Բազկամարդը՝ ոգեշնչող կերպար Սարգիս Ստեփանյանը

January 30, 2022 Aravot

«Մոսկվա» կինոթատրոնում հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը, Newmag-ը ներկայացրեց 2022-ի առաջին գիրքը՝ «Բազկամարդը», որը հետախույզ Սարգիս Ստեփանյանի եւ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքն է:

Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությանը ներկա էին Սարգիս Ստեփանյանի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: Նախագծի գլխավոր գործընկերը «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամն է:

«Այս ամենին փորձել ենք նուրբ ու զգույշ վերաբերվել՝ դնելով ամենակարեւոր ուղերձը, որ նույնիսկ ամենաբարդ շրջանից հետո կա հնարավորություն: Սարգիս Ստեփանյանն իր կերպարով շատ օրինակելի է, նա 2014 թվականին հայտնվել է ծանր իրավիճակում՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը, սակայն ինքն իրեն հրամայել է ոտքի կանգնել, քայլել ու հասնել չեմպիոնական տիտղոսի: Մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք Սարգիսից: Նա ոչ միայն վերականգնվել է, այլեւ ինքն իր հետեւից տանում է այլ տղաների, հերոսների, գնում է մարդկանց տներ, հիվանդանոցներ, հանդիպում է վիրավորների հետ, որոնք հիասթափված են, բայց այդքանով հանդերձ նա նրանց վերադարձնում է լիարժեք կյանքի, իր կարիքը հիմա բոլորս ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասում է Դավիթ  Դավթյանը:

Նրա մեկնաբանմամբ՝ «Բազկամարդը» առանց էմոցիաների գիրք է, զգացմունք չկա, որպեսզի ընթերցողը ընկալի բուն խորհուրդն ու ուղերձը: Փորձել են զգայուն հարցերին լուրջ մոտենալ, որ դժբախտություն ապրած ընտանիքն այդ ամենում մոտիվացիա գտնի, կարողանա տեսնել, որ մեր օրերում կա կենդանի օրինակ, որը հաղթահարել է ամենադժվարինն ու ապացուցել, որ դա անել կարող են նաեւ մյուսները: Գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային կերպարի, կյանքի ու գործունեության մասին է, իսկ հեղինակը ցանկացել է, որ ընթերցողն ընթերցի ոչ թե միայն հաճույքի համար, այլեւ գտնի այն ուղին, որը փնտրում է:  

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ