Մրցանակներ Լեւոն Նեսին, Նարինե Գիժլարյանին, Սյունե Սեւադային եւ հրատարակիչներին

February 22, 2022 Aravot

«Նախագիծն արդեն մեկ տասնամյակ հայ ընթերցողներին է ներկայացնում ամենապահանջված գրքերը»,- ասաց «Արմենպրես» գործակալության տնօրենի պաշտոնակատար Նարինե Նազարյանը` նշելով, «Երևանյան բեսթսելեր» նախագիծը յուրօրինակ կապող օղակ է հայ ստեղծագործողի, հայ հրատարակչի եւ ընթերցողի միջեւ: Նախագծի հիմնադրման գործում ունեցած անգնահատելի ավանդի եւ գրքի հանդեպ սիրո ամրապնդման համար «Անսպառ ստեղծարար» հատուկ մրցանակ շնորհվեց Արամ Անանյանին: «Շատ հուզիչ եւ գեղեցիկ պահ է ինձ համար, որովհետեւ ես եկել էի մրցանակ փոխանցելու: Այժմ ավիացիոն ոլորտում եմ, բայց դա չի խանգարում շարունակել լինել գրքի բարեկամը»,-ասաց Արամ Անանյանը:

Լեւոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակը շնորհվեց երիտասարդ ստեղծագործող Լեւոն Նեսին: «Ես երբեք չէի ակնկալում, որ կդառնամ վաճառվող հեղինակ»,-ասաց երիտասարդ գրողը:
Ամենապահանջված թարգմանությունների համար մրցանակ շնորհվեց թարգմանիչ Նարինե Գիժլարյանին` Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների համար: «Սիրում եմ գիրքը, գրքի հետ կապված ամեն ինչ, ուրախ եմ, որ մի մասն եմ այս ամենի»,-ասաց Նարինե Գիժլարյանը:

Տարվա ամենապահանջված թարգմանությունների համար մրցանակ շնորհվեց «Նյումեգ» հրատարակչությանը: «Նյումեգը շատ գնահատում է «Արմենպրեսի» այս նախաձեռնությունը եւ հետեւում: Ինձ թվում է, որ ցանկացած հրատարակչություն պետք է հետեւի այս նախաձեռնությանը, քանի որ հենց իրենց շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչն է հետաքրքրում մեր ընթերցողներին»,-ասաց «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը: Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ ճանաչվեց «Զանգակ» հրատարակչությունը` ամենապահանջված մանկապատանեկան գրականության լույսընծայման, «Հարի Փոթերը» շարքի Երեւանյան բեսթսելեր հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«Ցանկացած գրողի համար, իհարկե, հաճելի է լինել առաջինը, եւ այս նախագիծն էլ շատ մոտիվացնում է ոչ միայն գրողներին, այլեւ ընթերցողներին»,-ասաց երիտասարդ գրող Սյունե Սեւադան: «Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց Սյունե Սեւադային «Կախվածություն» գրքի Երեւանյան բեսթսելեր հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար: «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության մեջ անգնահատելի է այն հրատարակչությունների կատարած աշխատանքը, որոնք մայր հայրենիքում տպագրված աշխատանքները դարձնում են նաեւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների սեփականությունը: Այդպիսի լուրջ աշխատանք է կատարում «Անտարես» հրատարակչությունը»,-ասաց Նարինե Նազարյանը: «Անտարեսին» հանձնվեց հատուկ մրցանակ` «Հայ հեղինակի կողքին»: Այն շնորհվեց հայ հեղինակների գործերի լույսընծայման եւ թարգմանության գործում ներդրած անգնահատելի ջանքերի համար: «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը շնորհվեց «Սփյուռքի կողքին» մրցանակը: «Բուկինիստին» եւս մրցանակ շնորհվեց` Ռոբին Շարմայի գրքերի Երեւանյան բեսթսելեր հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար: