Լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը

March 19, 2022 168.am

Newmag-ը հրատարակել է վաղամեռիկ լրագրող, քաղաքագետ, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Քաղաքագետի տարբեր տարիներին գրված և հրապարակված քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները մեկ ժողովածուով հրատարակվել են Հայրապետյանի կնոջ՝ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ:

«Գիրքն ունի 4 բաժին: Առաջինում զետեղված են անկախության պահպանմանը, պետականության կառուցմանը և հայկական պետության հետագա զարգացմանը վերաբերող ռազմավարական տեսակետներն ու խնդիրները: Երկրորդում տեղ են գտել հեղափոխության, դրա հնարավոր անցանկալի հետևանքների և այլընտրանքային ուղիների մասին մտորումները: Հաջորդ գլխի առանցքը քաղաքագիտությունն է՝ որպես գիտակարգ և ազգակազմավորման գործոն: Իսկ վերջին բաժնում շոշափվում է գործող աշխարհաքաղաքականության շարժիչ ուժի գիտակցության խնդիրը, դրա առաջնային դերը ցանկացած հասարակության, պետության, գաղափարախոսության ձևավորման գործում»,- նշեց Նազենի Ղարիբյանը:

                                                         

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ Տիգրան Հայրապետյանի հետ շփվել է 1990-ական թվականներին: «Ինձ համար շատ կարևոր էր մեկ հանգամանք. Անկախ Հայաստանի առաջին տասնամյակում ստեղծագործող մի սերունդ էր, որը որևէ ձևով պետք է տարբերվեր սովետական քաղաքագիտական մտքից կամ ինտելիգենցիայից: Տիգրան Հայրապետյանն ինտելեկտուալ էր: Կարծում եմ՝ 30 տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքագիտական մտքի ինչ-որ մի շերտ ապահովել, և այսօր, այս գրքի հրատարակմամբ  պետք է որ էստաֆետ փոխանցենք, որ 30 տարի անց էլ հնարավոր լինի հրատարակել քաղաքագիտական մտքի փայլուն նմուշներ, որպեսզի նոր սերունդը կարողանա ձևակերպել իր քաղաքագիտական միտքը, որը կհակասի նախորդներին կամ զուգահեռ կլինի: Պարզապես դրա համար պետք է ունենալ մտահորիզոն և տեսակետ, ինչն ուներ Տիգրան Հայրապետյանը»,- ելույթի ժամանակ ասաց Գնել Նալբանդյանը:

Ճակատագրական օրը՝ մարտի 9-ին, Տիգրան Հայրապետյանի կողքին գտնվող նրա ընկերներից Սամվել Մելքոնյանն էլ նշեց. «Մեր ընկերությունն ընդամենը 5 տարվա տևողություն ունեցավ: Նա մեր տան դիմաց մի օֆիս էր վարձել, ու, այսպես ասենք, որպես հարևաններ՝ իրար հետ շփվում էինք: Շատ լրագրողներ, գործիչներ էին գալիս այդ օֆիս, քննարկումներ էին գնում: Շատ անգամ այդ օֆիսում եղել է նաև Նիկոլ Փաշինյանը ու, երբ նրան համալսարանից հեռացրեցին՝ Տիգրանը, ոնց որ ասած՝ վերցրեց այդ շեֆությունը, որ Նիկոլ Փաշինյանին պետք է «դաստիարակի» այն ոգով, ինչ իրեն պետք էր»:

Հավելենք, որ Տիգրան Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

                                                          

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։