Ես Զլատանն եմ. 2020-ին newmag-ը կներկայացնի լեգենդար շվեդ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը

Ես Զլատանն եմ. 2020-ին newmag-ը կներկայացնի լեգենդար շվեդ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը

Էքսցենտրիկ վարքագծով, շլացնող խաղով, ռեկորդային նվաճումներով և անսպառ հումորով հերոսն այս շաբաթ վերադարձավ եվրոպական ֆուտբոլի էլիտա: Ես Զլատանն եմ. newmag-ի՝ 2020-ի առաջին սպորտային բեսթսելլերը ընթերցողի սեղանին կլինի շուտով:

Զլատան Իբրահիմովիչի առաջին ինքնակենսագրականը լույս է տեսել 2011 թվականին: Հեղինակը շվեդ հայտնի գրող, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր Դավիթ Լագերկրանցն է:

Դժվար, բայց ուրախ մանկություն

Գիրքը պատմում է Շվեդիայի Մալմյո քաղաքի Ռոզենգորդ շրջանից մի երեխայի մասին, որի գլխավոր նպատակը համաշխարհային ֆուտբոլում հայտնվելն էր: Նա գողանում էր հեծանիվներ, փախչում տանից, երազում ֆուտբոլիստ դառնալու մասին: Նրան դպրոցում չէին սիրում և հաճախ պատանի Զլատանը ստիպված էր փախչել դասերից՝ իր ուրախությունն ու ակտիվ ժամանցը գնդակի մեջ փնտրելու համար: Երբ «Մալմյոյում» նկատեցին նրա տաղանդը, Իբրահիմովիչը երկրորդ պլան մղեց ուսումն ու սկսեց ավելի ակտիվ զբաղվել ֆուտբոլով: Գրքում ֆուտբոլիստը պատմում է այդ տարիների ամենադժվար ընտրության մասին՝ ուսո՞ւմ, թե՞ ֆուտբոլ: Սկանդալներով և մեծ դժվարությամբ նա ավարտեց միջնակարգ դպրոցը, բայց այդ ժամանակ Զլատանի անունն արդեն թնդում էր շվեդական ֆուտբոլում և ուսուցիչները, որոնք նրա դեմքը նույնիսկ տեսնել չէին ուզում, հպարտանում էին նիհար, անճոռնի քթով աշակերտով:

Ընտանիքն ու ֆուտբոլը

Հաճախ նա սոված էր քնում, պաղպաղակ գնելու համար ստացած մետաղադրամներն էլ հավաքում էր նոր խաղակոշիկի համար: Նրա մանկության երազանքը Ֆենոմենո Ռոնալդոյի խաղակոշիկներից ունենալն էր, որոնք թանկ էին, ընտանիքն էլ չէր կարողանում հոգալ երախայի ցանկությունները: Իբրահիմովիչը մեծ ցավով է պատմում իր ընտանեկան կարգավիճակի մասին. ծնողներն անհաշտ էին և ապրում էին առանձին: Սկզբում նրա գլխավոր երկընտրանքն այն էր, թե ծնողներից ո՞ւմ տանն է գիշերելու: Ֆուտբոլիստը հիշում է՝ համաշխարհային փառքին հասնելու ճանապարհն ու ընտանեկան հարաբերությունները բարդ էր, մինչև նրա կյանքում չհայտնվեց Հելենան՝ կինը:


Կարդացեք նաև․


Նրան չէին սիրում

Իր փառահեղ կարիերայի ճանապարհին Զլատանը ստիպված էր պայքարել ոչ միայն չարախոսների, այլև նույնիսկ թիմակիցների ու մարզիչների հետ: Երիտասարդ ժամանակ նրա հաջողությունները մեծ նախանձ էին առաջացնում հարավսլավական պետությունների մարզիչների ու ֆուտբոլիստների մոտ: Գոռոզ վարքագիծը հաճախ էր սկանդալներ առաջացնում նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբում՝ «Մալմյոյում», հետո նաև հոլանդական «Այաքսում»: Նա սիրում էր ճոխ կյանքը, որովհետև լավը չէր ունեցել փոքր տարիքում: Սիրում էր ցուցադրել ու հպարտանալ իր թանկարժեք մեքենաներով, որոնց մասին երազում էր հեծանիվով միայնակ շրջելու ժամանակ: Գրքում Իբարահիմովիչը անդրադառնում է իր համաշխարհային ճանաչման, աստղային հիվանդության, հանրության ուշադրության և այդ ամենի ազդեցությունների մասին:

Ինչո՞ւ է այս գիրքը պարտադիր ընթերցանության սպորտային բեսթսելլեր

Համաշխարհային սպորտում մեծ ճանապարհ անցած կերպարները սովորաբար թողնում են նաև գրական ժառանգություն: Նրանցից շատերը մանրամասնում են կարիերան, պատմում կուլիսային գաղտնիքներ, բայց այս մեկն ավելին է պարունակում: Իբրահիմովիչի ինքնակենսագրականը մյուսներից տարբերվում է իր ուսուցանող բնույթով: Եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլը ցնցած հերոսը սովորեցնում է, կրթում սկսնակներին, պատրաստում կարիերայի դժվարություններին, առաջարկում անելանելի իրավիճակներից դուրս գալու ելքեր, տալիս գաղափարներ, մասնագիտական հմտություններ: Սա նաև հիանալի գիրք է սպորտային լրագրողների համար. չէ՞ որ Զլատանի ամենահայտնի մտքները հենց մամուլի առաջ է հնչել, մամուլն է նրան դարձրել սկանդալային, տարբերվող և ավելի հայտնի:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք