Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը՝ արդեն հայերեն (տեսանյութ, լուսանկար)

December 10, 2021 Hraparak

Այսօր Holiday Inn հյուրանոցի «Տուշպա» սրահում տեղի ունեցավ  20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը։ Գիրքն առաջին անգամ է թարգմանվել հայերեն։ Գրքի գիտական խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է, թարգմանիչը՝ Լիանա Զաքարյանը, խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը: Իսկ նախաձեռնությունն ու հրատարակումը Newmag-ինն է, որն արդեն հարուստ փորձ ունի համաշխարհային գրականության հայերեն թարգմանության և հրատարակման։  Գրքի հրատարակության գործում օժանդակել է «Արդշինբանկը», որի առաջին համագործակցությունը չէ Newmag-ի հետ։ 

Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով, թարգմանվել է 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը: Այս աշխատությունը հսկայական ազդեցություն է թողել նաև Հայաստանի Հանրապետության ձևավորման վրա: 

Միջոցառմանը ներկա էին «Արդշինբանկի» վարչության նախագահ Արտակ Անանյանը, վարչության անդամ և ֆիանանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի կառավարությունում ֆինանսների նախարար է եղել, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սարգսյանը, տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը, Ատոմ Մարդգարյանը և այլք։ Գործող կառավարությունից ևս հյուր կար՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, որին, պարզվեց, Newmag-ը չէր հրավիրել, այլ «Արդշինբանկը»։

                                                           

Խաչատուրյանը ևս որոշեց ելույթ ունենալ և իր խոսքն անպայման ասել՝ խնդրելով իրեն այստեղ դիտարկել որպես տնտեսագետ, ոչ՝ որպես նախարար։ Նա ասաց, որ կարելի էր երազել, որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում այսպիսի գիրք պիտի տպագրվի։

Ապա խոսեց նրանից, որ այս գրքում մարդկային, տնտեսագիտական, հասարակական հարաբերությունների ճշմարտություններ կան, որոնք ներկայացվել են մարդկությանը։

«Մենք չենք ուզում դա ընդունել, որովհետև մեզ ձեռնտու չէ։ Մենք չենք ուզում ընդունել, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեր հոգսերը հոգալ։ Մենք չենք կարող ընդունել, որ պետության մասնակցությունը քիչ պետք է լինի, մենք անընդհատ ուզում ենք տեսնել պետություն, որ մեր հարցերը լուծի»,-ասաց Խաչատուրյանը։

Դավիթ Սարգսյանն էլ իր խոսքն սկսեց՝ մեջբերելով գրքից որոշ հատվածներ․ «Հաց գնողը չգիտի, թե ով է աճեցրել հացահատիկը, կոմունիս՞տը, թե՞ հանրապետականը, սահմանադրակա՞նը, թե՞ ֆաշիստը, սևամո՞րթը, թե՞ սպիտակամորթը։ Սա ցույց է տալիս, որ շուկան անաչառ է, այն տնտեսական գործունեությունը հստակ տարանջատում է քաղաքական հայացքներից»։

                                                            

Դավիթ Սարգսյանի խոսքով՝ այսօր շատ ենք լսում լրագրողների, հասարակական գործիչների, տարբեր մարդկանց կողմից ավելի ու ավելի հաճախակի, կես՝ զարմանքով, կես՝ հիացմունքով տրված հարցը, թե այդ ի՞նչ համակարգ է դրված մեր տնտեսության հիմքում, որ չնայած՝ բոլոր արհավիրքներին, այն ոչ միայն չի փլուզվել, այլ նույնիսկ աճ է գրանցել։ Ապա հիշեցրեց, որ այս դահլիճում այսօր ներկա են մարդիկ, որոնք վերջին 30 տարիների ըթնացքւոմ կերտել են այդ տնտեսական համակարգը մեր երկրում։

Ի դեպ, մեզ ասացին, որ թարգմանության մեջ կարևոր է, որ մասնագիտական տերմինները ճիշտ տեղում գործածվեն, որպեսզի միտքը ճիշտ հասկացվի։ Թարգմանիչ Լիանա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցում խորհրդակցել է տնտեսագետների հետ, և որոշ տերմիններ ինքը ոչ թե փոխել է, այլ փորձել է ավելի մատչելի ներկայացնել, որպեսզի սովորական ընթերցողի համար ավելի հասկանալի լինի։

«Գիրքը նաև նայել են այլ մասնագետներ, որոնք տնտեսագետներ են՝ սկզբից մինչև վերջ, այսինքն՝ գրքի վերջնական արդյունքի համար պատասխանատու եմ ոչ միայն ես, այլև՝ իրենք»,-ասաց Լիանա Զաքարյանը։