Մարկ Մենսոն. Ինչպես լուծել COVID–19-ի ժամանակ գլխին լցված խնդիրները

 «Թքել ենք բոլորս» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքերի հեղինակը Մարկ Մենսոնը խոսում է կուտակված խնդիրները լուծելու մասին։

 «Սատանան գիտի՝ ո՛ր սև քարի տակից ծլած» խնդիրները ուղեղդ ծանրաբեռնո՞ւմ են: Գիշերը քուն չունես, առավոտյան էլ չգիտես՝ ո՞ր կողմ վազել: Մտածում ես՝ «վերջ, թքինք»: Բայց ով չունի խնդիր, ինչ է, մտածում ես այս մոլորակի վրա մենակ դու ես և «աշխարհի տակի գործը» քոնն է: Յուրքանչյուր ոք ունի խնդիր և իր համար, թեկուզ, այսպես ասած, լուի չափ եղող խնդիրը, պետք չէ սարքել փիղ: 

Հաճախ խնդիրները պետք է բաժանել մասերի, որ փոքր երևան և քիչ-քիչ փորձել լուծել:

Արի հասկանանք նաև այն մարդկանց, որ ասում են թքած ունեմ, լավ, ինչպե՞ս թքած ունենալ սեփական կյանքի վրա: Պարզաբանենք՝ թքած ունենալ չի նշանակում նստել ու ոչինչ չանել, այլ բոլոր խնդիրների ու վտանգների աչքերին նայել ու գործել: 

Հա, ու մեկ էլ, հասկանանք մի բան. խնդիրները երբեք չեն պակասում, դրանք պարզապես փոխարինում են իրար կամ նոր որակ են ձեռք բերում: Օրինակ, երբ դպրոցական ես, մտածում ես, թե ինչ մեծ խնդիր է տնային առաջադրանքները կատարելը, երևի դեռ պատկերացնում չունես համալսարանի պետական քննությունների մասին: Դե, երևի, աշխատանքի վայրի և հետագայում արդեն ընտանիք կազմելուց հետո խնդիրների չափի ու քանակի մասին չխոսենք: Դրանից հետո էլ արի թոշակդ հավաքի, որ թոռներդ են գալու: 

Այսօր մենք կանգնած ենք հոգեբանական համաճարակի առջև, որտեղ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ երբեմն լիովին նորմալ է «ցեխն ընկնելը»: 

 ​Կյանքը, երբեմն, կարող է անակնկալներ մատուցել, պետք է պարզապես պատրաստ լինել դրան: Միշտ չէ որ դրականն է քեզ շրջապատելու: Ամերիկացի գրող, բլոգեր և գործարար Մարկ Մենսոնը մի լավ միտք ունի. «Թող գրողի ծոցը գնա դրականը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»:

 ​Մարկ Մենսոնն իրեն բնորոշ ոճով ու հումորի շնորհիվ օգնում է գտնել ճիշտ ուղին և դրդում ավելի անկեղծ լինել ինքներս մեզ հետ ու չկորցնել աշխարհի հետ կապը: Եթե խճճվել եք, հույսներդ կորցրել, իսկ Ձեզ խորհուրդ է պետք, Մարկ Մենսոնը կօգնի: 

 ​Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է աշխարհը, ինչպես Թքած ունենալ, կամ հույսը չկորցնել: Մենսոնի գործերը բեսթսելլերներ են: Օրինակ իր «Թքել ենք բոլորս» գիրքը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ: Իսկ գիտե՞ք հեշտ է խորհուրդ տալը, այն էլ «առեղծվածային» կյանքի մասին:

 ​«Թքել ենք բոլորս» գրքում Մենսոնը բացահայտում է մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Մենսոնի գրքում հոգեբանական հետազոտություններ են, ասես կողմնացույց ամեն րոպե փոփոխվող աշխարհում ճիշտ ճանապարհը գտնելու համար: 

 ​Հույսը կորցրած հարևանին, նպատակները կորցրած պատանուն ու կյանքի եռանդը կորցրած ծերունու համար Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը ուղեցույց է: Հեղինակը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչպես հաղթահարել դեպրեսիան:

 ​Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժբախտություններ էլ, իսկ հաճույքը երջանկության ոչ թե պատճառն է, այլ արդյունքը: Եթե դու մնացած ամեն ինչը ճիշտ անես, ապա հաճույք ինքնաբերաբար կստանաս:

aravot.am