«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունն» արդեն կա նաեւ հայերեն

January 29, 2020 Mediamax

Երեկ երեկոյան «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթում 6:1 հաշվով հաղթեց «Սեւիլիային» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Վերջին ու գեղեցիկ գոլի հեղինակն էլ Լեո Մեսսին էր:

Իսկ մինչ այդ Երեւանում հավաքվել էին արգենտինացի ֆուտբոլիստի երկրպագուները, նրա տաղանդի սիրահարներն ու սպորտային մասնագետները, որպեսզի ներկա լինեն Լուկա Կայոլիի «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» հայերեն գրքի շնորհանդեսին:

Այն ներկայացնում է մեր օրերի լավագույն ֆուտբոլիստներից մեկի կայացման ուղին, դժվարություններին դիմակայելու Մեսսիի եղանակը, չհանձնվելու ու երազանքի հետեւից գնալու վճռականությունը:

Լուկա Կայոլին բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել նրա ընտանիքի անդամների, հարազատների ու անգամ քչախոս Լիոնելի հետ, որպեսզի ընթերցողն ամենահավաստի տեղեկությունները ստանա ֆուտբոլիստի մասին:

Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, նա նաեւ 5 ամիս առաջ հրապարակված «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի թարգմանիչն էր, իսկ այն խմբագրել է Գնել Նալբանդյանը:

«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը բոլոր գրախանութներում հասանելի կլինի փետրվարի 1-ից ու կարժենա 5800 դրամ:

Այս տարի նախատեսվում է եւս 2 սպորտային գրքի թարգմանություն Նեյմարի ու Յուրի Ջորկաեֆի մասին:

 
SPORT.MEDIAMAX.AM