Գրքերի վաճառքներն ավելացել են. հրատարակիչներն ամփոփում են 2021 թվականը

January 21, 2022 Armenpress

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետպատերազմյան ու հետքովիդյան ժամանակահատվածը հրատարակիչների համար վերականգնման, ձեռքբերումների ու նոր ծրագրերի մեկնարկի տարի էր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը նշեց, որ 2021-ն իրենց համար բավական արգասաբեր էր:

«Մենք մեր հիմնական ուղղություններով բազմաթիվ գրքեր ենք հրատարակել: Արձանագրել ենք, որ հասարակությունն իսկապես գրքի կարիքն ունի ու ոչ միայն մոտիվացնող գրքերի, այլև մանկական գրականության: Այդ մասին են վկայում մեր վաճառքները: Պահանջված են մնում դասական գրական գործերը, թարգմանական գրքերը և այլն»,-ասաց Հայկ Համբարձումյանը:  

Նախորդ տարին «Newmag» հրատարակչության համար եղել է վերականգնման ու նախաձեռնությունների մեկնարկի տարի: Համեմատելով քովիդյան սահմանափակումների շրջանի հետ՝«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ 2021-ը բավական ակտիվ տարի է եղել, ներկայացրել են 30 գիրք: Դրանից բացի, նախորդ գրքերից 16-ի վերահրատարակումներ են եղել:

«Համավարակը նաև թելադրում էր, թե ինչ գրքեր կարելի է հրատարակել, ինչ պահանջարկ կա: Այդ համատեքստում ասեմ, որ մենք հրատարակեցինք «Համավարակ» գիրքը:  2021-ը մեզ համար կարևոր էր այն առումով, որ առաջին անգամ անցկացրինք նաև Ամառային փառատոնը: Այնպես, որ տարին մեզ համար ոչ միայն վերականգնվելու, այլև նոր ծրագրեր սկսելու շրջան էր»,-ասաց Գոհար Մանուկյանը:

Տարին «Բուկինիստ» ընկերության համար ևս բեղմնավոր էր: Փոխտնօրեն Լորիս Վարդանյանը նշեց, որ այն նշանավորվել է գրախանութների ցանցի ընդլայնմամբ: Գրախանութներ են բացել նաև մարզերում:

«Կարող եմ ասել, որ 2021-ը թե հրատարակչության, թե վաճառքների գծով ռեկորդային տարի էր մեզ համար: 2020-ի դժվարի ժամանակահատվածից հետո անհավանական թվեր գրանցեցինք, որոնք ավելի բարձր էին, քան 2019 թվականի ցուցանիշները: Ինչը շատ ուրախացնում է»,-ասաց Լորիս Վարդանյանը:

2021 թվականի ընթացքում «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է 128 գիրք: Հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով, նախորդ տարի շեշտը դրվել է հայ հեղինակների ստեղծագործությունների վրա:

«Պետք է ասեմ, որ հայ հեղինակների ստեղծագործությունների վաճառքը բոլորովին չի զիջում արտասահմանցի հեղինակների գեղարվեստական գրքերի վաճառքին, ինչը շատ ուրախացնող է: Կարող եմ անուններ նշել, մասնավորապես, Հովիկ Աֆյան, Հուսիկ Արա, Արտավազդ Եղիազարյան: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նշեմ, որ «Անտարես» հրատարակչությունն Առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ խթանում է, որ հայ հեղինակները հրատարակվեն ու թարգմանվեն արտասահմանյան մի շարք երկրներում: 2022 թվականին սպասվում է, որ 22 գիրք է լույս տեսնելու» ,-ասաց Ռոզա Գրիգորյանը:

2020 թվականի անկումային շրջանից հետո, 2021 թվականը «Էդիթ Պրինտ»  հրատարակչության համար ևս հաջողված տարի էր: Հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը նշեց, որ վաճառքի ցուցանիշները ոչ միայն վերականգնվել են, մոտեցել են 2019-ի տվյալներին, այլև վերջիններից անցել են:

«Նախորդ տարի մենք 40 անուն նոր գիրք ենք հրատարակել, երեք նոր մատենաշար է ներկայացվել: Բեսթսելերի առումով ամենամեծ իրարանցումն առաջացրեց Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպի վերահրատարակումը՝ մեկ գրքով: Նորություններ սպասվում են 2022 թվականին: Դետեկտիվի սիրահարներին ասեմ, որ այս տարվա ընթացքում Ագաթա Քրիստիից  15-ից ավելի նոր գիրք են ունենալու: Անակնկալ է սպասվում նաև Ռեմարկի սիրահարներին»,-ասաց Դավիթ Սամվելյանը: