Բազմաժանր գրականություն, հանդիպումներ, շնորհանդեսներ. մեկնարկել է «Նյումեգի» ամառային փառատոնը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը, որի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ, մեկնարկեց հուլիսի 16-ին «Երազ» այգում: 

«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, ներկայացնելով իրենց ձեռքբերումները, շեշտեց, որ հրատարակել են 50-ից ավելի գիրք, ունեն ավելի քան  40 հեղինակ, որոնցից 5-ը՝ տեղացի, իսկ 35-ը՝ արտասահմանյան: Թարգմանում են ավելի քան տասը լեզվով և վաճառել են արդեն 70 000-ից ավելի գիրք:

«Այսօր աշխատում ենք ավելի քան 50 գրավաճառի հետ, կառուցել ենք շատ առողջ, ջերմ ու սրտացավ հարաբերություններ և հենց նրանց շնորհիվ «Նյումեգը» ունի այն, ինչ ունի, հասել է այստեղ և կարող է խոսել ապագայից»,-ասաց նա:

Ալեքսանյանը հույս ունի, որ այդ ապագայում կարող են հանդիպել  հրատարակչության 5-ամյակին կամ 100-րդ գրքի շնորհանդեսին: 

Հրատարակչության տնօրենը հիշեցրեց՝ երբ հիմնել են «Նյումեգը»,  խմբագրությունը բաղկացած է եղել հինգ հոգուց, իսկ հիմա մեծ ընտանիք են: Նա նշեց, որ «Նյումեգը» չէր լինի առանց  գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, որի շնորհիվ կարողացել են և կարող են չամաչել տպագիր հայերենից: «Ամեն գրքի հետ մենք անում ենք առավելագույնը հայերենը սիրելի դարձնելու համար: Գնելի հետ պայքարում ենք, որ չհնչի մեզ համար այն վիրավորական նախադասությունը, թե հայերենը հարմար չէ թարգմանությունների, ժամանակակից տերմինաբանության, դիսկուրսի համար»,- շեշտեց Ալեքսանյանն ու հավելեց, որ կա հարուստ, խորը, ճկուն, ու զարմանալի դիպուկ հայերեն, որը պետք է իմանալ, իսկ Նալբանդյանը այն գիտի ու փոխանցում է գրքերի միջոցով:

Ալեքսանյանն անդրադարձավ նաև արտ տնօրեն Էդիկ Պողոսյանին, որի հետ աշխատում են 12 տարի: «Նա կիսում է գրքերի դիզայնի և՛ պատասխանատվությունը, և՛ պատիվը, և՛ միտքը, և կատարումը: Հենց նրա ջանքերով մեր գրքերը ոչ միայն հաճելի է ընթերցել, այլև ձեռք բերել, լուսանկարել, ցուցադրել և այլն»,- ասաց Արտակ Ալեքսանյանը: