Նոտր Դամ. 22 հետաքրքիր փաստ ճարտարապետական գլուխգործոցի մասին

April 17, 2019

Նոտր Դամ. միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց, Վիկտոր Հյուգոյի վեպի քարակերտ հերոսը, Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Աստվածամոր տաճարի ճակատագիրն աշխարհի գլխավոր թեման է:


  • Միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը՝ Աստվածամոր տաճարը, պատկանում է Փարիզի թեմին՝ Սիտե կղզու արևելյան մասում է, Սենի ափին: Այն անվանում են երաժշտություն, որն անմահացել է քարի մեջ:

  • Այդ նույն տեղում 4-րդ դարում Սուրբ Ստեփանոս եկեղեցի էր, որն ավիրեցին Ֆրանսիա ներխուժած նորմանները: 6-րդ դարում դրա կողքին կառուցվեց Աստվածամորը նվիրված եկեղեցի:

  • 12-րդ դարում երկու եկեղեցիներն այն աստիճան վատ վիճակում էին, որ Փարիզի եպիսկոպոսը որոշեց տաճար կառուցել: Այդպես սկսվեց մեծ տաճարի պատմությունը:

  • Տաճարի կառուցումը տևեց գրեթե երկու դար. 1163-ից, երբ Լյուդովիկոս 7-րդն ու Ալեքսանդր 3-րդ Պապը կատարեցին հիմնարկեքը, մինչև 1330-ը:

  • Նախատեսվում էր կառուցել հսկայական տաճար, որը կտեղավորեր Փարիզի բոլոր բնակիչներին. այդ պահին քաղաքում 10.000 մարդ էր ապրում: Այժմ Նոտր Դամում կտեղավորվի 9.000 մարդ:

  • Տաճարում ներքին կրող պատ չկա: Սյուներն իրար կապվում են կամարներով, որոնց խորշերում վիտռաժներ են:

  • Տաճարի միջին նավում (հինգից ամենամեծն է) կարելի է 12-հարկանի շենք կառուցել:

  • Երեք սրածայր կամարները մուտք են ծառայում:

  • Հատուկ ուշադրության է արժանի զանգակատունը, որը ժամանակին Փարիզի դիտաշտարակն էր:

  • Փարիզի կարևոր կառույցներից մեկը 19-րդ դարում անկումային վիճակում էր: 1845-ին սկսվեց ռեստավրացիան:

  • Այսօր Նոտր Դամը Փարիզի գլխավոր հուշարձանն է: Ամեն տարի այցելում է 14 միլիոն զբոսաշրջիկ:

  • Տաճարում պահվում է քրիստոնեական ամենախոշոր մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը: Մինչև 1063-ը պսակը Երուսաղեմում էր՝ Սիոն լեռան վրա: Լյուդովիկոս 9-րդն այն ձեռք էր բերել բյուզանդական կայսրից:

  • Միջնադարում Աստվածամոր տաճարը Աստվածաշունչ էր անգրագետների համար: Քրիստոնեության ամբողջ պատմությունը պատկերված է կառույցի բարձրաքանդակներում: Էզոթերիկները համարում են, որ դրանցում ծածկագրված է օկուլտիստական ուսմունքների կոդը.

  • Լեգենդար կառույցին վիճակված էր դառնալ պատմական գլխավոր իրադարձությունների վկան, երբեմն՝ նաև մասնակիցը: Այդտեղ էին խաչակիրներն աղոթում՝ պատերազմ գնալուց առաջ, Փիլիպոս 4-րդը 1302-ին այդտեղ գումարեց առաջին ժողովը, Հենրի 6-րդը թագադրվեց, Մարիա Ստյուարտը պսակադրվեց Ֆրանցիսկոս 2-րդի հետ, որպես կայսր թագադրվեց Նապոլեոնը, այդտեղ է տեղի ունեցել Ժաննա Դարկի ռեաբիլիտացման դատը:

  • Ֆրասիական մեծ հեղափոխության ժամանակ տաճարի բազմաթիվ գանձեր ոչնչացվեցին: Կառույցը չկործանվեց երջանիկ պատահականությամբ՝ հեղափոխականների պայթուցիկները վերջացել էին: Տաճարի աշտարակն առաջին անգամ վնասվել է այդ օրերին: Այնպես որ՝ Նոտր Դամի երկնասլաց սայրը՝ շպիլը, 2019-ի ապրիլի 15-ի հրդեհի պատճառով երկրորդ անգամ է վնասվում:

  • Մեծ հեղափոխության շրջանում տաճարը վերցրին եկեղեցուց, կոչեցին Բանականության կաճառ, բայց մթերքի պահեստի վերածեցին:

  • Միայն 19-րդ դարի կեսին, երբ լույս տեսավ Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, սկսվեց հեղինակավոր կառույցի վերականգնումը: Մեծածավալ ռեստավրացիան տևեց 25 տարի:

  • Փոխարինվեցին բոլոր կոտրված արձանները, կառուցվեց նոր աշտարակ՝ ավելի բարձր ու շքեղ, քան միջնադարյան օրիգինալն էր, քանդեցին տարածքի տները, որպեսզի գեղեցիկ տեսարան բացվի դեպի նորացված կառույցը:

  • 2013-ին տաճարի ռեստավրացիայի նոր փուլն էր՝ կառույցի 850-ամյակի պատվին: Ձուլվեց 9 նոր զանգ՝ 2 միլիոն եվրո արժողությամբ: Միայն թե վերակառուցումը ձգձգվեց: Ամեն բան արվում էր փուլերով, որովհետև 100 միլիոն եվրո էր պետք: Բարերաները չէին շտապում:

  • 2019, ապրիլի 15. Տաճարի տանիքում հրդեհ բռնկվեց: Աշխարհը սոսկումով հետևում էր համաշխարհային ժառանգության ոչնչացմանը: Փլուզվեց պատմական աշտարակը, առաստաղը: Ֆրանսիացիները ծնկաչոք երգում էին «Ավե Մարիա»: Հրշեջները հասցրեցին փրկել արվեստի գլուխգործոցներն ու հիմնական մասունքները:

  • Կրակն արագ տարածվեց, որովհետև տաճարը կառուցված էր 1300 ծառից՝ կմախքը ամբողջությամբ գերաններից էր: Այն գումարը, որ մի քանի տարի չէին կարողանում հավաքել, հատկացվեց մի քանի ժամում:

  • Հրդեհից հետո Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը նորից դարձել է բեսթսելլեր: Այն մի քանի ժամում ընդգրկվել է Amazon-ի ամենավաճառվող գրքերի ցանկ: Հյուգոն Աստվածամոր տաճարի հրդեհը «կանխատեսել էր» 1831-ին: Վեպում նկարագրվում է «սարսափելի, ամենակուլ հրդեհը, որը խժռում է տաճարը»: Ճիշտ ինչպես 2019-ի ապրիլի 15-ին:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում