«Գրողը տանի, այս գիրքը պետք է կարդան մեր քաղաքական գործիչները». Տեղի ունեցավ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

January 29, 2020 Aysor.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրած «Հեղափոխություն» գիրքն արդեն ունի իր հայերեն տարբերակը, որի թարգմանությունը նախաձեռնել է Newmag ընկերությունը: Շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը: Այն հրատարակվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին ու Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ:

«Սա գիրք է Ֆրանսիայի մասին, ու խորհրդանշական է, որ այն հենց այս շաբաթ է հրատարակվում. բացի այն, որ Հայաստանում էլ այս շրջանում հեղափոխական տրամադրություններ են, նաև՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովն է այս օրերին այստեղ լինելու: Գիրքը լավագույնս է ներկայացնում այն անցուդարձը, որն այսօր տեղի է ունենում Ֆրանսիայում, այն, որ Ֆրանսիան ևս հեղափոխություն է ապրել: Մեր երկու երկրների մեջ այս առումով ընդհանրություն կա, միայն թե մեկ տարբերությամբ՝ Ֆրանսիայում այդ ամենը սկսվեց ընտրություններով: Սակայն իրական հեղափոխություն այնտեղ տեղի ունեցավ 2017 թվականին, երբ Ֆրանսիան հայտնվեց երկու՝ իրարից կտրականորեն տարբեր թեկնածուների միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև: Ֆրանսիան հնարավորություն տվեց 39-ամյա մի երիտասարդի, ով մինչ այդ ոչ մի լիազորություն չի ունեցել, դառնալ նախագահ: Նա թեկնածու էր, ով իր քարոզարշավը մեկնարկեց առանց քաղաքական կուսակցության՝ ընտրելով «Առաջ» կարգախոսը: 2011 թվականին Ֆրանսիայում քաղաքական փոփոխության աննախադեպ սկզբնաղբյուրում հայտնվեց, քանի որ պատգամավորների 95 տոկոսը փոխվեց: Քաղաքական խավը երիտասարդացավ, մեծ թվով կանայք ներգրավվեցին քաղաքականության մեջ», – բացման իր խոսքում գրքի և իր երկրի ղեկավարի մասին փոքր–ինչ պատմեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի բավական հայտնի անհատների ուղեկցությամբ, ովքեր ջատագովներն են հայ–ֆրանսիական բարիդրացիական հարաբերությունների: Նա ցանկություն հայտնեց, որ երկու երկրներում էլ քաղաքական ու մշակութային գործընթացներում էլ ավելի շատ դերակատարներ, հատկապես՝ երիտասարդներ ներգրավված լինեն:

Հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ առաջին անգամ է, որ եվրոպական քաղաքական բեսթսելլեր է հրատարակվում: Նկատեց՝ ընտրելիս չէին էլ պատկերացնում, թե այս գիրքը որքան անհրաժեշտ ու կարևոր կարող է լինել հայ հասարակության համար:

Թարգմանությունը վստահվել է հեռուստալրագրող Արտակ Հերիքյանին, ով շնորհանդեսին ներկա գտնվողներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ ճանաչում ունեցող ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը: Լրագրողը ցավով նշեց, որ անհամբեր էր սպասում այն օրվան, երբ շանսոնյեին ուրախությամբ ու հպարտությամբ կնվիրի իր թարգմանած գիրքը:

«Այս գիրքը բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ֆրանկոֆոն աշխարհի մայր պետության՝ Ֆրանսիայի ձգտումները, նպատակներն ու խնդիրները: Որքան էլ համընկնում է մեր հեղափոխական օրերին, սա գիրք–ուղեցույց չէ հրապարակում արվող հեղափոխության մասին: Սա գիրք է՝ պետական համակարգը, քաղաքական ապարատը ներսից փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին: Այն մեզ թույլ կտա առավել լավ ճանաչենք Ֆրանսիան», – նշեց նա:

Թարգմանության ժամանակ հեռուստալրագրողին աջակցել են ֆրանսերենի մասնագետներ Ժակլին Մինասյանն ու Հասմիկ Գրիգորյանը: Գրքի ձևավորումը Էդիկ Պողոսյանինն է:

Newmag-ի գլխավոր խմբագրիր Գնել Նալբանդյանը, Արտակ Ալեքսանյանի խոսքով, ամեն մի էջը խմբագրելիս բարձրաձայնել է. «Գրողը տանի, այս գիրքը պետք է տալ, որ կարդան մեր քաղաքական գործիչները»:

«Այո, ես համոզված եմ, որ այս գիրքը պետք է կարդան Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ՝ առավել նրանք, ովքեր ընտրում են այդ իշխանավորներին: Գրքի հեղինակն իր տեքստը կազմել է՝ նկատի ունենալով ոչ թե պալատական միջանցքներում շրջող մարդկանց, պաշտոնյաներին, այլ՝ սովորական ֆրանսիացիներին: Պարզ ու հասարակ է շարադրված, որպեսզի բոլորը կարողանան ընկալել այն: Մենք ձգտել ենք, որ հայերեն թարգմանության որակը նույնպես լինի պարզ, հասարակ, բայց ոչ պարզունակ», – ընդգծեց խմբագիրը:

«Հեղափոխություն» գրքի թարգմանությանը և հրատարակմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը: Այսօրվանից այն կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներից:

Aysor.am