«Հրազդանը», «Զվարթնոցը», կինո «Մոսկվա»-ի ամառային դահլիճը պետք է փրկվեն

Մշակութային ու ճարտարապետական արժեքներ ներկայացնող այս կառույցներին էլ նվիրված էր Նկարիչների միության շենքում տեղակայված «Էպիգրաֆ» գրախանութի կազմակերպած «Հայ մոդեռնիզմ։ Ժամանակակից ընկալումը եւ պահպանման կարեւորությունը» միջոցառումը, որի շրջանակում անդրադարձ եղավ նշված շինությունների փառավոր անցյալին, խնդրահարույց ներկային եւ քանդման վտանգ ենթադրող ապագային։

Ներկայացվեցին նաեւ «TATLIN» հրատարակչության կողմից հրատարակված գրքերը, որ հեղինակել է պրոֆեսոր, ճարտարապետության եւ մոդեռնիզմի տեսաբան Կարեն Բալյանը: Վերջինս էլ միջոցառման գլխավոր բանախոսն էր։

Կարեն Բալյանի «Մարզադաշտ Հրազդան» գիրքը Հայաստանում ներկայացվում էր առաջին անգամ: Այն գրվել է 2019 թվականին եւ ամփոփում է մարզադաշտի կառուցման պատմությունը՝ անդրադառնալով նաեւ ներկա հիմնախնդիրներին ու շինությանը սպառնացող վտանգներին։ Հեղինակն ընդգծում է՝ մենք ունենք մարզադաշտ, որ կարող է ընդգրկվել համաշխարհային ճարտարապետական լավագույն կառույցների շարքում, սակայն ցանկանում ենք այն քանդել ու փոխարենը մի սովորական շինություն կառուցել՝ անարժեք ու անդեմ։ Շեշտում է՝ վտանգի առաջ հայտնված բոլոր այս կառույցները պահպանել, վերականգնել, իհարկե, հնարավոր է․

«Եթե հին, կիսաքանդ կամ ավերված եկեղեցիները մենք կարողանում ենք վերականգնել, ինչո՞ւ չենք կարող մեր ժամանակակից կառույցներն էլ վերականգնել։ Չէ՞ որ դրանք մեր խորհրդանիշերն են, մեզ դրանով են ճանաչելու։ Մեր այս բարձրահարկ շենքերը ոչ մեկին չեն հետաքրքրելու, որովհետեւ ուրիշ երկրներում շատ ավելի բարձր շենքեր կան, շատ ավելի լավ, ավելի հմուտ, ավելի գեղեցիկ ու զարմացնող։ Սա մի տխուր, շատ մտահոգիչ երեւույթ է, որ մենք՝ ինքներս, չենք գնահատում մեր ունեցածը»,- նկատում է հեղինակը։

«Էպիգրաֆ»-ի հյուրերին ներկայացվեց նաեւ Կարեն Բալյանի վերջերս լույս տեսած գիրքը՝«Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգեւած ճարտարապետը» մենագրությունը։ Այն նվիրված է հայկական մոդեռնիզմի կարեւոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյանի (1924-1996) ստեղծագործությանը։ Գրքում մանրամասն ներկայացված են ճարտարապետի հեղինակած բազմաթիվ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ֆենիքս Դարբինյանի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ ներկայացվել են առաջին անգամ։

«Պարոն Բալյանի հետ մենք հեռակա կարգով ենք աշխատել մոտ վեց ամիս։ Շատ արդյունավետ, սահուն, հանգիստ աշխատանք եղավ։ Այս գրքով մենք խոսում ենք այն կառույցների մասին, որոնց մի մասն արդեն գրեթե չկան կամ այնքան են աղավաղվել, որ անճանաչելի են դարձել։ Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա եւ գալիք սերունդները առիթ կունենան մի սեղմ գրքով այդ ամբողջ պատմությունն ուսումնասիրելու, գոնե նկարներով առնչվելու, տեսնելու, ճանաչելու։ Այնուամենայնիվ, երևի, քաղաքները դատապարտված են նման փոփոխությունների, եւ մենք ստիպված ենք դրա հետ հաշվի նստել»,- նշեց գիրքը հրատարակած «Նյումեգ» հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանը։

Հանդիպումն ավարտվեց հույսով ու լավատեսական տրամադրությամբ, որ շուտով կարվեն առաջին քայլերը՝ երեւանյան լավագույն ճարտարապետական շինությունները վերականգնելու ուղղությամբ:

«Կասկած չունեմ, որ այս կառույցներն ի վերջո պահպանվելու են ու նոր շունչ ստանալու։ Մենք՝ երեւանցիներս, պարտավորություն ունենք մեր եւ բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք Երեւանն իրենց մայրաքաղաքն են համարում՝ թեկուզ ապրելով Հայաստանից դուրս։ Այդպես էր մտածված Երեւանը, եւ այդպիսին նա եղավ։ Մենք իրավունք չունենք ո՛չ փչացնել, ո՛չ ոչնչացնել։ Բոլորս պարտավոր ենք պահպանել, քանի որ սա մեր վերաբերմունքն է ոչ միայն անցյալի, այլեւ հենց ապագայի նկատմամբ»,- ընդգծեց Կարեն Բալյանը։

Հեղինակի բոլոր գրքերը, ինչպես նաեւ ճարտարապետությանն ու մոդեռնիզմին նվիրված այլ աշխատություններ այսուհետ կարող եք գտնել «Էպիգրաֆ» գրախանութների ցանցում։

Աստղիկ Իսկանդարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի