Գնել Նալբանդյանը՝ նորատիպ բեսթսելերի լեզվի մասին. «Կարող ենք ասել «աղջիկ ջան», բայց չենք կարող ասել «արա, ախպեր»

January 29, 2020 Aravot

newmag-ը՝ հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, իրականացրել է Ռեյչլ Հոլիսի Girl Wash Your Face բեստսելերի թարգմանությունը ՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» վերնագրով: Անգլերենից այն թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, թարգմանության խմբագիրը Գնել Նալբանդյանն է:

«Հայերեն թարգմանությունը սկսվում է հենց վերնագրից: Անգլերեն Girl, Wash Your Face –ը կարող ենք թարգմանել, «Սթափվիր, աղջիկ ջան», կամ «Աղջնակ, հավաքիր քեզ»: Վերնագրի մասին շատ ենք մտածել, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում, որ հենց այդպես ընկերական պետք է լինի ամեն ինչ եւ կանգ ենք առել «Աղջիկ ջան, ուշքի արի» տարբերակի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնել Նալբանդյանը:

«Մենք ուզում էինք գրավոր հայերենը մոտեցնել հնչող հայերենին, իհարկե հնչողը չտգեղացնելու պայմանով: Նույնը վերաբերվում է «ջան»-ին: Անգլերենում չկա «ջան», դրա համար մի քիչ հայացրել ենք ու գործածել «աղջիկ ջան»-ը: Մենք կարող ենք ասել «աղջիկ ջան», բայց չենք կարող գործածել «արա, ախպեր»-ը, որովհետեւ աշխատել ենք՝ խոսակցական լինի լեզուն: Ամերիկյան անգլերենն էլ շատ մոտ է բլոգային լեզվին, գրված է շատ թեթեւ, երբեմն սլենգային, երբեմն կրոնական պատկերացումներ ունեցող կնոջ տեսանկյունից եւ գրված է այնպես, որ ընկերական միջավայր ստեղծվի բառամթերքը գործածելիս»,-ասաց գրքի խմբագիրը:

Նրա ձեւակերպմամբ, քանի որ Ռեյչլ Հոլիսի գիրքը ժամանցային հոգեբանական, մերձգիտական է եւ success story-ի փոխանցումն է, այն ավելի շատ քաջալերող է: «Շատ հայտնի թեզ է՝ մարդն ասում է՝ ես կարողացել եմ, դու էլ կարողացիր: Դա մոտավորապես նույն ուղերձն է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես կարողացա անել, դու էլ կարող ես: 21-րդ դարում հայտնի առաջարկ է:

Գրքի հեղինակը՝ Ռեյչլը, կարողացել է ոչ թե պարզապես միլիոնատեր դառնալ՝ կտրվելով բոլոր խնդիրներից, նաեւ իր հետեւից տարել է տասնյակ հազարավոր մարդկանց, հատկապես կանանց ու մասնավորապես մայրացած կանանց, որովհետեւ մայրացած կանանց թվում է թե վերջ, պրծավ, հրաբուխը էլ չի ժայթքելու, իրենք նվիրվել են իրենց երեխաներին եւ պետք է միայն տառապեն իրենց դժբախտ ճակատագրի ձեռքին:

Իսկ գրքի հեղինակն ասում է՝ ոչ, դու կարող ես փոխել քո ճակատագիրը; Ես դա արել եմ, դու էլ կարող ես: Մենք տեսնում ենք, թե նա ինչ ծանր փորձությունների միջով է անցել, հայ կանայք էլ կարող են կարդալ ու տեսնել, թե ինչպես կարող են դա հաղթահարել: Օրինակ, երեխա որդեգրելու գործընթացը ծանր է, բայց զուտ ամերիկյան, աշխարհայացքային պատկերացումները կնոջը եւ իր ամուսնուն միշտ մղել են, որ նրանք որդեգրեն երեխաների, չթողնեն, որ երեխաները մնան անտեր–անտիրական, ինչը մեր հասարակությանն այնքան էլ հոգեհարազատ չէ:

Երիտասարդ ամուսիններով, իրենք ոչ միայն կարողանում են երեխաներ ունենալ, դժբախտությունների միջով անցնել, նաեւ կարողանում են պետական ապարատի դեմ դուրս գալով եւ պահպանելով օրենքները՝ իրենց նյարդերի հաշվին վերափոխել եւ իրենց կյանքը, եւ մեկ ուրիշ էակի: Սա ամերիկյան երազանքի մասին չէ, սա կնոջ երազանքի մասին է»,-մանրամասնեց Գնել Նալբանդյանը: Նա փաստում է. «Վերջին շրջանում ես տեսնում եմ, որ գիրք գնելը, գրքի հետ լուսանկարվելը դառնում է մոտավորապես նույնքան մոդայիկ, որքան մեքենայի հետ լուսանկարվելը, եւ դա լավ է»:

Aravot.am