Ինքնակենսագրություն և հուշագրություն. հայերեն է հրատարակվել Հրանտ Դինքին նվիրված «Ակոս» գիրքը

January 20, 2021 Armenpress

Ֆրանսիացի արձակագիր, լրագրող Վալերի Մանտոյի՝ ֆրանսիական ամենաբարձր գրական պարգևներից մեկին՝ «Ռընոդո» մրցանակին արժանացած ստեղծագործությունը հայ ընթերցողներին ներկայացվեց Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ հունվարի 19-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Ներկա էր նաև հեղինակը:

 

«Գիրքը նվիրված է Հրանտ Դինքին, որը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում:  Գրքի հայերեն հրատարակությունը մեզ համար Դինքին հարգանքի տուրք մատուցելու ձև է, բացի այդ՝ այն խորհրդանշական է նրանով, որ նվիրված է խոսքի ազատությանը: «Ակոս»-ում մենք հանդիպում ենք թուրք մտավորականների, որոնք մեծ խնդիրներ են ունեցել իրենց իշխանությունների հետ ու շարունակում են ունենալ մինչ օրս»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:

 

Նա տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 18:00-ին ՀԲԸՄ-ում, հունվարի 21-ին Վալերի Մանտոն այն կներկայացնի Գյումրիում, իսկ հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Սերժ Ավետիքյանի  «Վերադարձ Սոլոզ»  վավերագրական ֆիլմի նախադիտումը:

Լաքոթը շնորհակալություն հայտնեց վեպի հրատարակման բոլոր աջակիցներին և ընդգծեց, որ, «Ակոսը» հայերեն թարգմանելով, ցանկանում են նպաստել Հայաստանում ֆրանսիական գրականության զարգացմանը:

«Ակոս» գրքի գլխավոր հերոսուհին սիրահարված է Ստամբուլին ու քաղաքի բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու  հանրային մթնոլորտը՝ համատարած  սարսափը, ատելությունն ու կասկածը: Կատարվող իրադարձությունները թուրք ընկերների հետ քննարկելիս գլխավոր հերոսուհին լսում է Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին: Այդ օրվանից հետո պատմությունը նրան հանգիստ չի տալիս:

Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Դինքի կյանքը: Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քյաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց  հայացքների համար տառապում են 150 լրագրող: Նա հետևում է Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»: Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում  Աթաթուրքի անվան օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես:

Միջոցառմանը Վալերի Մանտոն խոստովանեց, որ գիրքը գրելու մտահղացումն առաջացել է Դինքի ուղերձը հասանելի դարձնելու նպատակով: «Թուրքիայում գիրքը մինչ օրս չի թարգմանվել, սակայն այն կա: Ուրախ եմ, որ «Ակոսը» թարգմանվել է հայերեն: Դա ինձ հնարավորություն տվեց գալ Հայաստան»,- նշեց Մանտոն:

Նա շեշտեց, որ գրքով ցանկանում է համեստորեն անել այն, ինչը ժամանակին արել է Հրանտ Դինքը՝ պատմել բոլոր մարդկանց մասին, որոնք շարունակում են իրենց պայքարը այսօրվա Թուրքիայում:

Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ասաց. «Մինչև  պատերազմը «Ակոս» գիրքը հետաքրքիր էր որպես ֆրանսիական հայացք Հրանտ Դինքին, իսկ հիմա հետաքրքիր է որպես ֆրանսիական հայաց թուրք հասարակությանը: Մեր հրատարակչությունը «Ակոս» վեպը ներկայացնում է նախ և առաջ որպես ֆրանսիական ժամանակակաից ու շատ լավ ստեղծագործություն, որը մի քանի ժանրերի խաչմերուկում է: Այն և՛ ինքնակենսագրական է, և՛ սիրավեպ, և՛ հետազոտություն: Այս ժանրային միքսը դոկումենտալիզմ է հաղորդում պատումին՝ այն դարձնելով հուզական և համոզիչ»:

 Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թվականներին աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերը բացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։ 

Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացավ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքի հրատարակած պարբերականի: