Հայերեն է թարգմանվել Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խայտառակ արարք» գիրքը

Թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամը «Խայտառակ արարք» աշխատանքում անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու թուրքերի պատասխանատվության հարցին: Պատմաբանը ծավալուն ուսումնասիրությունից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը  հրատարակել է  «Newmag»-ը, թարգմանվել է հայերեն: Այն ընթերցողին ներկայացվեց ապրիլի 21-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:

«Այս նյութերը և դրանց թարգմանությունը կարևոր են, քանի որ հայերի ցեղասպանության մասին յուրաքանչյուր նոր գիրք նոր փաստեր է վեր հանում, մեզ՝ հայերիս, և մեր բարեկամներին ողջ աշխարհում զինում է փաստերով և փաստարկներով՝ լռեցնելու այն ձայները, որոնք փորձում են մոռացության տալ Հայոց ցեղասպանության հարցը»,-նշեց գրքի թարգմանիչ Լիլիթ Թութխալյանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով՝ Աքչամը գիրքը գրել է՝ նպատակ ունենալով պայքարել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ, և նա օգտվել է հիմնականում օսմանյան փաստաթղթերից: «Աքչամը շատ բծախնդիր է եղել, պրպտել է բոլոր հասանելի նյութերը՝ մեջլիսի արձանագրությունները, ռազմական փաստաթղթերը, հուշագրությունները և այլն: Այսպիսով` գիրքը դարձել է հզոր զենք Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ»,-շեշտեց թուրքագետն ու հավելեց, որ գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում նկարագրվում է, թե ինչպես է դեռևս նախաերիտթուրքական շրջանից հասունացել Հայոց ցեղասպանության որոշումը, երկրորդ մասում ներկայացվում է բուն ցեղասպանությունը, փաստերով ապացուցվում, որ այն կազմակերպվել և իրականացվել է պետական մակարդակով, իսկ երրորդ մասում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից հետո հանցագործներին պատժելու համար արված փորձերը, նշվում, թե ինչու են այդ փորձերն անհաջողության մատնվել:

«Խայտառակ արարք» գրքում Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե ինչպես Թուրքիան  խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները:

Հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է՝ շատ երջանիկ է, որ հայերը կարող են գիրքն ընթերցել հայերեն և տեսնել, քննադատել այն աշխատանքը, որն ինքն է անում: Նա նշում է, որ իրեն հետաքրքիր է, թե ինչ արձագանքներ կլինեն: Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ Աքչամն ընդգծում է՝ գիտի, իսկ հայերն իրենից լավ գիտեն, որ հաղթահարել են բազմաթիվ արհավիրքներ, կհաղթահարեն այդ մեկը ևս, կպահպանեն հավատն իրենց հանդեպ:

Ըստ The New York Times Book Review-ի՝ «Խայտառակ արարք» գիրքը տպավորիչ աշխատանք է, որը  լույս է սփռում Օսմանյան կայսրության իրագործած՝ հայերի ցեղասպանության ու տեղահանության վրա:

Անժելա Համբարձումյան