[Մեկ ամիս Newmag-ի հետ] Ինչպե՞ս հիմնել հաջողակ հրատարակչություն. Արտակ Ալեքսանյան

[Մեկ ամիս Newmag-ի հետ] Ինչպե՞ս հիմնել հաջողակ հրատարակչություն. Արտակ Ալեքսանյան

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը «Զանգակ» գրատանը վարպետության դաս է անցկացրել, որտեղ բացատրել է, թե ինչպես կարելի է հաջողել գրահրատարակչության ոլորտում: 

Newmag հրատարակչական ընկերությունը ստեղծելիս, թիմի համար շատ կարևոր էր, թե ինչ բաց են լրացնելու: Հրատարակչական ոլորտը ուսումնասիրելուց հետո, newmag-ը որոշեց զբաղվել ոչ գեղարվեստական գրականության թարգմանությամբ: 

 «Մենք պարզեցինք, որ գիրքն ունի խնդիր: Առնչվեցինք կոնկրետ հայաստանյան պռոբլեմների հետ: Դա գրքագրագիտությունն է, գրական ճաշակը և գրադարանների անգնողունակությունը» , – ասում է Արտակ Ալեքսանյանը: 

Խնդիրները հաղթահարելու ճանապարհը գրախանութի դարակում ինքդ քեզ գտնելն է: Դատարկ դարակները newmag-ը լցրեց թեմատիկ ուղղվածության գրքերով: Աշխատանքի կազմակերպման դժվարությունները հաղթահարվեցին գրական գործակալների, տպարանի և գրախանութների արդյունավետ գործակցության շնորհիվ: 

«Սովորաբար հրատարակչությունները ցանկանում են ամեն ինչ ինքնուրույն անել: Մենք գնացինք հակառակ ճանապարհով: Ասացինք, որ չենք ուզում մասնագիտանալ իրավունքներ ձեռք բերելու հարցում: Ուզում ենք գործակալություն, որը մեզ համար կբանակցի: Մեզ համար կարևոր էր, որ սթրես չապրենք: Եթե ուզում ենք ինչ-որ մի հեղինակի գիրք վերցնել, և նա ասում է, որ 1000 տպաքանակի համար պետք է 5000 դոլար վճարեք, մենք գրական գործակալությանն ասում ենք՝ ոչ, իջեցրեք այդ գինը: Թող գործակալությունը բանակցի: Մենք ընտրում ենք նկարը, շապիկը և ասում ենք, որ այսպես ենք ուզում: Այս ամենն առանձին ծառայություն է, առանձին մարդիկ են, որոնք ունեն կապեր, հեռախոսահամարներ», – ասում է Արտակ Ալեքսանյանը:


Կարդացեք նաև.


Սկսնակ հրատարակչությունը մի քանի երկընտրանքների առջև է կանգնում, որոնց ընտրությունից էլ կախված է, թե ինչպես կզարգացնես հրատարակչական բիզնեսը: 

«Պետք է կողմնորոշվել. գիրք հրատարակում եք ընթերցողի, թե գնորդի համար: Անհրաժեշտ է նաև ընտրություն կատարել մեծ և փոքր տպաքանակների միջև: Այդ ընտրությունն էլ կկանխորոշի՝ ձեր վաճառքները կլինեն համատարած, թե արագ, եկամուտները՝ արագ, թե դանդաղ», – ասում է Արտակ Ալեքսանյանը: 

Newmag-ի ղեկավարի խոսքով, գրքերը գունեղ են դարձել, որպեսզի տարբերվեն իրարից և միանգամից աչքի ընկնեն: Շատ կարևոր է նաև, որ մարդը գրախանութում գիրքը փնտրի վերնագրով, բայց գտնի նաև գույնով: «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը ընթերցողները հիշում են գույնով: 

«Ընթերցողների համար բովանդակությունից բացի, շատ կարևոր է գրքի փաթեթավորումը։ Որ այն գնելուց, իր սեղանին կամ դարակում դնելուց լավ զգա, որ այդ ապրանքն ունի: Հետևաբար չի կարող «Ռոնալդու» գիրքը լինել մեծ, «Մեսսին»՝ փոքր,  «Նեյմարը»՝ փափուկ կազմով», – ասում է Արտակ Ալեքսանյանը:  

Newmag-ը հատուկ ուսումնասիրել է նաև, թե ինչ տեսք պետք է ունենա գիրքը, որքան պետք է լինի տողերի հեռավորությունը, քանի րոպեում է մարդը 1 էջը կարդում: Արտակ Ալեքսանյանի խոսքով, մարդիկ ուզում են արագ թերթել: Newmag-ի ցանկությունն է, որ ընթերցողը կես ժամում կարդա այնքան, որ հետո զարամանա իր արագ կարդալու վրա: 

«Գիրք կարդալը, թատրոն գնալը էսթետիկ է: Հետևաբար պետք է էլեգանտ մատուցես այն, ինչ վաճառում ես: Մարդիկ newmag-ի գրքերը գնում են, որովհետև մենք նրանց մոտիվացնում ենք» – ասում է Արտակ Ալեքսանյանը: 

Մարդիկ հիմա 5 անգամ ավելի շատ են կարդում, քան կարդացել են 10 տարի առաջ, որովհետև մտնում են սոցցանցեր և կայքեր: Մարդկանց աչքերն արդեն հոգնել են: Հետևաբար, ունենք օրգանիզմ, որը լավ մարզված է, բայց նաև շատ շուտ հոգնում է: Եթե տալիս ենք գիրք, պետք է տանք հիմնավոր պատճառ, թե ինչով է դա լավը: 

 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք