«Գիրք նվիրելը մշակույթ է եւ մտերմություն է ենթադրում». Դավիթ Սամվելյան

January 19, 2022 Aravot

Գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը, որը կանցկացվի «Արմենպրեսի» հետ համատեղ: Յուրաքանչյուր ուրբաթ «Արմենպրեսի» էջում տեղադրված կլինի մրցութային առաջադրանքը, որը հաղթահարողներին անակնկալներ են սպասվում:  

«Սովորաբար, երբ հայտարարվում են նման մրցույթներ, միանգամից ակտիվությունը սոցիալական ցանցերից կարելի է նկատել: Պատվերներն են նաեւ շատանում: Հետաքրքիր է, որ գիրքն արդեն դարձել է հարմար նվեր: Փորձը ցույց է տալիս, որ երբ գրքեր ենք գնում, դրանց 25 տոկոսն ենք կարդում, բայց ամեն դեպքում նման միջոցառումները նպաստում են թե գրքի առաջխաղացմանը, թե հրատարակչության վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալուն»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը:

«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը նշեց, որ ողջունելի է նման նախագծի իրականացումը; «Փետրվարին մոտենում է գրքի տոնը, իսկ նմանօրինակ միջոցառումները բերում են նրան, որ գիրքը դարձել է ոչ միայն գրքի տոնի նվեր, այլ գիրք նվիրում են այլ առիթներով եւս՝ Ամանոր, ծննդյան օր, տարբեր իրադարձություններ»:

«Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի խոսքով, որքան շատ լինեն գրքի տոները, այնքան հասարակությունը կմոտենա գրքին, կգնի ու կընթերցի. «Խնդիրը միայն գիրք գնելը չէ, մարդիկ գիրքը պետք է տեսնեն իրենց առօրյայի մեջ, կենցաղում, հոգսերի մեջ»: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանին, որի նախաձեռնությամբ գրքի տոնը ծնվեց: Հայկ Համբարձումյանն ընդգծեց, որ գրքի հետ կապված միջոցառումների ժամանակ, եթե համապատասխան լուսաբանում է լինում, գրքի վաճառքը 30-40 տոկոսով աճում է: