Մահացել է Վարդան Գրեգորյանը՝ հայկական սփյուռքի լեգենդներից մեկը

Վարդան Գրեգորյանը ծնվել էր 1934 թվականին Թավրիզում եւ երիտասարդ տարիքում գաղթելով ԱՄՆ՝ հաղթահարել էր բազմաթիվ դժվարություններ եւ փայլուն կարիերա կառուցել։ 1981-1989թթ․ նա Նյու Յորքի Հանրային գրադարանի նախագահն էր, 1997 թվականին գլխավորել էր Բրաունի համալսարանը։

2015 թվականին Վարդան Գրեգորյանը Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի հետ հիմնադրել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։

Ս․թ․ մարտի 2-ին Երեւանում կայացել էր Վարդան Գրեգորյանի՝ «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի հայերեն թրգմանության շնորհանդեսը։

Գրքի էջերում դուք կհանդիպեք մարդկանց, որոնք, թվում է, վաղուց պետք է մահացած լինեին։ Օրինակ, Գրեգորյանը հանդիպում է Լեւոն Շանթին, այնուհետեւ Բեյրութում նրա ուսուցիչը եւ մենթորը դառնում է Սիմոն Վրացյանը՝ Առաջին հրանրապետության չորրորդ վարչապետը։

2014 թվականի հոկտեմբերին Վարդան Գրեգորյանը դասախոսություն էր կարդացել Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ ասել էր․

«Հայաստանն ու հայկական սփյուռքը մեկ օրգանիզմ է՝ երկու թոքերով: Եթե մի թոքը փակվում է, մյուսն ավելի շատ պետք է աշխատի, մինչ մյուսն առողջանա»:

«Նրանք, ովքեր անուշադրության են մատնում կրթությունը, գիտահետազոտական հաստատությունները, բուհերը, դավաճանում են երկիրը: Ցավալի է տեսնել, որ մեր գիտնականները լավ չեն վարձատրվում: Մեր ազգը բավական հարուստ է ՝ մեզ նման բան թույլ չտալու համար: Մենք պետք է պարծենանք, որ Մեսրոպ Մաշտոցի, անկախության համար զոհվածների արժանի հետնորդներն ենք», - ասել էր նա։

Վարդան Գրեգորյանն այդ ելույթում խոսել էր նաեւ ազնվության մասին․

«Տատիկս ասում էր՝ ունեցածդ ամեն ինչ սակարկելի է. արտաքինդ կասկածելի է, խելքդ կասկածելի է, բայց թույլ չտաս, որ երբեւէ ինչ-որ մեկը կասկածի տակ դնի քո ազնվությունը: Եթե ազնվությունից զրկվես, կզրկվես ամեն ինչից, սնանկ կլինես: Հնարավոր է՝ լինես հարուստ, բայց ոչինչ չունենաս»: