Քրեական խառնաշփոթ. ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կարագանդայում

January 8, 2019

Ամանորի ճաշկերույթը Կարագանդայի Հին Հռոմ ռեստորանում ավարտվեց ծեծկռտուքով, սպանվեց մեկ, վիրավորվեց երեք ղազախ: Դանակահարության կասկածանքով ձերբակալվեցին երկու հայեր Սոխակ Մալխասյանը և Թորգոմ Մալխասյանը, ևս մեկ հայ՝ Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
Ամանորի չարաշահված ալկոհոլը վերաճեց ազգայնական ատելության: Հայերին պատժելու կոչերով փողոց դուրս եկան տեղացիները: Ղազախների ատելությունը հրահրվում էր սոցցանցերում: Հենց ազգամիջյան ատելություն սերմանելու համար էլ հարուցվեց ևս մեկ քրեական գործ:
Կարագանդայի մի խումբ ղազախներ որոշեցին հայերից վրեժ լուծել ու մտան ադրբեջանական Բաքու սրճարան:
Չնայած պատին կախված ադրբեջանի դրոշին՝ ղազախները սպառնացել են հակահայկական հաշվեհարդարով: Սոցցանցերում տեսանյութը լայն արձագանք է ստացել, ոմանք ահազանգել են քաղաքում ատելության, մյուսները՝ ցածրագույն ինտելեկտի առկայության մասին:
Իրավապահներն այժմ երկու քրեական գործ են քննում: Ղազախստանում հայաստանի դեսպանատունը և Ղազախստանի դատախազությունը հայտարարել են՝ սպանությունը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել՝ դատապարտելով ատելության քարոզը բազմազգ Ղազախստանում:
Կարագանդայում տեղի ունեցած դանակահարությունը չի կարող ազգամիջյան կոնտեքստ ունենալ, քանի որ հենց դանակահարողների խմբում եղել է ազգությամբ ղազախ քաղաքացի: Վարչապետի պաշտոնակատարն է արձագանքում Երևան-Աստանա օրակարգի վերջին շաբաթվա գլխավոր հարցին:


«Լրատվամիջոցներին կոչ եմ անում ստուգել նոր հրապարակել տարբեր կեղծ լուրեր կան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:



Կարագանդայում ստեղծված իրավիճակը մեղմելու փորձ է կատարում տեղի հայ համայնքը: Տեսաուղերձում համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ անկախ ազգային պատկանելությունից մեղավորները պետք է պատժվեն:

«Ցավոք, միջադեպին մասնակցել են հայեր: Մենք սգում ենք, անկեղծ ներողություն ենք խնդրում կատարվածի համար: Ցավակցում ենք զոհվածի հորը, ընտանիքին և մտերիմներին», - ասել է Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Նավասարդյանը:



Համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ օգնում են ոստիկաններին Հայաստանի որոնվող քաղաքացուն գտնելու հարցում: Ղազախստանի խորհրդարանի հայ պատգամավոր Նարինե Միքայելյանը բացառիկ մանրամասներ է հայտնում: Հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ողբերգության գլխավոր կասկածյալն է: Ղազախստան էր ժամանել կարճ ժամանակ առաջ և այնտեղ բարեկամներ չուներ, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները: Հենց դա էլ իրավիճակը սրում է: Ցույցեր և լարվածություն կա, բայց այդ ամենը վերահսկելի է:

«Ես չէի ասի, թե դրությունը վտանգավոր է, քանի որ բոլոր հատուկ ծառայությունները ներգրավված են, իրավապահ, պետական համակարգը իրավիճակը վերահսկում են»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Նարինե Միքայելյանը:



Հայ պատգամավորի խոսքով ` մեկ հայը կարճատև այցի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել ամբողջ համայնքի համար: Ղազախստանում ապրում է տեղի քաղաքացիություն ունեցող 16 հազար հայ և 3000 Հայաստանի քաղաքացի: Սա միայն պաշտոնական տվյալներով: Եվ ամանորի գիշերվա ողբերգությունից հետո նրանք այժմ գերզգայուն կոնֆլիկտի կենտրոնում են:


Կարդացեք նաև.



Հետախուզվող Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ է տարածել, որում ընդգծում է` ինքը մարդասպան չէ:

«Այդ չարաբաստիկ գիշերը մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքի, բայց ոչ ոքի չեմ սպանել: Պատրաստ եմ հանձնվել իշխանություններին, խնդրում եմ ապահովել իմ անվտանգությունը և արդար դատաքննություն»,-ասել է Նարեկ Գուրուրյանը:



Հայաստանի արտգործնախարարությունը և Աստանայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ են Ղազախստանի իշխանությունների հետ: Փոխարտգործնախարարը մանրամասներ է ներկայացնում թեմայի շուրջ պետական մակարդակով շփումներից:

«Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը` սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան երանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմը տվել է բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են միջոցներ՝ իրավիճակը վերահսկելու և նմանօրինակ պոռթկումները վերացնելու ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում», - ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:



Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ, որը հավաստիացրել է` կենցաղային վեճն ազգամիջյան բախում չի դառնա, հայերի դեմ արշավի և խտրական վերաբերմունքի մասին չի կարող խոսք լինել:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում