«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը»

Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը:

1990 թվականին, երբ գրքի հեղինակը 14 տարեկան էր, Երեւանում կայացան աշխարհահռչակ Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանի համերգները: Վերջին համերգից հետո Արա Թադեւոսյանը մի քանի ժամ սպասում էր Գիլանին Մարզահամերգային համալիրի ծառայողական մուտքի մոտ՝ ստորագրություն վերցնելու ակնկալիքով, սակայն տուն վերադարձավ ձեռնունայն: Նա չգիտեր, որ 19 տարի հետո Իեն Գիլանին հրավիրելու է Հայաստան եւ այդպես սկսվելու է մի անհավատալի «ճանապարհորդություն»:

 

 

«Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ», - նշում է Newmag-ը:

 

 

«Հուշագրությունը Հայաստանի համար կարեւոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել եւ նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Յուրաքանչյուր ոք կարող է որեւէ կերպ դեպի լավը փոխել իրեն եւ շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետեւից», - ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը: 

 

 

Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ուղիղ եթերում: Հեղինակից բացի, շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը, Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, լրագրող եւ լեռնագնաց Աշոտ Լեւոնյանը,

գրքի գործընկեր IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

 

Գիրքը օգոստոսի 3-ից վաճառվելու է Երեւանի գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքը Երեւանում առաքվում է անվճար:

mediamax.am