2019-ի շոկային սկիզբը. տղամարդկանց թենիսում այս տարի կլուծարվի մեծ քառյակը

January 14, 2019

Թենիսային տարին սկսեց շոկային լուրով: Վերջին տարիների Բրիտանիայի ուժեղագույն թենիսիստ Էնդի Մարեյի համար այս մրցաշրջանը կլինի վերջինը:


Այլեւս չեմ կարող շարունակել: Գաղափար չունեմ, թե երբ կդադարի ցավը: Խոսել եմ իմ թիմի հետ ու հայտնել մտադրությանս մասին: Դեռ կարող եմ խաղալ որոշակի մակարդակում, բայց ոչ այնպես, ինչպես կուզեի: Իրավիճակը հարթելու համար փորձել եմ գրեթե ամեն ինչ, բայց չստացվեց: Ցավն իսկապես ուժեղ է:




Կարիերան ավարտելուն Մարեյին դրդել է աջ ազդրի վնասվածքը: Բրիտանացին վիրահատության է ենթարկվել, սակայն դա բավարար չէ: Մարեյը ցանկանում է խորհրդանշական հրաժեշտ կազմակերպել եւ մտադիր է հանդես գալ նաեւ Ուիմբլդոնում: Սակայն թենիսիստը վստահ չէ, որ կկարողանա խաղալ եւս 4-5 ամիս:

Հույս ունեմ, որ կկարողանամ դիմանալ մինչեւ Ուիմբլդոն, քանի որ ցանկանում եմ կարիերաս ավարտել հայրենիքում: Բայց հնարավոր է` այս Australian Open-ն իմ վերջի մրցաշարը լինի:




ATP-ի դասակարգման աղյուսակի գագաթից հենց Մարեյը գահընկեց արեց Նովակ Ջոկովիչին՝ դառնալով աշխարհի առաջին ռակետ, 2016-ի նոյեմբերին: 31-ամյա թենիսիստն իր թանգարանում ունի Մեծ սաղավարտի մրցաշարերի 3 գավաթ՝ 2 Ուիմբլդոն եւ 1 US Open: Մարեյն այն թենիսիստներից է, որը հաջողել է նաեւ ATP-ից դուրս: Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի մենախաղում նա չուներ հավասարը, իսկ 2015-ին Մեծ Բրիտանիայի հավաքականին պարգեւեց Դեւիսի գավաթը՝ Բելգիայի հետ դիմակայության վճռորոշ խաղում հաղթելով Դավիդ Գոֆենին:
45 տիտղոս, որոնց թվում՝ երեք Մեծ Սաղավարտ, օլիմպիական երկու ոսկի, Դեւիսի գավաթ եւ 14 Մասթերս: Կարիերայի ընթացքում Մարեյը վաստակել է ավելի քան 60 մլն դոլար եւ պատմության ամենահարուստ թենիսիստների շարքում է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում