Ջեյմս Ապատուրայ. «ՆԱՏՕ-ն կազմակերպում է գլխավոր քարտուղարի այցը Հայաստան»

March 18, 2019

Դավիթ Սարգսյան – Պարոն Ապատուրայ, բարի գալուստ Հայաստան: Դուք տարբեր հանդիպումներ եք ունեցել այստեղ, բայց չեք հանդիպել վարչապետի հետ: Ինչո՞ւ:
Ջեյմս Ապատուրայ – Անկեղծ ասած, հանդիպում ծրագրված էր, բայց մի քանի օր առաջ պարզվեց, որ վարչապետը մեկնելու է երկրից, կար չորեքշաբթի առավոտյան հանդիպելու հնարավորություն, բայց ես արդեն չէի կարող փոխել իմ մեկնելու տոմսը, զուտ լոգիստիկ խնդիր էր: Ես ակնկալում եմ, որ մենք դեռ կհանդիպենք: Բացի այդ, պատրաստ ենք վարչապետին հարմար ժամանակահատվածում հյուրընկալել նրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կազմակերպել հանդիպում գլխավոր քարտուղարի, դաշինքի խորհրդի հետ: Այնպես որ, մեր չկայացած հանդիպման հետևում ոչինչ չկա, պարզապես տեխնիկական խնդիր էր:
ԴՍ – Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 5-րդ ծրագիրն ավարտվում է, 6-րդը դեռ չի հաստատվել, երբ այն կյանքի կկոչվի: Մեր մամուլը գրում է, որ քաղաքական խոչընդոտներ կան, դա այդպե՞ս է:
ՋԱ – Նախ, շատ գոհացուցիչ է, որ հայկական լրատվամիջոցները գիտեն Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մասին: Քաղաքական խոչընդոտներ չկան, իմ գործընկերներն այժմ ավարտում են 5-րդ ծրագրի գնահատումը և բանակցում են նորի շուրջ: Քաղաքական որևէ խնդիր այստեղ չկա, մենք 2 հարց ենք քննարկում, մեկը, թե հավելյալ ինչ ենք անելու և երկրորդը՝ ինչն ենք խթանելու ավելի շատ, ինչն՝ ավելի քիչ: Մենք նույնն անում ենք մեր բոլոր գործընկերների հետ: Որոշ դեպքերում հստակ ժամանակացույցի մեջ հասցնում ենք, որոշ դեպքերում այդ գործընթացը փոքր ինչ երկար է տևում: Սա հասկանալի է՝ հաշվի առնելով քաղաքական փոփոխությունները, որ տեղի են ունեցել այստեղ, և որի առիթով ոմանք շահարկումներ են անում, թե քաղաքական հարցեր կան, բայց նման խնդիր չկա:
ԴՍ – Այսինքն, սա՞ էլ է տեխնիկական հարց:
ՋԱ – Այո, հարցը 100 տոկոսով տեխնիկական է:
ԴՍ – Աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին: Անցած մեկ տարվա ընթացքում 3 մեծ իրադարձություն ուղղակի ազդեցություն ունեցան մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա: Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական միջադեպը, Ռուսաստանի ահարկու հրթիռների շնորհանդեսը և միջին ու փոքր հեռահարության միջուկային հրթիռների համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալը: Այս լարվածությունը սահմանափակում է Հայաստանի նման երկրների մանևրելու դաշտը: Ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ն մեզ առաջարկել, ինչպե՞ս ընդլայնել մեր հարաբերությունները դաշինքի հետ՝ չվնասնելով ՀԱՊԿ-ում մեր պարտավորություններին՝ այսպիսի լարված միջավայրում:
ՋԱ – Շատ լավ հարց է, վստահ եմ, որ սա այն խնդիրն է, որը ձեր քաղաքական ղեկավարությունը պարբերաբար քննարկում է: Նախ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի գործողությունների պատճառով Եվրատլանտյան անվտանգությունը զգալի վատթարացել է: Ղրիմ ներխուժելն ու այն բռնակցելը հաջորդել է այնտեղ ռուսական ռազմական տեխնիկայի էական ընդլայնմանը, եղել է ցանկություն ընդլայնել ռուսական ռազմական ուժը Սև և Միջերկրական ծովերում: Բացի այդ, Ռուսաստանը նախաձեռնել է Վրաստանի երկու տարածաշրջանների անջատումը, նաև Մոլդովայում է նույն վիճակը: Սրանք Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանի ապակայունացնող քայլերի իրական օրինակներ են և սա խնդիր է ինչպես ՆԱՏՕ-ի անդամների, այնպես էլ մեր գործընկերների համար: Երկրորդը, դուք նշեցիք միջին ու փոքր հեռահարության միջուկային հրթիռների համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին: Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ, Ռուսաստանը փաստացի մնալով այդ պայմանագրի մեջ՝ ստեղծել է հրթիռներ, որոնք խախտել են այդ համաձայնագիրը և հիմա էլ տեղակայում է այդ հրթիռները: Միացյալ Նահանգները ոչ մի հրթիռ չի տեղակայել, որը խախտել է այդ համաձայնագիրը, բայց Ռուսաստանը դա անում է, հենց հիմա դրանով է զբաղված: ՆԱՏՕ-ի անդամները վստահ են, որ այս համաձայնագիրը այլևս չի գործում, որովհետև Ռուսաստանը երկար ժամանակ է խախտում է դրա դրույթները:
ԴՍ – Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանն էլ ՆԱՏՕ-ին, բայց ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ն առաջարկել Հայաստանի նման երկրներին այսպիսի իրավիճակում:
ՋԱ – Ճիշտ եք, կարևոր է դա ասել, բայց նախ կարևոր է ոչ միայն պարզապես նշել, որ մի կողմը մյուսին է մեղադրում և հակառակը, այլև ասել, որ կա հռետորաբանություն և կա իրականություն: Եվ կարևոր է, որ հեռուստադիտողները տեսնեն իրականությունը, ոչ թե լսեն միայն հռետորաբանությունը: Հիմա՝ ինչ կարող է ՆԱՏՕ-ն առաջարկել: Գլխավորը՝ որի մասին ես իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, մենք կարող ենք խորացնել գործակցությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև առանց խնդիրներ ստեղծելու հայ-ռուսական հարաբերություններում: Եվ ես այս տարիներին, իմ աշխատանքի ընթացքում, տեսել եմ, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հետևողական զարգանում են ըստ Հայաստանի՝ միմյանց հաջորդող կառավարությունների առաջնահերթությունների: Եվ սա խնդիր չէ հայ-ռուսական հարաբերություններում: Հույս ունեմ, այդպես էլ կշարունակվի, մենք գործակցելու ենք այնպես, ինչպես կցանկանա Հայաստանի կառավարությունը, այդ շրջանակից դուրս չենք գալու: Եվ իհարկե, Հայաստանի կառավարությո՛ւնը լավ գիտի, թե ինչպես առաջ մղել պետության շահը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ լինի դա ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, կամ որևէ այլ գործընկերոջ հետ: Այսօրվա իմ քննարկումների արդյունքով կարող եմ ասել, որ նրանք գիտեն, թե կոնկրետ ինչ են անում:
ԴՍ– Այս կոնտեքստում խաղաղապահ առաքելության մասին: Մենք Աֆղանստանում ենք և Կոսովոյում: Կա՞ն արդյոք նոր նախաձեռնություններ՝ ընդլայնելու առաքելության աշխարհագրությունը, կամ թվակազմը, որևէ նոր ոլորտներ, կա՞ն նոր առաջարկներ:
ՋԱ – Նախքան հնարավորությունների մասին ավելի լրջորեն խոսելու հանգրվանին հասնելը, ես կոնկրետ ոլորտների անուններ չեմ տա: Բայց թույլ տվեք 3 դիտարկում անել: Նախ, մենք շատ երախտապարտ ենք, որ Հայաստանը Աֆղանստանում 121 հոգանոց անձնակազմով գերմանացի գործընկերների հետ մեծ փոփոխություն է ապահովում: Դա իրականում մեծ ներգրավվածություն է: Զգալի թվով հայ խաղաղապահներ են նաև կոսովոյում, որտեղ նույնպես մեծ փոփոխություն են բերում: Ուզում եմ նշել, որ նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների համար ենք երախտապարտ: Ես իհարկե ձեր երկրի պաշտպանության նախարարի հետ քննարկել եմ ցանկության դեպքում ՆԱՏՕ-ի շրջանակում ավելի շատ գործողությունների մասնակցելու Հայաստանի պոտենցիալ հնարավորությունը, բայց մենք այդ քննարկումները դեռ նոր ենք սկսում: Նախքան դա, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և մեկ այլ՝ պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակում մենք օգնում ենք Հայաստանի զինված ուժերին ավելի հեշտ գործակցել այլ երկրների հետ, և այս ուղղությամբ Հայաստանը շատ մեծ աշխատանք է կատարում՝ պարզելու ռազմական հնարավորությունները, զարգացնելու միջազգային գործողություններին մասնակցելու իր կարողությունները: Հայաստանը ինչ էլ որոշի, հստակ գիտեմ, ձեռք է բարում նման գործողությունների մասնակցելու ավելի ու ավելի մեծ կարողություններ:



Կարդացեք նաև.



ԴՍ – Դուք հայտարարեցիք, որ ՆԱՏՕ-ն դիրքորոշում չունի Սիրիայում հայկական հումանիտար առաքելության վերաբերյալ, բայց դիրքորոշման բացակայությունն էլ դիրքորոշում է: Ո՞րն է դրա պատճառը, այդ հարցը շատ փո՞քր է ՆԱՏՕ-ի ուշադրությանն արժանանալու համար:
ՋԱ – ՆԱՏՕ-ն ըստ էության չունի դիրքորոշում Սիրիայի հարցում, քանի որ մենք ներգրավված չենք, չենք մեկնաբանում ոչ միայն Սիրիային առնչվող կոնկրետ հարց, այլ Սիրիայի ճգնաժամն ընդհանրապես: Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ի տարբեր անդամներ տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի հարցում: Հայաստանում նախարարների հետ հանդիպումներում ինձ բացատրեցին, թե ինչու է Հայաստանը այդ երկրում, որ դա իհարկե հումանիտար պատճառներ ունի, և իհարկե քաղաքական պատճառներ էլ կան, որոնք մենք գիտենք, ես դա շատ հստակ հասկացա և կփոխանցեմ Հայաստանի տեսակետը ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին, ամեն դեպքում այդ տեսակետը շատ հասկանալի է:
ԴՍ– ՆԱՏՕ-ն ներգրավված չէ ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերում, դրա համար չեմ ցանկանում հարցնել, թե որն է ձեր տեսակետը կարգավորման մասին, ուզում եմ հարցնել, թե ո՞րն է Ձեր տեսակետը հակամարտությունը հսկելու մասին, ի՞նչ է պետք անել առաջին հերթին:
ՋԱ – Հարցը միևնույնն է բերում է խնդրի նկատմամբ ՆԱՏՕ-ի տեսակետին: Պետք է կրկնեմ: Մենք աջակցում ենք մինսկի խմբին, հստակ ընդգծում ենք, որ պետք է լինի միմիայն խաղաղ կարգավորում: Մենք խրախոսում ենք Հայաստանի նոր կառավարության, անձամբ վարչապետի ակտիվությունը նախագահ Ալիևի հետ երկխոսության, նաև ԱԳ նախարարների հանդիպումների առումով, այդ մասին ես ԱԳ նախարարի հետ խոսել եմ: Մենք գոհ ենք, որ շփման գծում միջադեպերը նվազել են: Այս ամենը խրախուսելի է: Շատ դժվար է իհարկե առաջ շարժվելը, բայց դաշինքը աջակցելու է դրան: ՆԱՏՕ-ի 2 անդամներ համանախագահ երկրներ են, այնպես որ մենք իսկապես անտարբեր չենք և անվտանգությունն այդ հարցի շուրջ ուղղակիորեն ազդում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և իհարկե մեր գործըտնկերների՝ Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների վրա: Մենք իսկապես ցանկանում ենք տեսնել որքան հնարավոր է արագ և խաղաղ կարգավորում:
ԴՍ – Եվ ե՞րբ կգա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան:
ՋԱ – Այդ ուղղությամբ աշխատում ենք:
[embed]https://youtu.be/nElMV23XE94[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում