[Մոնոլոգ] Նարեկ Հախնազարյան․ «Դիմակները միշտ լինելու են, որովհետև մարդու էության մեջ են»

[Մոնոլոգ] Նարեկ Հախնազարյան․ «Դիմակները միշտ լինելու են, որովհետև մարդու էության մեջ են»

newmag-ի թղթակիցը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ: Նա խոսել է եղանակների սիմֆոնիայի, կյանքի գույների և գրքի երաժշտության մասին:

սուրճի հետ՝ ով կամ ինչ

Առավոտյան սիրում եմ սուրճը մենակ խմել: Շատերի համար դա էներգիայի աղբյուր է, ինձ համար կյանքի գույն է: Իմ վրա չի ազդում սուրճը, կարող եմ խմել և հանգիստ քնել: Ես ինչքան շատ սուրճ եմ խմում՝ սկսում եմ տարբերել լավը վատից: Սուրճը ինձ համար արվեստ է: Սուրճ խմելիս հասկանում եմ՝ սրճարանը լավն է, վատն է: Սուրճը ինչ-որ վառ գույն է ինձ համար: Ես սիրում եմ սուրճ խմել և սիգար ծխել. սա էլ ինձ համար արվեստ է: Սիրում եմ սուրճ ըմպելիս ընկերակցել կնոջ հետ: Համենային դեպս, խելացի զրուցակցուհու հետ: Սրճելու ժամանակ հանգստանում եմ: Ամենալավ բանն այդ ընթացքում հետաքրքիր թեմաներով զրուցելն է:

գրքի երաժշտությունը

Իմ տրամադրությունը հաճախ է փոխվում: Երբեք չի լինում՝ գիրք ընթերցելիս մի տեսակի երաժշտություն լսեմ: Տրամադրությունս կարող է օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվել, և ես կլսեմ կլասիկա, ջազ, ռոք, ռեփ: Ինձ համար գիրքն էլ, երաժշտությունն էլ փիլիսոփայական մտքերի աղբյուրներ են:

Ինձ համար գիրքն էլ, երաժշտությունն էլ փիլիսոփայական մտքերի աղբյուրներ են:

Ես 2 տարին մեկ կարդում եմ «Փոքրիկ Իշխանը». սա հոգին մաքրելու հատկություն ունի: Այս գրքի հետ Չայկովսկի կամ Ռոխմանինով կլսեմ. Փոքրիկ իշխանի էմոցիաները և մաքրությունն այդպես ամբողջանում են:

կյանքի գույները 

Ինձ համար՝ որպես Մոսկվայում մեծացած հայի, կարևոր են վառ գույները, քանի որ քիչ եմ տեսել: Արևը և արևի յուրաքանչյուր երանգ ամենակարևոր գույնն է: Ես առանց արև չեմ կարող: Երբ արև կա, ես բարձր տրամադրություն ունեմ: Երբ արև չկա, վատ տրամադրություն եմ ունենում: Շատ եմ սիրում կապույտ և սև գույները: Ինձ համար սևը մռայլ գույն չէ, այլ անվերջության և գաղտնիքի սիմվոլ: Այդ գույնը միստիկ տպավորություն է թողնում: Իմ կյանքում գույները կդասավորեի՝ սև, մուգ կապույտ, սպիտակ, կարմիր:

եղանակների սիմֆոնիա

Ես չեմ սիրում ձմեռը: Գարունը հույսի նշան է ինձ համար: Արևի, տաքության հույս է: Հաճախ եմ ձմռանը գնում Ճապոնիա, Ավստրալիա կամ ուրիշ տաք երկիր. այդպես հեշտ է անցնում: Աշուն շատ եմ սիրում: Աշնանից ավելի գեղեցիկ եղանակ չեմ կարող պատկերացնել:

Աշնանից ավելի գեղեցիկ եղանակ չեմ կարող պատկերացնել:

ԱՄՆ Վերմոնտ նահանգում աշխարհի ամենագեղեցիկ աշունն է լինում: Այնտեղ տերևները կանաչ են, կապույտ, կարմիր, նարջագույն, վարդագույն: Ծառերը բազմագույն են: Եթե դրախտ կա, ապա ես այդպես եմ պատկերացնում:

երեկոն, երբ

Երեկոն օրվա ամենահաճելի պահն է: Ես ուշ եմ քնում, առավոտյան 3-ին, 4-ին: Ինձ համար երեկոն սկսվում է 6-ից, 7-ից, երբ կամ համերգի եմ, կամ ընթրում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ: Երեկոյից մի մաս անպայման տրամադրում եմ աշխատանքին: Եթե ընտանեկան երեկո է, շատ եմ սիրում ֆիլմ դիտել և նարգիլե ծխել,  իսկ եթե ընկերների հետ եմ, ապա երկար և զվարճալի երեկո՝ ալկոհոլով: Երբ Հայաստան եմ գալիս, անպայման ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում: Շատ եմ կարոտում պարզ շփմանը: Համերգից հետո ընթրիքներ լինում են, բայց դրանից բավականություն չեմ ստանում:


Կարդացեք նաև.


երազների աշխարհը

Երբ փոքր էի, մի երազանք ունեի՝ կառուցել տուն, որ իմ բոլոր սիրելի մարդիկ ապրեին այդ տանը: Հիմա երազանքներս փոխվել են, գործնական են դարձել: Ոչ թե երազանք են, այլ պլան: Երազանքն իրականություն դարձնելն անհնար է:

Երազանքն իրականություն դարձնելն անհնար է:

Յուրաքանչյուր մարդ ծնվում է ինչ-որ բանի համար: Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ նրանք գտան և ինձ ցույց տվեցին ուղին, ինչի համար ծնվել եմ: Ես ինձ չեմ պատկերացնում երաժշտական աշխարհից այն կողմ:

դիմակների խաղը

Մեր սերնդում գրեթե չկա մի նոր բան, որը չի եղել նախորդ տասնյակ հարյուրավոր սերունդներում: Մարդու բնավորությունը տարբեր կերպարներ է ընդունում, բայց մենք նույնն ենք, նույն սխալները, խնդիրները: Չկա մարդ այս աշխարհում, որ դիմակ չկրի: Սոցցանցերն էլ աջակցում են դիմակահանդեսին: Բոլորը, ովքեր ակտիվ են սոցցանցերում, ցույց են տալիս այն կյանքը, որն ուզում են ապրել և որը դուր կգա մարդկանց: Հազվադեպ է լինում, որ կյանքը և վիրտուալը համապատասխանում են: Երբ նայում եմ ծանոթներիս էջերը, հասկանում եմ, որ իրենք չեն: Հավանաբար իրենց երազած կյանքն է: Դիմակները միշտ լինելու են, որովհետև մարդու էության մեջ են: Մենք սիրում ենք, գաղտնք, ինտրիգ… սիրում ենք կյանքը բարդացնել:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք