենա է վարում: Իրականում̀ ոչ:


Իրականում Հայկ Սարգսյանը պատգամավոր ընտրվելուց հետո այլևս «ախռանիկ» չէ, ինչպես նկատել էր իր հայրը: Հայկ Սարգսյանը պատգամավոր է: Նա, ինչպես սիրում են կրկնել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները, «Նոր Հայաստանի» կուսակցական գործիչ է, հետևաբար թանկ կաբրիոլետը Երևանի փողոցներում «ճռռացնելը» քաղաքական հետևանքներ պետք է ունենա:
Հայկ Սարգսյանը իշխանության է եկել մի քաղաքական հոսանքի հետ, որը աղբամաններով կտրում էր նախորդ իշխանության 150-հազարդոլարանոց մեքենաների ճանապարհը: Պատգամավորի ներկայացրած քաղաքական ուժը փակում էր նախորդ իշխանության արագաչափերն ու խոստանում ջնջել կարմիր գծերը: Այսինքն̀ Հայկ Սարգսյանի ներկայացրած կուսակցական ուժը իշխանության եկավ հենց այդ պատճառով, որ նախորդ իշխանավորների և նրանց ընկերների 150-հազարդոլարանոց մեքենաների «ճռռոցները» աչք ու ականջ էին ծակում Երևանի փողոցներում:

Հիմա̀  նորմա՞լ է, որ պատգամավորը քշում է իր ընկերոջ՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենան


Ավտորիտար ռեժիմով և համակարգային կոռուպցիայի մեջ թաթախված երկրում նորմալ է։ Դեմոկրատացող և կոռումպազերծվող երկրում՝ անթույլատրելի։ Իշխող քաղաքական ուժի վերին էշելոնի ներկայացուցիչը, որը խորհրդարանում օրենքներ գրելու լիազորություն ունի, ընկերոջ 150․000-անոց մեքենան քշելիս մեխանկորեն զրկվում է անմեղության կանխավարկածից և անմիջապես ենթարկվում մեղավորության կանխավարկածին, քանի որ նա ոտք է դնում պոտենցիալ կոռուպցիոն սխեմաների լաբիրինթոս։
Պատգամավորի ընկերը կարող է նրան այլ «լավություններ» էլ անել, որպեսզի հետագայում իր բիզնեսի համար օրենսդրական բազա ստեղծող լինի խորհրդարանում, կամ լոբբիստ՝ ԱԺ միջանցքներում։ Պատգամավորի՝ 150․000-անոց մեքենայի ընկերական «տժժիկներով» պիտի զբաղվի ԱԺ էթիկայի հանձնաժողովը, պատգամավորի ընկերոջ մեքենայի համար վճարված փողի ծագմամբ պետք է զբաղվի ԱԱԾ-ն։


Կարդացեք նաև. 



Այդ պատգամավորի բարոյական կերպարով և քաղաքական դաստիարակությամբ պետք է զբաղվի նրա հարազատ կուսակցությունը (եթե իրոք կուսակցություն է) և պետք է հաշվետվություն պահանջի գործարար աշխարհի էլիտային պատկանող պերսոնաժների հետ ընկերական շփումների մասին։ Այդ պատգամավորը պետք է դառնա խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության թիրախը։ Այդ պատգամավորի հետ շփումներում պետք է զգուշանան ՀՀ-ում գործող միջազգային կառույցների գրասենյակները և դեսպանատները, քանի որ նա հայտնվել է պոտենցիալ կոռումպանտի համար նախասահմանված դժոխքի վերին պարունակներում։
Սոցցանցերը, քաղհասարակությունը, իրավապաշտպան ՀԿ-ները պետք է այդ պատգամավորին «քարկոծեն» նույն ջերմեռանդությամբ, ինչ նախորդ իշխանության ժամանակ քարկոծում էին բոլոր այն «իշխանիկներին», որոնք Երևանի փողոցներում «ճռռցնում էին» իրենց շաքարով զոքանչների բենթլիները, ապրում էին իրենց աղքատ ազգականների դղյակներում, պաշտպանում էին մի խեղճուկրակի անունով գրանցված իրենց խոշոր բիզնեսի շահերը, ամերիկաների ու ռուսաստանների իրենց ընկերներից «հենց այնպես» նվերներ էին ստանում թանկ մեքենաներ, թանգարանային կահույք, սուպեր-էլիտար բրենդների հագուստ, զարդեղեն և օծանելիք, Մոնակոյի դուքսին վայել շվեյցարական ժամացույցներ, գերժամանակակից ռադիոէլեկտրոնիկայով ճխտած ամառանոցներ, ջրի գնով՝ ահռելի շենք-շինություններ, մեծ քանակությամբ ոսկի ու անտիկվարիատ, օֆշորային գրանցմամբ բիզնես-կոնգլոմերատի համասեփականատիրության վկայական կամ իրենց հարազատ համագյուղացի, մանկության ընկեր գյուղապետից՝ 150․000-հեկտարանոց այգեգործական նշանակության տարածքներ։ Նախկինների դեպքում սա կոչվում էր կոռուպցիա։ Ավելին․ համակարգային կոռուպցիա։ Իսկ այժմ՝ ոչ համակարգային, բայց դուխով ակցիա։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում