«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»

«Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» սրահում Newmag-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Նոր երկիր» բանաստեղծական ժողովածուի առաջին մասի շնորհանդեսը: Թարգմանիչն է Սամվել Գասպարյանը, խմբագիրը` Հասմիկ Առաքելյանը:

Ժողովածուն ամփոփում է 1940-2010 թվականներին գրված 500 երգերի տեքստեր, որոնց մի մասը շանսոնյեին հաջողություն է բերել, մի մասը` մեծ աղմուկ բարձրացրել, իսկ որոշ գործեր էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Սիրուց մինչև դառնություն, միությունից մինչև բաժանում, կյանք ու հավերժություն, կարեկցանք ու ափսոսանք, նուրբ հումոր և անկեղծ զգացմունքների մեծ չափաբաժին, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում ու զրույց Աստծո հետ: Ազնավուրի գրչի համար արգելված թեմաներ չկան: Պոեզիայի միջոցով նա համարձակվել է խոստովանել իր թուլությունը և բոլոր կանանց սեր խոստովանել:

«Կարծում եմ,- խոստովանում է Ազնավուրը,- կարողացել եմ մոտ գտնվել իմ ժամանակակիցների մտքին ու սրտին, նրանց ստիպել ժպտալ, երազել, հուշերի գիրկն ընկնել, նաև իմ համարձակությամբ հրահրել նրանց: Այդ ամենն արել եմ այնքան նրբորեն, ասես բառերս մետաքսով եմ փաթաթել»:
Ազնավուրը մեզ ժառանգություն թողել է 1400-ից ավելի ստեղծագործություն, բայց այս գրքում ընտրվել ու զետեղվել է միայն 500-ը:
Newmag-ն այն վերածել 4 հատորի:

Սամվել Գասպարյանը նկատեց , որ Newmag հրատարակչությունը ծավալուն, շատ պատասխանատու, ռիսկային գործ է արել, ինչը հատուկ է իսկապես լուրջ հրատարակչությանը: Թարգմանիչը համոզված է, որ մյուս հատորները, ինչպես և ծրագրել է հրատարակչությունը, ընթերցողին կհասցնի Ազնավուրի ծննդյան 100-ամյակին: «Գիրքը գաղափարակիր երևույթ է: Հրատարակչական գործը մտքից է սկսվում»,- համոզված է թարգմանիչը:

Սամվել Գասպարյանի կարծիքով՝ Շառլը նաև հիանալի բանաստեղծ է: Ազնավուրին հանրության բոլոր շերտերն են սիրում, քանի որ տարբեր թեմաներ են ընդգրկված նրա ստեղծագործություններում: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր խոսքում մեջբերեց ռուս հայտնի թարգմանիչ Ժուկովսկու այն միտքը, թե` արձակի թարգմանիչը հեղինակի հետ գործընկեր է, պոեզիայի թարգմանիչը՝ մրցակից: Նա այդ սահմանման մեջ տեսավ Սամվել Գասպարյանին և Շառլ Ազնավուրին:

Ըստ նրա, կան բանաստեղծություններ, որոնց հայերեն թարգմանությունը գերազանցում է ֆրանսերենին, ավելի լավն է, ավելի երգեցիկ, ավելի ռոմանտիկ:
Նրա կարծիքով, առաջին անգամ ունենք գիրք, որը հստակեցնում է, թե անցյալ դարի 40-ականներին Ազնավուրն ինչու էր երիտասարդության կուռքը, ինչու էր համաշխարհային մեգաաստղ` 50-ականներին, իսկ 60- ականերին ինչու էր սեքսուալ հեղափոխության դրոշակակիրներից մեկը:

Ազնավուրը ֆրանսիական էստրադայի ամենահայտնի աշխարհահռչակ աստղն էր: «Նոր երկիրը» ազնավուրյան ֆենոմենը բացահայտելու համար է:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:


Անժելա Վարդանյան