«Հեղափոխություն». Երեւանում տեղի ունեցավ Էմանուել Մակրոնի գրքի շնորհանդեսը

January 29, 2020 News.am

Երեւանում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսը տեղի ունեցավ Ֆրանսիայի դեսպանատանը: «Քաղաքական գործչի գրքի թարգմանությունը բավականին հազվադեպ երեւույթ է: Նման ստեղծագործությունները, որպես կանոն, ներքին օգտագործման համար են: Բայց հայերեն հրատարակությունը շատ բան է ասում երկու երկրների հարաբերությունների մասին»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

Ինչպես նշեց դիվանագետը, ըստ ֆրանսիական ավանդույթի՝ գրքի հեղինակ լինելը քաղաքական գործչի լուրջ հեղինակության ցուցիչ է: Մակրոնի գիրքը նվիրված է իր նախընտրական գործունեությանը եւ արտացոլում է Ֆրանսիայի իրադարձությունները: «Ֆրանսիայում ընտրություններից սկսված հեղափոխությունը նշանավորում է Հայաստանի հետ եւս մեկ զուգահեռ»,- նշեց դեսպանը:  

Դիվանագետը հիշեցրեց, որ 2016 թվականին գրած Մակրոնի գրքի շնորհանդեսը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, որի շրջանակում նախատեսված է նաեւ գրքի հեղինակի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը: Գիրքը հրատարակել է Newmag ընկերությունը եւ արդեն վաճառվում է Երեւանի գրախանութներում: Ֆրանսիայում «Հեղափոխությունը» բեթսելեր է դարձել եւ հրատարակվել է ավելի քան 2 մլն տպաքանակով: Հայերեն թարգմանության հրատարակումն իրականացվել է Մշակույթի նախարարության եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի ֆինանսավորմամբ:

Թարգմանության հեղինակի՝ հեռուստահաղորդավար եւ հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը:

News.am